ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ղուկաս Ա Կարնեցի (1780 - 1799)

ՂՈՒԿԱՍ Ա ԿԱՐՆԵՑԻ 
(1780–1799) 
Ամենայն Հայոց կաթողիկոս 1780–ից: Հաջորդել է Սիմեոն Ա Երևանցուն: 

Ծնվել է 1722–ին Կարին գավառի Կեղի (Քղի) գյուղում: Մահացել է 1799–ի դեկտեմբերի 28–ին Վաղարշապատում, ամփոփվել Ս. Գայանե վանքի գավթի հարավակողմում: 
Ղուկաս Կարնեցին կրթությունն ստացել է Էջմիածնի հոգևոր դպրոցում, որտեղ այն տարիներին ուսուցիչ էր ապագա կաթողիկոս Սիմեոն Երևանցին: Նրան համարել են Սիմեոնի «շնորհածին և անդրանիկ որդին»: 
1751–ին Ղուկաս Կարնեցին Էջմիածնի վանքում ձեռնադրվում է քահանա, այնուհետև նվիրակի պաշտոնով մեկնում Ռումելի: Ռումելիի թեմը մեծ թեմերից էր, նրա մեջ մտնում էին միմյանցից զգալի հեռավորության վրա գտնվող և տարբեր երկրների կազմի մեջ եղած հայ գաղթավայրեր: Ըստ Սիմեոն Երևանցու «Ջամբռ» ժողովածուի` Ռումելիի թեմն այն ժամանակ ընդգրկում էր Ռումինիայի, Մոլդովիայի, Բուլղարիայի և Ղրիմի հայաշատ բնակավայրերը: Պետք է կարծել, որ Ղուկաս Կարնեցին հաջողությամբ է կատարել այդ հանձնարարությունները, որովհետև վերադառնալուց հետո` 1763–ի հունիսի 17–ին, Սիմեոն Ա Երևանցու կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս: 1764–ի մարտի 11–ին Ղուկաս Կարնեցին ուղարկվում է Զմյուռնիա` որպես առաջնորդ ու նվիրակ: 
Երբ լրացել է Ղուկաս Կարնեցու նվիրակության ժամկետը, զմյուռնացիները կաթողիկոսից խնդրել են նրան թողնել իրենց մոտ: Սիմեոն Ա Երևանցին համաձայնել է: Երբ ավարտվում է երկրորդ ժամկետը, Ղուկաս Կարնեցին գրավոր խնդրում է կաթողիկոսից հետ կանչել իրեն, սակայն Սիմեոն Ա Երևանցին «ոչ կարաց ... զայլ ոք յղել անդ, ապա երրորդ անգամ կարգեաց զնա նուիրակ և առաջնորդ»: 
Կաթողիկոսն, ի դեմս իր նախկին աշակերտի, տեսնում էր ազդեցիկ, գործիմաց, շրջահայաց և կազմակերպչական ակնառու տվյալներով օժտված մի հոգևորականի, որին կարելի էր այն ծանր ու դժվարին պայմաններում վստահել Հայոց եկեղեցու ղեկավարությունը: Ուստի, հետ բերելով նրան Էջմիածին` քաղաքական բուռն իրադարձությունների մեջ ուժասպառ եղած Սիմեոն Ա Երևանցին ծրագրել էր Ղուկաս Կարնեցուն որպես խորհրդական պահել իր կողքին: 
1775–ի հունիսի 23–ին Ղուկաս Կարնեցին դուրս է գալիս Զմյուռնիայից և հաջորդ տարվա սկզբներին` շուրջ տասներկու տարի բացակայելուց հետո վերադառնում Էջմիածին: 1780–ի հուլիսի 26–ին մահանում է Սիմեոն Ա Երևանցին: Մահից երկու օր առաջ նա կանչել էր բոլոր եպիսկոպոսներին և հայտնել, որ ինքը Ղուկասին պահել էր իր մոտ, որ «յաջորդաբար նա լիցի Հայրապետ և կառավարեսցէ զսուրբ Աթոռ յայսմ վտանգածին և վրդովեալ ժամանակիս»: 
Սիմեոն Ա Երևանցու թաղումից յոթ օր անց` օգոստոսի 2–ին` կիրակի օրը, Ղուկաս Կարնեցին օծվեց կաթողիկոս: Էջմիածնի միաբանները, հաշվի առնելով ստեղծված պայմանները, ստիպված էին արտակարգ հապճեպությամբ, առանց դրսի հայերի գիտության ու համաձայնության կատարել նոր կաթողիկոսի ընտրությունը` մի բան, որ կարող էր հայության մեջ դժգոհություն և պառակտում առաջ բերել: 
Ղուկաս Ա Կարնեցին գործնական քայլեր է ձեռնարկել օտար տիրապետություններից Հայաստանի ազատագրության ուղղությամբ: 1782–ին դիմել է ռուսական կառավարությանը` հայ ժողովրդին պարսկական տիրապետությունից ազատագրելու խնդրանքով: 1796–ին հատուկ խնդրագիր է հղել Ռուսաստանի կայսր Պավել l–ին, որպեսզի վերջինս իր հովանավորության տակ վերցնի հայ ժողովրդին և ճանաչի Ս.Էջմիածնի հոգևոր իշխանությունը Ռուսաստանի հայերի նկատմամբ (այդ խնդրանքը բավարարվել է 1798–ի փետրվարի 26–ի կայսերական հրովարտակով): Թեև Ղուկաս Ա Կարնեցու գործունեությունը ընթացավ քաղաքական անբարենպաստ պայմաններում, բայց և այնպես նա կարողացավ իրականացնել մի շարք շինարարական ու վերանորոգչական աշխատանքներ: 1786–ին Հովնաթան Հովնաթանյանին նկարազարդել է տվել Էջմիածնի Մայր Տաճարը: Նրա հորդորանքով է, որ Հարություն Շմավոնյանը 1794–ին Մադրասում հրատարակել է հայկական առաջին պարբերական «Ազդարար»–ը: Մեզ են հասել Ղուկաս Ա Կարնեցու գրագրությունների սևագիր մատյանները, ինչպես և բազմաթիվ կոնդակներն ու նամակները (մոտ 6000), որոնք գրվել են նրա գահակալության տարիներին տարբեր վայրերում գտնվող նվիրակներին ու առաջնորդներին, աշխարհիկ ու հոգևոր անձանց: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets