ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ՀԲ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ 1945-1946 ԹԹ.

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, երբ Գերմանիայի եւ նրա դաշնակիցների պարտությունն ակնհայտ էր, հայ մտավորականությունը Սփյուռքում եւ Հայաստանում բարձրացրեց Արեւմտյան Հայաստանը եւ Կարսի մարզը Խորհրդային Հայաստանին միացնելու հարցը՝ սփյուռքահայությանն իր հայրենիքում հաստատելու համար: Երեւանում այդ խնդիրն արծարծեցին հայ գրողներ Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Նաիրի Զարյանը եւ ուրիշներ:
Հայկական հողերի հարցի լուծումը մտահոգում էր նաեւ Հայ Առաքելական եկեղեցուն եւ Խորհրդային Հայաստանի ղեկավարությանը: Այսպես, Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Զ Չորեքչյանը 1945թ. նոյեմբերի 27-ին դիմեց ԽՍՀՄ, ԱՄՆ եւ Անգլիայի ղեկավարներին՝ հայկական տարածքներն իրենց տերերին վերադարձնելու եւ Խորհրդային Հայաստանին միացնելու համար: Իսկ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Գր. Հարությունյանը 1946թ. փետրվարի 1-ի նախընտրական ճառում ՀԽՍՀ անունից դրեց Թուրքիայի կողմից զավթված հայկական մարզերի վերադարձման հարցը: Խորհրդային Հայաստանի ղեկավարները հայկական տարածքները վերադարձնելու անհրաժեշտության մասին հիմնավորումները նաեւ գրավոր ներկայացրին ԽՍՀՄ ղեկավարությանը:
Սփյուռքահայ մի շարք կազմակերպություններ հայկական տարածքների հարցը լուծելու կապակցությամբ հուշագրեր ներկայացրին 1945թ. ապրիլի 25-ից հունիսի 26-ը Սան Ֆրանցիսկոյում գումարված Միավորված ազգերի կոնֆերանսին:
ԽՍՀՄ-ը որոշակիորեն սատարեց հայերի ձգտումներին` ելակետ ունենալով այն հանգամանքը, որ պատերազմի ժամանակ Թուրքիան ԽՍՀՄ նկատմամբ որդեգրել էր թշնամական դիրքորոշում եւ նպատակ էր ունեցել հարմար պահի հարձակվել ԽՍՀՄ-ի վրա: Նույնիսկ խորհրդային բանակը անհրաժեշտ պատրաստվածության բերվեց հնարավորության դեպքում Արեւմտյան Հայաստանն ազատագրելու համար:
ԽՍՀՄ-ը հայկական տարածքների հարցը միջազգային ասպարեզում առաջին անգամ արծարծեց 1945թ. հուլիսի 17-ին Բեռլինի արվարձան Պոտսդամում բացված մեծ տերությունների ղեկավարների հերթական կոնֆերանսում: Անգլիայի ԱԳ նախարարը հայտնեց թուրքական կառավարության տագնապը Թուրքիայի արեւելյան հողերը ԽՍՀՄ-ին վերադարձնելու մասին Մոսկվայի ձգտման առիթով: Բուն կոնֆերանսում եւս արծարծվեց հայկական տարածքների հարցը: ԽՍՀՄ ներկայացուցիչները` ԱԳ ժողկոմ Մոլոտովը եւ Ստալինը առաջ էին քաշում 1921թ. Թուրքիայի կողմից Հայաստանից եւ Վրաստանից խլված Կարսի, Արդվինի եւ Արդահանի շրջանները վերադարձնելու անհրաժեշտությունը, սակայն Անգլիան կտրականապես դեմ էր դրան: Իսկ ԱՄՆ նախագահ Հարրի Տրումենը, հարցն արտաքուստ համարելով ԽՍՀՄ եւ Թուրքիայի գործը, իրականում բռնել էր Թուրքիային հովանավորելու ուղի: Հենց նրա պահանջով էլ հարցը հանվեց օրակարգից: Այդքանով սահմանափակվեց կոնֆերանսում հայկական տարածքների հարցի քննարկումը:
Մի քանի տարի անց Ու. Չերչիլը հայտարարեց, որ հայկական տարածքների պահանջը ոտնձգություն է Թուրքիայի ամբողջականության դեմ: Իսկ ԱՄՆ նախագահ Տրումենը նշեց, թե Թուրքիայի արեւելյան սահմանները ԱՄՆ սահմաններն են: Այսպիսով, Թուրքիան հակախորհրդային պատնեշ դարձնելու նպատակով, անգլո-ամերիկյան կառավարողները ոտնահարում էին հայության արդարացի ձգտումները:
Հայկական տարածքների, ավելի ճիշտ Կարսի եւ Արդահանի հարցը ԽՍՀՄ կողմից հերթական անգամ բարձրացվեց 1945թ. սեպտեմբերին Լոնդոնում կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների ԱԳ նախարարների խորհրդակցության ժամանակ, սակայն խորհրդակցությունն ավարտվեց անարդյունք, որովհետեւ Արեւմուտքը որոշակիորեն որդեգրել էր Թուրքիային պաշտպանելու քաղաքական գիծ:
Հետագայում ԽՍՀՄ-ը եւս նահանջեց իր դիրքերից: 1953թ. մայիսի 30-ին ԽՍՀՄ կառավարությունը հայտարարեց, որ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու եւ խաղաղությունն ու անվտանգությունը ամրապնդելու համար Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները հրաժարվում են Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից:
Ելնելով պատերազմից հետո հայության նկատմամբ ԽՍՀՄ ղեկավարության որոշակի բարյացակամ վերաբերմունքից` բարձրացվեց նաեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու հարցը: ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Գր. Հարությունյանը 1945թ. եւ 1947թ. երկու անգամ դիմեց Ստալինին` նշելով, որ Լեռնային Ղարաբաղի 153.000 բնակչությունից 137.000-ը հայեր են, որ նրա տնտեսությունը համանման է Հայաստանի տնտեսությանը, որ կարելի էր փոխադարձ կերպով որակյալ կադրեր պատրաստել եւ դրանով իսկ զարկ տալ Հայաստանի եւ Ղարաբաղի զարգացմանը: Նա առաջարկում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանել եւ որպես Ղարաբաղի մարզ մտցնել Հայաստանի կազմի մեջ: Դրական լուծման հասնելու համար Գր. Հարությունյանը ներկայացրեց բոլոր փաստարկները, այդ թվում Ղարաբաղի ժողովրդի ցանկությունը: Սակայն հարցն այդպես էլ չլուծվեց:
Այս անգամ եւս հայկական հողերի հարցը մնաց չլուծված, քանի որ ոչ մի պետություն ցանկություն չուներ հայ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets