ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Աստվածատուր Ա Համադանցի (1715 - 1725)

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ Ա ՀԱՄԱԴԱՆՑԻ
(1715–1725)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1715–ից: Հաջորդել է Աղեքսանդր Ա Ջուղայեցուն:

Ծն. թ. անհտ., ծնվել է Իրանի Համադան քաղաքում: Մահացել է արկածի հետևանքով 1725–ի հոկտեմբերի 10–ին Օշականում: Աճյունն ամփոփվել է Ս. Հռիփսիմե տաճարի գավթում:
Կրթությունն ստացել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում, աշակերտել է Մովսես վարդապետ Ջուղայեցուն: Եղել է նույն վանքի միաբան: Աղեքսանդր Ա Ջուղայեցու մահից հետո Մայր Աթոռի միաբանությունը Մովսես վարդապետ Ջուղայեցու հանձնարարականով Աստվածատուր Համադանցուն ընտրել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Էջմիածին է ժամանել 1715–ի մայիսի սկզբներին, օծումը ստացել է մայիսի 8–ին: Կաթողիկոս ընտրվելուց հետո ձեռնամուխ է եղել Մայր Տաճարի նորոգման աշխատանքներին` մարմարապատել է Իջման տեղը, նորոգել Ավագ խորանը, ամրացրել սյուները, սալարկել հատակը, նկարազարդել որմերը և այլն: Շոշափելի արդյունքներ է արձանագրել Մայր Աթոռի տնտեսական վիճակը բարելավվելու ուղղությամբ, կարողացել է պետական հաստատագրերով Մայր Աթոռին ամրագրել վանքապատկան կալվածքները: 1718–ի հունիսի 19–ին հատուկ կոնդակով դիմել է Վենետիկում և Եվրոպայի այլ քաղաքներում բնակվող հայ վաճառականներին` Մայր Աթոռին նյութական աջակցություն ցույց տալու համար: 1724–ին պարսից Թահմազ շահը նրա խնդրանքով հատուկ հրովարտակ է հրապարակել, որի համաձայն մահմեդականություն ընդունած հայն այլևս չէր կարող հավակնել իր քրիստոնյա հարազատների ժառանգությանը: Կարգավորել է տվել նաև գլխահարկը: Համագործակցել է հայ ազատագրական շարժման գործիչների (Դավիթ Բեկ, Եսայի Հասան–Ջալալյան) հետ: Հետամուտ է եղել Ռուսաստանի օգնությամբ պարսկական տիրապետությունից հայ ժողովրդի ազատագրության գաղափարի իրականացմանը, գաղտնի հարաբերություններ հաստատել Ռուսաստանի քաղաքական շրջանների հետ, Հայաստանի ազատագրության հարցի շուրջ խորհրդակցել Էջմիածին ժամանած Մինաս վարդապետ Տիգրանյանի (1716) և Եսայի Հասան–Ջալալյանի (1719, 1721) հետ: Թեև կողմնակից է եղել Հայաստանի ազատագրության գաղափարին, սակայն մերժել է հախուռն ու անկազմակերպ ելույթները, վարել զգույշ և շրջահայաց քաղաքականություն, փորձել Մայր Աթոռը զերծ պահել վտանգներից: Այնուհանդերձ, ենթարկվել է հալածանքների ու հետապնդումների, ձերբակալվել ու բանտարկվել է շահ Թահմազի հրամանով:
Աստվածատուր Ա Համադանցին զբաղվել է նաև մատենագրությամբ: Նա հեղինակել է մի շարք երկեր, որոնք բոլորն էլ անտիպ են (տե՛ս Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր դ 3281, 3637, 1988, 56 և այլն): Սիմեոն Ա Երևանցին նրան բնութագրել է որպես «այր հեզաբարոյ եւ հոգելի, շնորհաշատ եւ գեղեցկատես, ջերմեռանդ եւ արտասուիչ, որ արար զբազում բարերարութիւն»:
Կաթողիկոսական գահին Աստվածատուր Ա Համադանցուն հաջորդել է Կարապետ Բ Ուլնեցին:
Գրականություն. Սիմեոն Երևանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873: Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հատ. Բ, Երևան, 1976: Աբրահամ Երևանցի, Պատմութիւն պատերազմացն. 1721–1736, Վենետիկ, 1978: Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets