ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Եղիազար Ա Այնթապցի (1682 - 1691)

ԵՂԻԱԶԱՐ Ա ԱՅՆԹԱՓՑԻ 
(Հռոմկլայեցի) (1681–1691) 
Ամենայն Հայոց կաթողիկոս 1681–ից: Հաջորդել է Հակոբ Դ Ջուղայեցուն: 

Ծնվել է 1612–ին Այնթապում, մահացել 1691–ի օգոստոսի 8–ին Վաղարշապատում: Աճյունն ամփոփվել է Ս. Գայանե եկեղեցու գավթում: 
Երիտասարդ տարիքից կարևոր դեր է խաղացել հայ հոգևոր–եկեղեցական կյանքում: 1641–ին ձեռնադրվել է վարդապետ, 1647–ին` եպիսկոպոս: Նույն թվականին նշանակվել է Արղնի Բարձրահայաց Ս. Աստվածածին վանքի վանահայր և միաժամանակ Ամիդի վիճակի առաջնորդ: Հիմնովին վերանորոգել ու պայծառացրել է Ս. Աստվածածին վանքը, այստեղ հիմնադրել գրադարան և դպրոց: 
1649–ին ընտրվել է Երուսաղեմի, իսկ 1651–ին Կ. Պոլսի Հայոց պատրիարք: 1652–ին հրաժարվել է Կ.Պոլսի պատրիարքական աթոռից և վերադարձել Երուսաղեմ, ուր 1657–ին նշանակվել է պատրիարքական փոխանորդ: Այդ ժամանակաշրջանում հույն հոգևորականները կաշառքի և հովանավորչության միջոցով փորձել են զավթել Հայոց Ս. Հակոբյանց վանքը: Եղիազար Այնթափցին աներևակայելի ջանքերի, անգամ բանտարկության գնով փրկել է վանքը: Երուսաղեմի հայոց վանական կալվածքներում ծավալել է լայն շինարարական գործունեություն: 1661–ին հիմնել է «Էջմիածին» մատուռը: 
Պոլսահայ որոշ մեծամեծների ու բարձրաստիճան հոգևորականների հետ միասին Եղիազար Այնթափցին փորձել է թուրքահայոց թեմերն անջատել Ամենայն Հայոց կաթողիկոսությունից և կազմել առանձին կաթողիկոսություն: Թուրքական կառավարության թողտվությամբ 1664–ի հոկտեմբերին Հալեպի Ս. Քառասնից Մանկանց եկեղեցում Եղիազար Այնթափցին «ժողովեաց զամենայն եպիսկոպոսունս յայնմ նահանգի եւ օրհնեցաւ կաթողիկոս ինքնագլուխ»: Օծումը կատարել է Սսի կաթողիկոս Խաչատուր Ա Գաղատացին: Այս ընտրությամբ, փաստորեն, Եղիազար Այնթափցին պառակտել է Ամենայն Հայոց կաթողիկոսությունը և ստեղծել Ս. Էջմիածնից անկախ թուրքահայոց հակաթոռ կաթողիկոսություն` միաժամանակ վարելով նաև Երուսաղեմի պատրիարքության գործերը: Տեղի ունեցած իրադարձությունները պառակտել են Հայոց միասնական եկեղեցին, նրանում հիմք դրել երկու գաղափարական հոսանքների, որոնցից մեկն անվանվել է էջմիածնականներ, մյուսը` սսականներ: Այս պայքարը, որ հայտնի է նաև Եղիազարյան–Հակոբյան անունով, միմյանց է հակադրել մեր ժողովրդի արևելահայ և արևմտահայ հատվածները, ստեղծել տարտամ և խռովահույզ իրավիճակ: Միջադեպը կարգավորելու, արդարությունը վերականգնելու նպատակով Հակոբ Դ Ջուղայեցին անձամբ ներկայացել է Մեհմեդ lV սուլթանին` խնդրել նրա միջամտությունը: Ի վերջո սուլթանը հատուկ ֆերմանով ստիպել է Եղիազար Այնթափցուն հրաժարվել կաթողիկոս դառնալու հավակնությունից: Սակայն հոսանքների միջև հակամարտությունը շարունակվել է մինչև 1680–ը` մինչև Հակոբ Դ Ջուղայեցու մահը: 
Ինչպես Կ. Պոլսի հայ եկեղեցականները, այնպես էլ արևելահայ բարձրաստիճան հոգևորականները եկեղեցական պառակտմանը վերջ տալու և հակաթոռ կաթողիկոսության վտանգը չեզոքացնելու համար Ամենայն Հայոց կաթողիկոս են ընտրել Եղիազար Այնթափցուն: Այս ընտրությամբ թուրքահայոց կաթողիկոսությունը դադարեցրել է իր գործունեությունը: 
Եղիազար Այնթափցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին է ժամանել 1682–ի օգոստոսի 22–ին: Անմիջապես ձեռնամուխ է եղել կաթողիկոսական իշխանության ամրապնդմանը և Մայր Աթոռի տնտեսական վիճակի բարելավմանը, ծավալել է բարենորոգչական գործունեություն, վերացրել Աղթամարի կաթողիկոսության և Ս. Էջմիածնի միջև վաղուց ի վեր գոյություն ունեցող հակասությունները: Ըստ հնարավորության փորձել է շենացնել ու պայծառացնել Մայր Աթոռը: Ժամանակակիցը չի զլանում նրան անվանել «քաջագօտի եւ կորովի բանիւք եւ գործուք»: Նորընտիր կաթողիկոսը արմատական միջոցներ է ձեռք առել Մայրավանքում կուտակված պարտամուրհակները մարելու ուղղությամբ, որ մի ահռելի գումար է կազմել: Կարողացել է Կապանի մելիքների օգնությամբ 2000 քսակ արծաթ վճարել պարտատերերին, իսկ պարտքերի մյուս մասից էլ հրաժարվել է: Պահպանված առանձին տեղեկությունների համաձայն 1691–ին Եղիազար Ա Այնթափցին Ս.Էջմիածնում հրավիրել է գաղտնի խորհրդաժողով, որի նպատակն է եղել օգնություն հայցել կաթոլիկ Արևմուտքից: Խորհրդաժողովի կողմից կազմված պատվիրակությունը Եղիազար Ա Այնթափցու գլխավորությամբ մեկնել է Եվրոպա, սակայն ճանապարհորդության հենց սկզբում քաղաքական անբարենպաստ պայմանների պատճառով կաթողիկոսն ընդհատել է իր ուղին և Էրզրումից վերադարձել Ս. Էջմիածին: 


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets