ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Դանիել Ա Սուրմառեցի (1804 - 1808)

ԴԱՆԻԵԼ Ա ՍՈՒՐՄԱՌԵՑԻ 
(Բայազետցի) (1801–1802, 1807–1808) 
Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվել 1801–ին, սակայն գահակալել է 1807–ից: Հաջորդել է Դավիթ Ե Էնեգեթցուն: 

Ծն. թ. անհտ., գ. Սուրմելի (Երևանի խանության Սուրմալուի մահալ): Մահացել է 1808–ի հոկտեմբերի 9–ին Երևանում, աճյունն ամփոփվել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարի զանգակատան մոտ: 
Ուսումնառությունն ստացել է Ս.Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում: Վարչական կարևոր պաշտոններ է զբաղեցրել Մայր Աթոռում: 1796–ին Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի կողմից նվիրակ է ուղարկվել Զմյուռնիա և Ռումելի: Ռումելիի Հայոց հոգևոր առաջնորդ (1797–1799), Կ.Պոլսի Հայոց պատրիարք (1799–1800): Նշանակալից ջանքեր է թափել Կ. Պոլսի պատրիարքական աթոռի դերը բարձրացնելու ուղղությամբ: Հատկանշական է, որ կարողացել է թուրքական իշխանություններից արտոնություն ստանալ Ղալաթիայի` տարիներ ի վեր հրկիզյալ եկեղեցին վերականգնելու (1799): Ժամանակակիցը նրան բնութագրում է որպես «այր խոհեմազարդ եւ գովելի վարուք, միանգամայն եւ շքեղ կերպարանօք»: Ղուկաս Ա Կարնեցու մահից հետո առաջադրվել է կաթողիկոսության թեկնածու, սակայն ռուսաց կառավարության միջամտությամբ կաթողիկոս է ընտրվել Հովսեփ արքեպ. Արղության–Երկայնաբազուկը: Հովսեփ արքեպ. Արղությանի մահից հետո երկրորդ անգամ առաջադրվել և ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս (16 մարտի, 1801): Սակայն Կ. Պոլսից մինչև Ս. Էջմիածին հասնելը, հակառակ Մայր Աթոռի միաբանության կամքի, ռուսական կառավարության աջակցությամբ կաթողիկոսական աթոռը գրավել է Դավիթ եպիսկոպոս Էնեգեթցին (28 ապրիլի, 1801): Դանիել Ա Սուրմառեցու կողմնակիցներն էլ 1802–ի մայիսի 25–ին Բագրևանդի Ս. Հովհաննես եկեղեցում Աղթամարի Կարապետ կաթողիկոսի և 15 եպիսկոպոսների կողմից նրան օծել են Ամենայն Հայոց կաթողիկոս: Կաթողիկոսական գահի համար բուռն պայքար է սկսվել թեկնածուների միջև, որ պատմության մեջ հայտնի է «Դավիթ–Դանիելյան կռիվ» անունով: Դավիթ Ա Էնեգեթցի կաթողիկոսը կարողացել է 1802–ի նոյեմբերին Դանիել Ա Սուրմառեցուն բռնությամբ դուրս բերել Բայազետից և տեղափոխել Էջմիածին, որտեղ վերջինս կալանավորվել է, ապա` պարսից Ֆաթհ Ալի շահի հրամանով աքսորվել Մարաղա (1804-1807): Քաղաքական իրադրության կտրուկ փոփոխության հետևանքով ռուսական կառավարությունը շուտով սկսել է աջակցել Դանիել Ա Սուրմառեցուն: «Դավիթ–Դանիելյան կռիվն» ավարտվել է նրանով, որ պարսկական կառավարությունը 1807–ին Դանիել Ա Սուրմառեցուն հետ է կանչել աքսորից և ստիպել Դավիթ Ա Էնեգեթցուն հրաժարվել կաթողիկոսական աթոռից: Դանիել Ա Սուրմառեցին կաթողիկոսական գահ է բարձրացել 1807–ի մայիսի 14–ին: 
Որպես կաթողիկոս Դանիել Ա Սուրմառեցին չի հասցրել քիչ թե շատ նշանակալից գործունեություն ծավալել: 1808–ին հիմնել է Ս. Էջմիածնի բարձրագույն խորհրդարանը` Սինոդը, որը սահմանափակել է կաթողիկոսի իշխանությունը և կոլեգիալության սկզբունք մտցրել եկեղեցու կառավարման գործում: 1808–ի սեպտեմբերի ռուսական զորքերի երևանյան երկրորդ արշավանքի ժամանակ Երևանի Հյուսեին–ղուլի խանը Դանիել Ա Սուրմառեցուն տեղափոխել է իր մոտ: Այստեղ էլ` խանի պալատում, 1808–ի հոկտեմբերի 9–ին Դանիել Ա Սուրմառեցին կնքել է իր մահկանացուն: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets