ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Հակոբ Դ Ջուղայեցի (1655 - 1680)

ՀԱԿՈԲ Դ ՋՈՒՂԱՅԵՑԻ 
(1655–1680) 
Ամենայն Հայոց կաթողիկոս 1655–ից: Հաջորդել է Փիլիպոս Ա Աղբակեցուն: 

Ծնվել է 1598–ին, Հին Ջուղայում, մահացել 1680–ի օգոստոսի 1–ին Կոստանդնուպոլսում: Աճյունն ամփոփվել է Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցու բակում, գերեզմանը դարձել է սրբատեղի: 
1604–ի շահ Աբաս Մեծի բռնագաղթի հետևանքով Հակոբ Դ Ջուղայեցու ընտանիքը նույնպես տեղափոխվել է Իրանի մայրաքաղաք Սպահանի մոտ հաստատված Նոր Ջուղա գյուղաքաղաք: Այստեղ Հակոբ Դ Ջուղայեցին ստացել է իր սկզբնական կրթությունը` աշակերտելով Նոր Ջուղայի դպրոցի և հայկական տպարանի հիմնադիր, Նոր Ջուղայի հոգևոր թեմի առաջնորդ Խաչատուր Կեսարացուն, իսկ այնուհետև ուսումը շարունակել է Ս. Էջմիածնում: 
Փիլիպոս Ա Աղբակեցու կաթողիկոսության վերջին տարիներին Հակոբ Դ Ջուղայեցին եղել է տեղապահ և հենց այս ժամանակ էլ ծավալել շինարարական բեղուն գործունեություն: 
Այդ տեսակետից հիշատակելի են Ս. Գայանեի և Ս. Հռիփսիմեի վկայարանների նորոգումը, և հատկապես Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայի վանական համալիրի հիմնովին վերաշինությունը, որը դարի մեծագույն պատմագիր Առաքել Դավրիժեցին նկարագրում է անթաքույց հիացմունքով: 
1655–ի ապրիլի 8–ին օծվելով Ամենայն Հայոց կաթողիկոս` Հակոբ Դ Ջուղայեցին կարճ ժամանակ անց այցելել է Սպահան` նպատակ ունենալով հանդիպելու այդ ժամանակ Մայր Հայրենիքի հասարակական–քաղաքական, գիտամշակութային ու գաղափարական–եկեղեցական կյանքին տոն ու ընթացք տվող ջուղահայության հետ, ինչպես նաև տեսակցել պարսից շահին` «ի գործոց մարմնականաց յարդարումն»: Արժանանալով պարսից շահի ընդունելությանն ու բարյացակամ վերաբերմունքին` Հակոբ Դ Ջուղայեցին կարողացել է կարգավորել Մայր Աթոռի առջև ծառացած խնդիրները և իրավունք ստացել ծավալելու տնտեսական–բարենորոգչական, շինարարական ու լուսավորական գործունեություն: Այդ տեսակետից նրա առաջին ձեռնարկումը եղավ Մայր Տաճարի զանգակատան ընդհատված շինարարության վերսկսումն ու ավարտումը: 1658–ի սեպտեմբերին, Խաչվերացի օրը տեղի ունեցավ զանգակատան օծումը: Հակոբ Դ Ջուղայեցին, ձեռնամուխ լինելով Մայր Աթոռի տնտեսության բարեկարգմանը, ձեռք է բերում վանքապատկան նոր գյուղեր ու կալվածքներ, կառուցում ջրանցքներ, ջրամբարներ, ջրաղացներ և համանման այլ շինություններ: 
Շարունակելով Փիլիպոս Ա Աղբակեցու կրթական ու լուսավորական գործունեությունը` Հակոբ Դ Ջուղայեցին զարկ է տալիս Մայր Աթոռի մշակութային ու մատենագրական կյանքին. ի մասնավորի Առաքել Դավրիժեցուն հանձնարարել է ավարտել Փիլիպոս Ա Աղբակեցու մահից հետո ընդհատած «Գիրք պատմութեանց» կոթողային երկը, իսկ տպագրական գործունեության նպատակով Եվրոպա է գործուղել նախ` Մատթեոս Ծարեցուն, ապա` Կարապետ Ադրիանեցուն, վերջապես, 1662–ին` Ոսկան Երևանցուն, որը կարողացավ տիտանական ջանքերի գնով կատարել գրահրատարակչական իսկական սխրանք` 1666–ին սկսեց և 1668–ին ավարտին հասցրեց Աստվածաշնչի հայերեն առաջին հրատարակությունը: Ոսկան Երևանցին 1669–ին տպագրեց Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» երկը, իսկ մինչև կյանքի վերջը լույս աշխարհ հանեց բազմաթիվ այլ արժեքավոր գրքեր: Հակոբ Դ Ջուղայեցու անմիջական հովանավորությամբ Մայր Աթոռում գիտամշակութային կյանքի աննախադեպ զարգացման լավագույն վկայություններից է նաև Ստեփանոս Լեհացու ծավալած թարգմանչական արգասավոր գործունեությունը: 
Հակոբ Դ Ջուղայեցին XVll դ. 60–ական թվականներին մեծ ջանքեր է գործադրել նաև եկեղեցական կյանքի կարգավորման ուղղությամբ. հիշարժան է հատկապես Աղթամարի, Սսի, Կ.Պոլսի և Երուսաղեմի հոգևոր կենտրոնների միջև ծագած տարաձայնությունների ու հակասությունների լուծումը: Հակոբ Դ Ջուղայեցուց մեծ ջանքեր պահանջվեցին ի չիք դարձնելու Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու Երուսաղեմի Հայոց պատրիարք Եղիազար Այնթափցու գործնական ձեռնարկումները: 1665–1667–ին Հակոբ Դ Ջուղայեցին այդ նպատակով ստիպված այցելեց Զմյուռնիա, Երուսաղեմ, Կ. Պոլիս, իսկ Ադրիանապոլսում ընդունելության արժանացավ սուլթան Մեհմեդ lV–ի կողմից: Հակոբ Դ Ջուղայեցու կենսագրության փայլուն էջերից են 1668–ին, Երևանի Սաֆի խանի կամքին հակառակ, գաղտնի մեկնումը Սպահան, Սուլեյման շահին այցելությունը և Սաֆի խանի պաշտոնանկությունը: 1670–ի սկզբին վերադառնալով Ս. Էջմիածին` Հակոբ Դ Ջուղայեցին կարգավորեց եկեղեցական գործերը և դրեց խաղաղ ընթացքի մեջ: 
Հակոբ Դ Ջուղայեցին մտածում էր արևմտյան տերությունների օգնությամբ Հայաստանն ազատագրել օտարի տիրապտությունից: Հույս ունենալով, որ այդ հարցում կարող է համագործակցել Հռոմի պապի հետ, նամակներ է հղել Աղեքսանդր Է և Կղեմես Ժ պապերին, ինչպես նաև կապեր հաստատել ֆրանսիական միսիոներների հետ` ակնկալելով նրանց միջնորդությամբ ստանալ Լյուդովիկոս XIV թագավորի հովանավորությունը: Չբավարարվելով նման ձեռնարկումներով` Հակոբ Դ Ջուղայեցին որոշում է անձամբ մեկնել Եվրոպա` հայրենիքի ազատագրության գործը իրական հիմքերի վրա դնելու համար: Քաջ հասկանալով, որ եվրոպական տերությունները ակնկալված օգնության դիմաց կարող են մեծ գին պահանջել, այսինքն` առաջարկել Հայոց եկեղեցին ենթարկել Հռոմի գերիշխանությանը, Հակոբ Դ Ջուղայեցին որոշում է անելիքը հստակեցնելու նպատակով հրավիրել խորհրդաժողովներ և քննարկել իր ծրագրերը: Թեև հայագետներից ոմանք գտնում են, որ 1670–ին Սպահանից Էջմիածին վերադառնալուց հետո «այնտեղ դադարեցավ մինչև 1678 տարին» (Մ. Օրմանյան, Ազգապատում), բայց ձեռագիր սկզբնաղբյուրների ուսումնասիրությունից պարզվում է, որ 1673–1674–ին նա նորից եղել է Նոր Ջուղայում և տեղի հոգևոր, հավանաբար նաև աշխարհիկ ավագանու հետ քննարկել իր անելիքները: Այդ մասին հետաքրքիր տեղեկություններ է հայտնում հոգևորականների խորհրդաժողովի մասնակից Հովհաննես Մրքուզ Ջուղայեցին: 
Նույն նպատակով 1677–ին (այլոց կարծիքով 1678) Էջմիածնում ևս հրավիրել է հոգևոր և աշխարհիկ ազդեցիկ գործիչների խորհրդաժողով, որին մասնակցում էին նաև Ղարաբաղի մելիքները: Հենց այս խորհրդաժողովում էլ որոշվում է Հակոբ Դ Ջուղայեցու գլխավորությամբ հոգևոր ու աշխարհիկ գործիչներից բաղկացած հատուկ պատվիրակություն ուղարկել Եվրոպա: Կաթողիկոսական տեղապահ նշանակելով դարի ականավոր մտավորական Ստեփանոս Լեհացուն` Հակոբ Դ Ջուղայեցին պատվիրակության գլուխ կանգնած մեկնում է Եվրոպա, սակայն ճանապարհին լինում է Վրաստանում: Թիֆլիսում Քարթլիի թագավոր Գեորգի XI և վրաց պատրիարքի հետ քննարկում է հայ–վրացական համատեղ պայքարին վերաբերող հարցեր: 1679–ի դեկտեմբերին պատվիրակությունը հասնում է Կ. Պոլիս, որտեղ Հակոբ Դ Ջուղայեցին նախ կարգավորում է Եղուսաղեմի և Կ. Պոլսի Հայոց պատրիարքությունների միջև ծագած հակասությունները, ինչպես նաև կանխում հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու ուղղությամբ Եղիազար Այնթափցու վերսկսած գործողությունները: 
Այս ընթացքում Հակոբ Դ Ջուղայեցին զբաղվում է նաև արտաքին քաղաքական կապերի ամրապնդման հարցերով, ուստի հատուկ նամակներ է հղել ինչպես Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկուն, այնպես էլ ռուսաց ցար Ալեքսեյ Միխայլովիչին: Իր ապագա ուղևորության հետ կապված հարցերի քննարկումների ընթացքում համոզվելով, որ Եվրոպական տերություններից ակնկալվող օգնության դիմաց կարող է վտանգվել Հայ եկեղեցու ինքնուրույնությունը, ըստ էության հրաժարվում է Եվրոպա մեկնելու մտադրությունից: Մայիս ամսից սկսում է վատանալ Ամենայն Հայոց հայրապետի առողջական վիճակը: Հակոբ Դ Ջուղայեցին վախճանվում է 1680–ի օգոստոսի 1–ին և հաջորդ օրը աճյունը հողին է հանձնվում Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասի գերեզմանատանը: Հակոբ Դ Ջուղայեցու շիրիմը դարեր շարունակ եղել է ուխտատեղի` Հոգևոր տեր անունով: Հակոբ Դ Ջուղայեցու մահից հետո պատվիրակության անդամներից Իսրայել Օրին ուղևորվեց Եվրոպա, իսկ մյուսները վերադարձան հայրենիք: 
Հակոբ Դ Ջուղայեցուց հետո Էջմիածնի միաբանների հրավերով Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Երուսաղեմի Հայոց պատրիարք Եղիազար Այնթափցին: Ենթադրելի է, որ Հակոբ Դ Ջուղայեցին նախապես Էջմիածնի միաբաններին այդպես էր նախապատրաստել` Մայր Աթոռի գլխին կախված հակաթոռության շուրջ 20–ամյա վտանգը վերացնելու նպատակով: Հետագա դեպքերը ցույց տվեցին նման որոշման ճշմարտացիությունը: 


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets