ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Աբրահամ Գ Կրետացի (1734 - 1737)

ԱԲՐԱՀԱՄ Գ ԿՐԵՏԱՑԻ
(Թեքիրդաղցի, Թրակացի, Ռոդոստոցի) (1734–1737)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1734–ից: Հաջորդել է Աբրահամ Բ Խոշաբեցուն:

Ծնվել է XVll դ. 70–ականներին, Կրետեի Կանդիա քաղաքում, մահացել 1737–ի ապրիլի 18–ին Վաղարշապատում: Թաղվել է Շողակաթ վանքի զանգակատան ձախակողմյան հատվածում:
Ծնողներն են արքունի ճարտարապետ կեսարացի Թոսունենց Արզումանը և Մահտեսի Մարիամը, որը եղել է հույն: Աշակերտել է Հովսեփ Աստվածաբան վարդապետին, ստացել աստվածաբանական փայլուն կրթություն, դարձել Երուսաղեմի միաբանության անդամ, ապա` նվիրակ: Եպիսկոպոս է ձեռնադրվել Աղեքսանդր Ա Ջուղայեցու կողմից:
1709–ին նշանակվել է Թեքիրդաղի թեմի առաջնորդ: Կարևոր դեր է խաղացել թեմի տարածքում կաթոլիկական միսիաների գործունեությունը արգելելու և Հայոց եկեղեցու դավանական անկախությունն ու ինքնուրույնությունը պաշտպանելու գործում: 1719–1721–ներին որպես ուխտավոր այցելել է Երուսաղեմ, իսկ 1734–ին` Ս. Էջմիածին, ջերմ ընդունելության արժանացել Աբրահամ Բ Խոշաբեցու կողմից: Այցելել է Արևելյան Հայաստանի նշանավոր վանքերն ու եկեղեցիները (Հովհաննավանք, Սաղմոսավանք, Կարբի, Մուղնի, Օշական, Խոր վիրապ, Ակոռի, Հավուց թառ, Գեղարդ, Գետարգել և այլն), ի մոտո ծանոթացել երկրում տիրող հոգևոր–մշակութային ու տնտեսական կյանքին: Աբրահամ Բ Խոշաբեցու մահից հետո ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս, օծվել 1734–ի նոյեմբերի 24–ին:
1730–ական թվականների կեսերի պարսկա–օսմանյան պատերազմների ժամանակ ցուցաբերելով մեծ խորաթափանցություն, հեռատեսություն և դիվանագիտական հմտություն` անվերապահ աջակցություն է հայտնել պարսից տիրակալ Նադիր խանին, ումից կարողացել է ստանալ 35 հրովարտակ` ի շահ Հայոց եկեղեցու: Նա կարողացել է Մայր Աթոռն ազատել հարկերից, հաստատել է տվել Ամենայն Հայոց կաթողիկոսության իրավունքները, ընդարձակել Ս.Էջմիածնի կալվածքները: Աբրահամ Գ Կրետացու ջանքերով պարսկական գերությունից ազատվել և Մայր Հայրենիք են վերադարձել հազարավոր հայեր: Կարևոր հայանպաստ ձեռքբերում էր այն, որ կաթողիկոսի խնդրանքով Նադիրը հատուկ հրովարտակով զրկել է մահմեդականություն ընդունած հայերին ժառանգելու իրենց քրիստոնյա հարազատների ունեցվածքը:
Աբրահամ Գ Կրետացին զբաղվել է նաև մատենագրությամբ: Նա հեղինակ է «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր շահին պարսից» երկասիրության, որն ընդգրկում է երկու և կես տարվա ժամանակամիջոց (1734–1736) և բաղկացած է 53 ոչ մեծածավալ գլուխներից: Առաջաբանում Կրետացին խոստանում է իր և Մայր Աթոռի վերաբերյալ գրել «կարճ, համառօտ և պարզ ճշմարիտ պատմութիւն»: Այդպես էլ վարվել է. նա արձանագրում է այն ամենը, ինչ որ ինքը գործել կամ ինչքան որ մասնակցել է, ներկայացրել իրեն շրջապատող մարդկանց նկարագիրը, իր մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձությունները: Հետաքրքիր են հատկապես նրա և Նադիրի հանդիպումների մանրամասները: Բովանդակ արևելագիտության համար առանձնակի արժեք ունեն Եղվարդի ճակատամարտի, Մուղանի դաշտում Նադիրի թագադրության, պարսկական տերության վարչակարգի մասին հայտնած տեղեկությունները: Աշխատությունը թարգմանվել է ֆրանսերեն, ռուսերեն և հատվածաբար` պարսկերեն:
Պատմագիտական անուրանալի արժեք ունի Աբրահամ Գ Կրետացու հիշատակարանը («Ծոցի տետրակ»): Ինքնագիր այս հիշատակարանը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք բացակայում են «Պատմության» բուն տեքստում և ունեն աղբյուրագիտական մեծ արժեք: Աբրահամ Գ Կրետացու կոնդակներից հայտնի են հինգը, որոնցից երեքը հրատարակվել են: Նա եղել է նաև հմուտ գրիչ. ընդօրինակել է Հովհան Ոսկեբերանի աշխատություններից մեկը և մի նոտրագիր Մայր Մաշտոց, ծաղկել ձեռագրեր (Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր դ 969, ժամանակը` 1720–1721–ին, վայրը` Երուսաղեմ):

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets