ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ս. Մովսես Գ Տա­թեւացի (1629 - 1632)

ՄՈՎՍԵՍ Գ ՏԱԹԵՎԱՑԻ 
(Մովսես Սյունեցի, Աճանանցի, Խոտանանցի) (1629–1632) 
Ամենայն Հայոց կաթողիկոս 1629–ից: Հաջորդել է Դավիթ Դ Վաղարշապատցուն: 

Ծնվել է 1578–ին Սյունիքի Խոտանան գյուղում, մահացել 1632–ին Երևանում: Ամփոփվել է Երևանի Կոզեռնի գերեզմանոցում: 
Ուսումնառությունն ստացել է Տաթևի վանքում: 1592–ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Այնուհետև մեկնել Ամիդ, որտեղ աշակերտել է Սրապիոն վարդապետ Եդեսացուն: 1610–ին տեղափոխվել է Երուսաղեմ և դարձել Ս. Հակոբյանց վանքի միաբան, եղել Ս. Հարություն տաճարի լուսարար, տարբեր վայրերում նվիրակ` «վասն Երուսաղէմի»: 1612–ին Գրիգոր Կեսարացուց ստացել է վարդապետական
գավազան: 
1613–ին վերադարձել է Սյունիք և մտել նորահիմն Սյունյաց Մեծ անապատը: Լայն գործունեություն է ծավալել դպրոցաշինության և եկեղեցաշինության բնագավառներում: Արևելյան Հայաստանի տարբեր գավառներում հիմնել է բազմաթիվ դպրոցներ, զբաղվել նրանց բարեկարգման հարցերով: 1620–ից քարոզել է Երևանի Ս. Կաթողիկե եկեղեցում, վերաշինել տեղի Ս.Անանիա առաքյալի անապատը, կարգավորել Այրարատի եկեղեցիներն ու վանքերը, վերաբացել Հովհաննավանքի և Սաղմոսավանքի դպրոցները: Պատրաստել է բազմաթիվ աշակերտներ, նրանց ուղարկել տեղերում դպրոցներ բացելու, տարածելու հայ գիրն ու դպրությունը: 1623–ի ապրիլի 7–ին ձեռամբ Մելքիսեդեկ Գառնեցի աթոռակից կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս: 
1626–ին Պարսկաստան տարագրված հայերի հրավերով այցելել է Նոր Ջուղա, իր քարոզներով հորդորել տարագիր հայությանը և ամրապնդել նրանց ազգային ոգին ու հավատը: 1627–ի հունվարին պարսից շահ Աբաս l–ը նրան շնորհել է Ս.Էջմիածնի վանքը նորոգելու հրովարտակ: Վերադառնալով Հայաստան` 1627–ի հունիսին նշանակվել է Ս. էջմիածնի վանքի լուսարար: Իրականացրել է եկեղեցաշինական լայնածավալ աշխատանքներ. Երևանում` Ս. Անանիա առաքյալի անապատում կառուցել է Ս. Զորավոր եկեղեցին, աղբակույտերից մաքրել և դրսից ու ներսից հիմնավորապես վերանորոգել Ս. Էջմածնի Մայր Տաճարը, նորոգել գմբեթը և կառուցել օժանդակ շինություններ, կանգնեցրել շրջապարիսպ: Էջմիածնում հիմնադրել է դպրոց: 
Ամենայն Հայոց կաթողիկոս Դավիթ Դ Վաղարշապատցու հրաժարականից հետո վարել է կաթողիկոսարանի գործերը: Թեև 1628–ի սկզբից հիշատակվել է որպես «ընտրեալ կաթողիկոս», սակայն պաշտոնապես օծվել է 1629–ի հունվարի 13–ին: Նույն թվականին պարսից Սեֆի շահից ստացել է իր կաթողիկոսության հաստատման և Ս. Էջմիածնի վանքի պարտքերի զիջման հրովարտակներ: Աշակերտների և հետևորդների (Փիլիպոս Աղբակեցի, Խաչատուր Կեսարացի, Ներսես Մոկացի, Պողոս Մոկացի, Եսայի Կարճավանեցի և այլն) հետ վերակենդանացրել է Արևելյան Հայաստանի մշակութային, կրթական, լուսավորական և գրական կյանքը: Վերացրել է աթոռակից կաթողիկոսության ինստիտուտը, վերականգնել կաթողիկոսի ընտրովիության սկզբունքը, բարձրացրել կաթողիկոսական իշխանության հեղինակությունը, եղել Հայոց եկեղեցու անձնվեր բարենորոգիչը: Բարեկարգել ու կառուցել է բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, ինչպես ինքն է հավաստում` «եկեղեցիս երեքհարիւր կամ չորսհարիւր»: Անձնական անդուլ ջանքերով կարողացել է օսմանյան գերությունից ազատել 3 հազար հոգու և հետ վերադարձնել Արևելյան Հայաստան: 
Իր լուսավորական, եկեղեցաշինական գործունեության համար ժամանակակիցների կողմից Մովսես Գ Տաթևացին անվանվել է «Երկրորդ Լուսավորիչ Հայոց»: Եվ պատահական չէ Առաքել Դավրիժեցու` նրան տված գնահատականը. «Մովսէս Կաթողիկոսն ի Սիւնեաց աշխարհէն, որ եղեւ նորոգող Ս. Էջմիածնի»: 
Մովսես Գ Տաթևացին զբաղվել է նաև մատենագրությամբ, հեղինակել է թղթեր և մի Ողբ: Ի տրիտուր իր անխոնջ գործունեության` արժանացել է ազգային–եկեղեցական սրբի լուսապսակի: 
Մահացել է 55–ամյա հասակում կարճատև հիվանդությունից հետո: Մահվան մահճում հրահանգել է, որ իրենից հետո կաթողիկոսական գահ բարձրանա Փիլիպոս Աղբակեցին:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets