ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Փիլիպոս Ա Աղբակեցի (1633 - 1655)

ՓԻԼԻՊՈՍ Ա ԱՂԲԱԿԵՑԻ 
(1632–1655) 
Ամենայն Հայոց կաթողիկոս 1632–ից: Հաջորդել է Մովսես Գ Տաթևացուն: 

Ծնվել է 1593–ին Աղբակ գավառի Էրնկան գյուղում, մահացել 1655–ի մարտի 25–ին Վաղարշապատում: Թաղվել է Ս. Հռիփսիմե տաճարի հյուսիսային խորանում: 
Եղել է Խաչատուր վարդապետ Կեսարացու, Մովսես Տաթևացու «սրբազնամաքուր և բազմահանճար ձեռնասուն աշակերտ»–ը, վերջինիս գործակիցն ու ծրագրերի շարունակողը: 1630–ին ձեռնադրվել է եպիսկոպոս և նշանակվել Բջնիի առաջնորդ: Եղել է Մայր Աթոռի նվիրակ Վան, Բաղեշ և Կարին քաղաքներում, նշանակվել կաթողիկոսական փոխանորդ: Մովսես Գ Տաթևացու մահից հետո` վերջինիս կամոք, առաջադրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Կաթողիկոսական օծումը տեղի է ունեցել 1632–ի դեկտեմբերին: 
Փիլիպոս Ա Աղբակեցին եղել է Հայոց եկեղեցու ամենաարդյունաշատ և նշանավոր հայրապետներից: Ծավալել է եկեղեցաբարեկարգչական լայն գործունեություն, նպաստել հայ մտավոր մշակույթի և լուսավորական շարժման աշխուժացմանը: Զարկ է տվել տպագրությանը, բացել դպրոցներ, կառուցել և վերանորոգել եկեղեցիներ, վանքեր: Իր այդ ձեռնարկումների շնորհիվ «վաղնջուց խափանեալ վանօրայք լցան աբեղայիւք, եւ գիւղք եւ քաղաքք երիցամբք, բազում կիսաւեր եւ խախտեալ եկեղեցիք նորոգեցան, յոլով եկեղեցիք նոր շինեցան» (Առաքել Դավրիժեցի): Ժամանակագիր Դավիթ Բաղիշեցին հավաստում է, թե Փիլիպոս Ա Աղբակեցին «ձեռնադրեաց ավելի քան զչորս հարիւր եպիսկոպոս եւ վարդապետ»: Վերաբացել է Էջմիածնի վանական դպրոցը և այստեղ հրավիրել շատ նշանավոր մանկավարժների: 1635–1637–ներին Հովհաննավանքի դպրոցը տեղափոխել է Էջմիածին և, միավորելով տեղի վանական դպրոցի հետ, 1646–ին այստեղ ուսուցչապետ է նշանակել Սիմեոն վարդապետ Ջուղայեցուն: 
Փիլիպոս Ա Աղբակեցին իր շուրջն է համախմբել ժամանակի ամենանշանավոր մտավորականներին` աստվածաբաններ, փիլիսոփաներ, մանկավարժներ, փորձել Մայր Աթոռ Ս. Էջմիածինը վերածել հայ մտավոր և հոգևոր կյանքին խթան հանդիսացող կենտրոնի: Ժամանակակիցը վկայում է, թե նրա օրոք Էջմիածնում կար «հարիւր սպասաւորս գրոց` վարժասէրս եւ հանճարատենչս»: 
Վերանորոգել է կիսավեր վիճակում գտնվող Ս. Գայանե (1652), Ս.Հռիփսիմե (1653), Հաղպատի, Սանահինի վանքերը, Երևանի Ս. Անանիա Առաքյալի անապատը (1654), Մայր Տաճարն ու հարակից շինությունները, սկսել Մայր Տաճարի զանգակատան կառուցումը (1654): Նրա հանձնարարությամբ է, որ 1651–ին Առաքել Դավրիժեցին սկսել է շարադրել իր նշանավոր «Գիրք պատմութեանց» երկասիրությունը: 1638–ին ուղևորվել է Սպահան և պարսից շահ Սեֆիի համաձայնությամբ 1623–ից Նոր Ջուղայում պահվող Գրիգոր Լուսավորիչի Աջը փոխադրել Ս. Էջմիածին: 
1651–1653–ներին հովվապետական այցելություններ է կատարել Երուսաղեմ և Կ. Պոլիս: Երուսաղեմում մասնակիորեն վերանորոգել է Ս. Հակոբյաց տաճարը: 1652–ին Երուսաղեմում գումարել է եկեղեցական ժողով, որին մասնակցել է 125–ից ավելի մարդ, այստեղ ընդունվել է 13 կանոն: Կ. Պոլսում փորձել է հաշտեցնել համայնքի ներսում բորբոքված «ներսեցի» և «դրսեցի» խմբավորումների միջև բորբոքված պայքարը և հասել որոշակի դրական արդյունքների (1653): Կարգավորել է Կիլիկյան աթոռի հետ լարված հարաբերությունները, մասնավորապես եպիսկոպոսական ձեռնադրության հետ կապված խնդիրները, մեղմել լեհահայ համայնքում բորբոքված հուզումները, հակազդել Նիկոլ արքեպ. Թորոսովիչի կաթոլիկամետ քաղաքականությանը: 
Իր ամբողջ գործունեությամբ Փիլիպոս Ա Աղբակեցին նպաստել է Հայոց եկեղեցու միասնության ամրապնդմանը և ընդհանրական կաթողիկոսի դերի ու հեղինակության բարձրացմանը: Նրա կիսատ մնացած բազմաթիվ ձեռնարկներ և ծրագրեր իրականացրել է իր աշակերտ ու գաղափարակից Հակոբ Ջուղայեցին: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets