ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ղազար Ա Ջահկեցի (1737 - 1751)

ՂԱԶԱՐ Ա ՋԱՀԿԵՑԻ
(Ճահկեցի) (1737–1751)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1737–ից: Հաջորդել է Աբրահամ Գ Կրետացուն:

Ծնվել է մոտավորապես 1685–ին Նախիջևանի Ջահուկ (Ճահուկ) գյուղաքաղաքում, մահացել 1751–ի սկզբներին Վաղարշապատում: Ամփոփվել է Ս.Գայանե վանքի գավթի աջակողմում:
Ըստ Ղազար Ջահկեցու աշակերտ ու կենսագիր Հովհաննես Ամասիացու` 16–ամյա հասակում Ղազար Ջահկեցին ընդունվել է Շատիկի Անապատի դպրոցը և ուսումնառությունից հետո վանահայր Ստեփանոս Կաֆայեցու կողմից քարոզչության է ուղարկվել Ամասիա, որտեղ մնացել է մեկ տարի:
Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսի հրավերով ժամանել է Էջմիածին և ձեռնադրվել եպիսկոպոս, իսկ այնուհետև ուղարկվել նվիրակության Պոնտոս, Ամասիա, Եվդոկիա և Կեսարիա: Նվիրակությամբ էր զբաղված, երբ վախճանվեց Աստվածատուր Ա Համադանցին և շուտով կաթողիկոս օծվեց Կարապետ Բ Ուլնեցին: Վերադառնալով Էջմիածին` Ղազար Ջահկեցին կրկին նվիրակության է ուղարկվում, այս անգամ Ռումելի և Կաֆա, իսկ Կաֆայում եղած ժամանակ լուր է ստացվում Կարապետ Բ Ուլնեցի կաթողիկոսի վախճանի ու Աբրահամ Բ Խոշաբեցու ընտրության մասին: Վերադառնալով Էջմիածին` Ղազար Ջահկեցին սիրալիր ընդունելության է արժանանում նորընտիր կաթողիկոսի կողմից: Էջմիածնի կուտակված պարտքերի վճարման նպատակով Ղազար Ջահկեցին կաթողիկոսից հրաման է ստանում նվիրակության գնալու Կ. Պոլիս: 1730–ին Թահմասպ շահի արշավանքը դեպի Երևան որոշ ժամանակ խոչընդոտում է ուղևորությունը, սակայն շահի հեռանալուց հետո Ղազար Ջահկեցին իր ուղեկից Հովհաննես Ամասիացու հետ ուղևորվում է Կարս, այնուհետև` Դարանաղյաց գավառ, Եվդոկիա, և ապա Կ. Պոլսում հյուրընկալվում Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի պատրիարքի մոտ: Ավարտելով նվիրակությունը Կ. Պոլսում և Սկյուտարում` Թրակիայի առաջնորդ Աբրահամ Կրետացու կողմից հրավիրվում է Ադրիանուպոլիս, որտեղ ավարտելով նվիրակությունը, կրկին ժամանում է Կ. Պոլիս: Շարունակելով նվիրակությունը` նա անցնում է Նիկոմեդիա, Քյոթահիա, Բուրսա և Զմյուռնիա, որտեղ և որպես հայրապետական նվիրակ համեմատաբար մնացել է երկար:
Իր ճարտասանությամբ, նվիրակությունների ընթացքում քարոզչական արվեստով ու հոգևոր եկեղեցական աշխույժ գործունեությունը զուգակցելով գրական վաստակով` Ղազար Ջահկեցին որոշակի հեղինակություն էր ապահովել, որի շնորհիվ Աբրահամ Գ Կրետացու մահից հետո Գրիգոր Շղթայակիր և Հովհաննես Կոլոտ պատրիարքներից հետո նա համարվում էր կաթողիկոսական աթոռի առավել ընդունելի թեկնածու: Գրիգոր Շղթայակրի ու Հովհաննես պատրիարքի հրաժարականներից հետո ընտրությունը կանգ է առնում Ղազար Ջահկեցու թեկնածության վրա, և նա Զմյուռնիայից ճանապարհվում է Էջմիածին ու ստանձնում կաթողիկոսական գահը:
Էջմիածնում Ղազար Ա Ջահկեցին ծավալել է բուռն գործունեություն: Նրա գահակալումը համընկել է Իրանում Նադիր շահի (1736–1747) կառավարման ալեկոծ ժամանակներին, երբ կենտրոնացված պետության ստեղծմանն ուղղված վերջինիս քաղաքականությունն ուղեկցվել է հարկահավաքման խստացումներով ու դաժան պատիժներով:
Նադիր շահի պահանջով Ղազար Ա Ջահկեցին 1744–ին այցելել է Մեշհեդ, որտեղ պարտադրվել է վճարել ծանր տուգանք և ապա ձերբակալվել: Հակոբ եպս. Շամախեցին, որ կաթողիկոսական տեղապահն էր, լայն միջնորդություններ է կազմակերպել Նադիր շահին համոզելու` Հայոց կաթողիկոսին ազատ արձակելու և կրկին իր աթոռին վերադարձնելու նպատակով: Վեց ամիս անց Ղազար Ա Ջահկեցին բանտից ազատվել է և վերահաստատվել կաթողիկոսական գահին: Պարսկական իշխանությունների բռնություններից խույս տալու համար նա փախել է Կարին: Էջմիածնում հրավիրված ժողովը զրկել է նրան կաթողիկոսական գահից, աքսորել Սևան և կաթողիկոս ընտրել Պետրոս արքեպ. Քյություրին: Սակայն 10 ամիս անց Ղազար Ա Ջահկեցուն հաջողվում է ազատվել բանտից, վերադառնալ Էջմիածին և կրկին բազմել կաթողիկոսական աթոռին: Պետրոս Քյություրը ձերբակալվում է, ուղարկվում Ջահուկ, որտեղ և կնքում է իր մահկանացուն: Աջակցել է Իմամ Ջաֆարի օրենքի կիրարկումից և Նադիր շահի հալածանքներից խույս տված, Նախիջևանից Արևմտյան Հայաստան ու Զմյուռնիա փոխադրված բնակչությանը սեփական ծննդավայրեր վերադարձնելու գործին:
Կառուցել է Էջմիածնի վանքի Վեհարանը և Ղազարապատ հյուրատունը: Ղազար Ա Ջահկեցին Մայրավանք է հրավիրել Նաղաշ Հովնաթանի Հակոբ և Հարություն որդիներին, որոնք 1750–ին Մայր Տաճարում կատարել են ծաղկազարդման աշխատանքներ:
Երկասիրել է «Գիրք Աստուածաբանութեան, որ կոչի Դրախտ ցանկալի» աշխատությունը (1735), որ նվիրված է Հայոց ինքնության, հայրենիքի ազատագրության ու եկեղեցու դավանանքի պաշտպանությանը, գրել է տաղեր, որ ամփոփված են «Գիրք նորաբոյս, որ կոչի երգարան» (1737), «Գիրք աղօթից, որ կոչի Աստուածաղերս» (1744):

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets