ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Նահապետ Ա Եդեսացի (1691 - 1705)

ՆԱՀԱՊԵՏ Ա ԵԴԵՍԱՑԻ
(1691–1705)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1691–ից: Հաջորդել է իր ուսուցչին` Եղիազար Ա Այնթափցուն:

Ծն. թ. և վայրը անհտ., մահացել է Էջմիածնում 1705–ի հունիսի 13–ին: Ամփոփվել է Ս. Շողակաթ եկեղեցու բակում:
Եղել է Եդեսիայի (Ուռհա) եպիսկոպոսը, Եղիազար Ա Այնթափցու խորհրդակիցն ու գործակիցը: Կաթողիկոս է օծվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության ընտրությամբ և, ենթադրաբար` հանգուցյալ կաթողիկոսի ցանկության համաձայն:
Նահապետ Ա Եդեսացու հայրապետության սկզբնական շրջանը նշանավորվել է ակտիվ եկեղեցաշեն գործունեությամբ: 1691–1694–ներին նրա նախաձեռնությամբ վերակառուցվել են Շողակաթ եկեղեցին, Մայր Աթոռի վանատունն ու հարակից շինությունները, Երևանի Ձորագյուղի եկեղեցին, վանական խցերը, Վաղարշապատի, Քանաքեռի, Կոնդի և այլ գյուղերի եկեղեցիները և հոգևոր նշանակության այլ շինություններ: Նահապետ Ա Եդեսացու ջանքերով սկսվել է նաև Օշականի կամուրջի շինարարությունը: Սիմեոն Ա Երևանցին հավաստում է, որ Նահապետ Ա Եդեսացու օրոք «յերկիրն Երեւանու որքան քարաշէն եկեղեցիք կան, ըստ մեծի մասին ի սմանէ են շինեցեալք»: Այդ ամենից զատ Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսն աչքի է ընկել օգտաշատ այլ գործունեությամբ ևս: Նա կարողացել է ընդարձակել Մայր Սթոռի կալվածքները, որոնք ամրագրել է «արքունական եւ դատաւորական վաւերագրերով», ինչպես նաև Հրազդանից ջրանցք է անցկացրել` վանքապատկան հողերը ոռոգելու համար:
Սակայն 1695–ից սկսած Նահապետ Ա Եդեսացու կաթողիկոսության շրջանն ուղեկցվել է Հայ եկեղեցու նվիրապետական կենտրոնների «ներքին շփոթություններով»` դավանաբանական, կանոնական և կարգապահական բնույթի ներհակ իրադարձություններով:
XVlll դարի պատմագիր Խաչատուր Ջուղայեցին վկայում է, որ Նահապետ Ա Եդեսացին «սաստկութեամբ վարէր զգործ կաթողիկոսութեանն»: Ընդհանրական հայրապետի նման գործելակերպի պատճառով հերթական անգամ խզվել է Մայր Աթոռի նկատմամբ Աղթամարի կաթողիկոսության մեծ դժվարությամբ ընդունած հպատակությունը: Զայրանալով այն բանից, որ Աղթամարի Թովմաս կաթողիկոսը չի երկրորդել Եղիազար Ա Այնթափցուն հայտնած հպատակությունը, Նահապետ Ա Եդեսացին վերջինիս զրկել է կաողիկոսությունից և Մայր Աթոռի միաբան Ավետիս եպիսկոպոսին ձեռնադրելով Աղթամարի կաթողիկոս` հանձնարարել է տիրանալ Աղթամարի աթոռին: Դրանով հերթական անգամ խախտվել է եկեղեցու ներքին անդորրը և նվիրապետական աթոռների համագործակցությանը փոխարինելու է եկել թշնամական բաժանումը: Օգտագործելով առիթը, Թովմաս Աղթամարեցին 1693–ին` ոչ միայն խզեց հարաբերությունները Ս. Էջմիածնի հետ, այլև թուրք կուսակալի օգնությամբ Ավետիս եպիսկոպոսին վտարեց Աղթամարից: Եվ որպեսզի կաթողիկոսական աթոռն իր ծերության պատճառով թափուր չմնա և անկախ լինի Ս. Էջմիածնից, նա Սահակ Արծկեցի եպիսկոպոսին օծել է աթոռակից: Նահապետ Ա Եդեսացու` «խոհական հաստատակամութիւնից» զուրկ գործելակերպի դեմ ընդդիմությունն այդ ամենով չի սահմանափակվել: Ավետիս եպիսկոպոսի, հավասարապես նաև Մայր Աթոռի հնարավոր հակաքայլերը կանխարգելելու նպատակով Թովմաս կաթողիկոսը 1697–ին թուրք կուսակալի միջոցով աթոռազրկել է նաև Էջմիածնահպատակ Վանի եպիսկոպոսին և նվիրապետական այդ կենտրոնը ենթարկել Աղթամարի կաթողիկոսությանը: Քննաբար արժևորելով նվիրապետական երկու կենտրոնների ներհակության նոր փուլը, Մ. Օրմանյանը վերջինիս ձևավորման մեջ մեղադրում է Նահապետ Ա Եդեսացուն և պնդում, թե «Նահապետ ավելի խոհեմությամբ վարված, և ապագային համար ավելի օգտակար ընթացք բռնած կ’ըլլար, եթե առիթ չի տար խզելու այն կապը` որ երկու աթոռներուն միջև բարեբախտաբար հաստատված էր»:
Բավականին հակասական էին նաև արևմտահայ հոգևոր կենտրոնների և Կ. Պոլսի պատրիարքության կանոնական հարաբերությունները: Առիթը եղել է Մատթեոս Կեսարացու պատրիարքության շրջանում հիսուսյանների կողմից կաթոլիկ միսիոներության և հավատորսության ծավալումը` «հայու ու ֆրենկի, ուղղափառի ու օտարադավանի բուռն վեճերը», որոնք, Կ. Պոլսի սահմաններից դուրս գալով` տարածվել են նաև հայաբնակ ներքնագավառներում: 1694–ին Կ. Պոլսի պատրիարքական աթոռ բարձրացած Եփրեմ Ղափանցու ջանքերով «անաչառ հայադավանությունը» թեև հաղթանակ է տարել, սակայն դա ևս չի կարողացել կասեցնել կաթոլիկության հետագա ոտնձգությունները: Հավատորսության ճանապարհով կաթոլիկ քարոզիչներին հաջողվել է ձևավորել դավանափոխների մի փոքրիկ խումբ, որն էլ ներքին երկպառակության պատճառ է դարձել: Դոմինիկյան քարոզիչների ջանքերով երկպառակության կենտրոն է ձևավորվել նաև Արևելահայաստանում` Նախիջևանում (Երնջակում):
Լատինամետության մեղադրանքից զերծ չի եղել նաև Նահապետ Ա Եդեսացին: Իբրև դրա վկայություն հիշատակվում է 1695–ին թվագրվող Հռոմի Իննոկենտիոս ԺԲ պապին հղված «սիրոյ եւ յարգութեան» կաթողիկոսական թուղթը: Բայց դա բացարձակ անհիմն մեղադրանք է, քանի որ «թուղթն» ամենևին էլ հնարավոր չէ ներկայացնել իբրև «հպատակության գիր»: Ճիշտ այդպես խոսք չի կարող լինել Հայոց կաթողիկոսի կողմից Հայ եկեղեցու «ուղղադավանությունից շեղվելու» կամ «սեփական եկեղեցու ինքնությունը զոհելու» մասին, ինչպես դա ձգտում են ներկայացնել հայ կաթոլիկները: Կաթողիկոսական «թուղթը» բովանդակում է պապից «նյութական նպաստ և քաղաքական օգնություն» ստանալու ակնկալություն: Նահապետ Ա Եդեսացուն վերագրվող փաստական ոչ մի հիմք չունեցող «լատինամետության» մեղադրանքը հերքելու անուրանալի վկայություններից մեկն էլ այն է, որ 1699–ին Հայոց հայրապետն անվերապահորեն մերժել է հռոմեադավանություն ընդունելու ճանապարհով ազգային–ազատագրական պայքար ծավալելու Իսրայել Օրու ծրագիրը:
Արևելահայ եկեղեցու աննախանձ հոգևոր և հասարակական–տնտեսական կացությունը, վանքերի ու եկեղեցական կենտրոնների քայքայված վիճակը, հոգևոր դասի ծանր կացությունը պատճառ են դարձել դարաշրջանի արևելահայ հոգևոր կյանքում տեղ գտած եկեղեցական և կանոնական տարաձայնությունների համար: Զաքարիա Քանաքեռցին գրում է, թե դրա պատճառը եղել է այն, որ Նահապետ Ա Եդեսացին «ահարկութեամբ կայր ի վերայ ամենայն եկեղեցականաց եւ քահանայից»: Հավանական մի այլ պատճառ է մատնանշում Մ. Օրմանյանը, համաձայն որի` Պարսկահայաստանում գտնվող Մայրավանքի և Նոր Ջուղայի միաբանների համար «ախորժելի պիտի չ’երևար տաճկահպատակ Եղիազարի և Նահապետի իրենց վրա իշխելը, կամ անոնց տեսությամբ` իրենց վրա բռնանալն, և պիտի ջանային իրենց դարձնել Մայրաթոռո կառավարությունն ու հեղինակությունը»: Նահապետ Ա Եդեսացու գործունեությունից դժգոհ Մայր Աթոռի միաբանները, համագործակցելով Նախիջևանի և Գողթնի եպիսկոպոսների և «երևելիների» հետ, նրան գահընկեց անելու համար դիմել են պարսկահայերին, առաջարկելով հայրապետական աթոռ բարձրացնել Նոր Ջուղայի և Պարսկահայոց առաջնորդ Ստեփանոս արքեպիսկոպոս Ջուղայեցուն: Վերջինս, «բազում գանձս ծախեալ, եւ բազում միջնորդաւ զօրացեալ» Իրանի շահ Հուսեյնի կողմից կաթողիկոսության «ռազամ» (հրովարտակ) ստանալով, 1695–ին ժամանել է Էջմիածին և օծվել կաթողիկոս, որով ակամա պատճառ է դարձել հակաթոռության: Նահապետ Ա Եդեսացին, զգալով իր անկարողությունը, նախապես ապաստանել է Թավրիզում: Սակայն տասն ամիս անց կուսակիցների ջանքերով նա Հուսեյն շահի հովանավորությամբ գահընկեց է արել Ստեփանոս Ջուղայեցուն և վերստին հաստատվել Ամենայն Հայոց կաթողիկոսի աթոռին:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets