ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Աղեքսանդր Ա Ջուղայեցի (1706 - 1714)

ԱՂԵՔՍԱՆԴՐ Ա ՋՈՒՂԱՅԵՑԻ 
(1706–1714)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1706–ից, հաջորդել է Նահապետ Ա Եդեսացուն:

Ծնվել է Նոր Ջուղայում, ծն. թ. անհտ., մահացել 1714–ի նոյեմբերի 22–ին Վաղարշապատում: Աճյունն ամփոփվել է Մայր Տաճարի զանգակատան աջ կողմում:
Կրթությունն ստացել է Նոր Ջուղայում, աշակերտել Դավիթ վարդապետ Ջուղայեցուն, եղել նրա «ընտրելագոյն եւ գերահրաշ» սաներից, աշակերտակիցն է Հովհաննես Մրքուզ և Ստեփանոս Ջուղայեցի վարդապետների: Եղել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի միաբան, վանահայր, ապա` պարսկահայոց թեմակալ առաջնորդ (1697–1706): Դասավանդել է Նոր Ջուղայի վանական դպրոցում: Նահապետ Ա Եդեսացու մահվանից հետո նրա թեկնածությունն առաջադրվել է մեկ տարուց ավելի թափուր մնացած Ամենայն Հայոց կաթողիկոսի գահը զբաղեցնելու համար: Կաթողիկոս է ընտրվել 1706–ի սեպտեմբերին, օծվել նույն թվականի դեկտեմբերի 7–ին: Կաթողիկոս դառնալուց հետո մեծ ջանքեր է թափել Մայր Աթոռի տնտեսական վիճակը բարելավվելու ուղղությամբ ընդարձակել է վանական կալվածները, կատարել շինարարական աշխատանքներ:
Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի վկայությամբ Աղեքսանդր Ա Ջուղայեցին «եղեւ հանճարեղ եւ շինարար. կաթողիկոսութիւն սորա եղեւ կարի օգտակար, ոչ միայն սակս ազգին, այլ եւ վասն Սրբոյ Էջմիածնի»: Հետևողականորեն պաշտպանել է Հայոց եկեղեցու ուղղափառ դավանությունը և պայքարել լատին միսիոներների` հայությանը պառակտող քարոզչության դեմ, որի առթիվ էլ շարադրել է «Գիրք Ատենական, որ ասի Վիճաբանական» (Նոր Ջուղա, 1687; բ տպագր.` Կ. Պոլիս, 1783): Սրա հետ է աղերսվում նաև 1709–ի փետրվարի 25–ին Հռոմի Կղեմես ԺԱ պապին ուղղված նրա նամակը, որտեղ հիմնավորելով Հայոց եկեղեցու ուղղափառությունը` առաջարկել է զսպել կաթոլիկ միսիոներների գործունեությունը հայերի շրջանում: Խրախուսել է Իսրայել Օրու ազատագրական գործունեությունը: 1709–ի հունիսին Օրին այցելել է Ս.Էջմիածին և կաթողիկոսին ներկայացրել իր ծրագրերը, որոնք հավանության են արժանացել: Այդ հանդիպման արդյունք է Ռուսաստանի թագավոր Պետրոս l–ին հղված 1709–ի հուլիսի 7–ի կաթողիկոսի գրությունը, որը փաստում է Մայր Աթոռի ռուսական կողմնորոշման իրողությունը: Անձնական միջամտությամբ կարգավորել է Կ. Պոլսի պատրիարքական աթոռի շուրջ ստեղծված տագնապը և նպաստել պատրիարքարանի գործունեության բնականոն զարգացմանը:
Աղեքսանդր Ա Ջուղայեցին ծավալել է մատենագրական բուռն գործունեություն: Հեղինակել է նամակներ, թղթեր, քարոզներ, տաղեր, աստվածաբանական և պատմագիտական երկասիրություններ: Կազմել է «Կարգ եւ թիւք կաթողիկոսաց եւ ամք նոցա» գավազանացանկը (Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. դ 1721), որտեղ թվարկված են Հայոց բոլոր կաթողիկոսները մինչև իր գահակալությունը: Արժեքավոր են երկմասանոց «Աղօթամատոյց» (Նոր Նախիջևան, 1790; բ տպագր., Մոսկվա, 1840), «Վկայութիւնք պիտանիք եւ հարկաւորք» (Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. դ 1986) և այլ աշխատություններ: Առաջինում տրվում են Ս. Պատարագի և արարողությունների մեկնությունները, ներկայացվել են բնագրեր, որոնք պարունակում են Ս. Պատարագի աղոթքները, երկրորդը ծաղկաքաղ է Հին և Նոր Կտակարաններից, ինչպես նաև եկեղեցական մատենագիրների երկասիրություններից: Հայ եկեղեցու պատմության տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի կաթողիկոսական ընտրությունների կարգի վերաբերյալ նրա հատուկ շրջաբերական կոնդակը («Ազգասէր Արարատեան», օրաթերթ, Կալկաթա, 1849, դ 12): Աղեքսանդր Ա Ջուղայեցին ընդօրինակել է նաև ձեռագրեր, որոնցից հայտնի է 1686–ին ընդօրինակած Նարեկը (Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. դ 2082):

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets