ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Կարապետ Բ Ուլնեցի (1726 - 1729)

ԿԱՐԱՊԵՏ Բ ՈՒԼՆԵՑԻ 
(Զեյթունցի, Ծծկեր) (1726–1729)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1726–ից: Հաջորդել է Աստվածատուր Ա Համադանցուն:

Ծնվել է մոտավորապես 1661–ին, Զեյթուն գավառի Ուլն գյուղում: Մահացել է 1729–ի հոկտեմբերի 2–ին Վաղարշապատում: Աճյունն ամփոփվել է Ս. Հռիփսիմե վանքի գավթի ձախակողմում:
Աստվածատուր Ա Համադանցու անակնկալ մահվան և երկրի քաղաքական անապահով վիճակի պատճառով առ ժամանակ հայրապետական աթոռը մնացել է թափուր, իսկ Ս. Էջմիածնի միաբաններն էլ ցրվել–հեռացել են: Այդ և այլ պատճառներով հնարավոր չի եղել նոր կաթողիկոսի ընտրությունները կազմակերպել Էջմիածնում: Ընտրությունների նախաձեռնությունն ստանձնել է Կ. Պոլսի Հայոց պատրիարք Հովհաննես Կոլոտ Բաղիշեցին, որի առաջարկությամբ և Ազգային–եկեղեցական ժողովի մասնակիցների քվեարկությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվել Կարապետ եպիսկոպոս Ուլնեցին:
Նա նախապես եղել է Կ. Պոլսի պատրիարքական աթոռի միաբան: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, աշակերտել Ստեփանոս արքեպ. Զեյթունցուն: 1681–ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1694–ին Նահապետ Ա Եդեսացու կողմից օծվել է եպիսկոպոս և նշանակվել Գալաթիայի (Անկյուրիա) հայոց թեմակալ առաջնորդ (1694–1726): Ամենայն Հայոց կաթողիկոս է օծվել 1726–ի փետրվարի 27–ին Կ. Պոլսի Ս. Աստվածածին Մայր եկեղեցում:
Կաթողիկոս ընտրվելուց հետո Կարապետ Բ Ուլնեցին առժամանակ շարունակել է մնալ Կ. Պոլսում` փորձելով կարգավորել Հայոց եկեղեցու իրավաբանական ու հոգևոր–դավանական որոշ հրատապ խնդիրներ: 1727–ի հունիսին դուրս գալով Կ. Պոլսից` շրջապագայել է Օսմանյան կայսրության տարածքում գտնվող հայկական բոլոր թեմերը, մանրամասն ծանոթացել հայ բնակչության կացությանը, եկեղեցիների ու վանքերի վիճակին:
1728–ի սկզբներին ժամանելով Ս. Էջմիածին` նախ ձգտել է համախմբել ցրված միաբաններին և Մայր Աթոռում ծավալել հոգևոր–մշակութային գործունեություն: Նրա պատվերով հայտնի նկարիչ Հակոբ Հովնաթանյանը ստեղծել է Մայր Տաճարի խորանի 12 առաքյալների դիմապատկերները: Ինչ–որ չափով բարելավել է Մայր Աթոռի տնտեսական վիճակը, կարգավորել կալվածական հարաբերությունները: Հանդիմանական նամակ է գրել Հռոմի Բենեդիկտոս ԺԲ պապին` պահանջելով հետ կանչել հայերի շրջանում կաթոլիկական քարոզչությամբ զբաղվող միսիոներներին: Չնայած կարճատև գահակալությանը` Կարապետ Բ Ուլնեցու ձեռնարկներն իրավունք են տվել Մ. Չամչյանին նրան անվանելու «այր զգօն եւ իմաստուն, փառացի անձամբ եւ գովելի վարուք, եւ սիրելի յաչս ամենեցուն»:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets