ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Եփրեմ Ա Ձորագեղցի (1809 - 1831)

ԵՓՐԵՄ Ա ՁՈՐԱԳԵՂՑԻ 
(1809–1830) 
Ամենայն Հայոց կաթողիկոս 1809–ից: Հաջորդել է Դանիել Ա Սուրմառեցուն: 

Ծնվել է 1748–ին Երևանին մերձ Ձորագեղ գյուղում (այժմ` Երևանի սահմանագծում): Մահացել է 1835–ի հուլիսի 16–ին Վաղարշապատում, ամփոփվել Ս. Գայանե վանքի միաբանական գերեզմանատանը: 
Սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում, աչքի ընկել արտակարգ ընդունակություններով ու առաջադիմությամբ, խորացել աստվածաբանական գիտության մեջ: 
Մայր Աթոռում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ: Երկար տարիներ Հնդկաստանում եղել է նվիրակ: 1799–ին Ղուկաս Ա Կարնեցու կարգադրությամբ նվիրակի պաշտոնով տեղափոխվել է Ռուսաստան: Հովսեփ արքեպ. Արղության–Երկայնաբազուկի` Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվելու կապակցությամբ վերջինիս կողմից առաջադրվել է Ռուսաստանի Հայոց թեմակալ առաջնորդ: Թեմակալ առաջնորդ եղած տարիներին զգալի դեր է խաղացել հայ–ռուսական հարաբերություններն ավելի գործնական հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Ունենալով շեշտված ռուսական կողմնորոշում` Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու և հայկական անկախ պետականության ստեղծման գործընթացն ամբողջությամբ պայմանավորել է Ռուսաստանից սպասվելիք օգնությամբ: Այդ նպատակով սերտ կապեր է պահպանել ռուսահայ և հնդկահայ ազատագրական շարժման գործիչների հետ: «Դավիթ–Դանիելյան կռվի» ընթացքում անվերապահորեն պաշտպանել է Դանիել Ա Սուրմառեցուն: Վերջինիս մահից հետո Էջմիածնի միաբանությունը Եփրեմ Ձորագեղցու թեկնածությունն առաջադրել է կաթողիկոսական ընտրության համար: Նրա թեկնածությունն արժանացել է ինչպես Ռուսաց կայսր Ալեքսանդր l–ի, այնպես էլ Պարսից թագաժառանգ Աբաս–Միրզայի հավանությանը: 1809–ի օգոստոսի 20–ին իշխան Հովակիմ Լազարյանի ուղեկցությամբ ներկայացել է Ալեքսանդր l–ին, որի կողմից արժանացել է Ս. Աննայի առաջին աստիճանի շքանշանի: Սեպտեմբերի 12–ին Մոսկվայի Հայոց եկեղեցում մատուցել է կաթողիկոսական առաջին պատարագը, որին ներկա է գտնվել կայսրն իր ընտանիքի անդամների և կառավարության ներկայացուցիչների հետ: Եփրեմ Ա Ձորագեղցու կաթողիկոսական օծումը կատարվել է 1810–ի նոյեմբերի 6–ին: 
Նրա ընտրությունն ու կաթողիկոսական գահ բարձրանալը զուգադիպել են 1804–1813–ների ռուս–պարսկական պատերազմի իրադարձություններին: Նորընտիր կաթողիկոսը հսկայական ջանք է թափել Մայր Աթոռը վտանգից զերծ պահելու համար: 1813–ի հոկտեմբերին Գյուլիստանի Ռուս–պարսկական հաշտության պայմանագիրը նախապատրաստելու ժամանակ կողմերի միջև հանդես է եկել որպես միջնորդ: Կաթողիկոսական գործունեության առաջին շրջանում գործուն մասնակցություն է ունեցել իրադարձություններին: Նրա միջնորդությամբ է, որ ցարական կառավարությունը 1815–ին լուծարել է Աղվանից կաթողիկոսությունը և փոխարենը հաստատել նվիրապետական տեսակետից Ամենայն Հայոց կաթողիկոսությանը ենթակա մետրոպոլիտություն: Վերաբացել է Սիմեոն Ա Երևանցու հիմնած Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցը (1813), փորձել բարելավել Մայր Աթոռի տնտեսական ծանր վիճակը: 
Նրա օրոք էլ ավելի են խստացել պարսկական կառավարության բըռնությունները, Մայր Աթոռն ընկել է ծանր պարտքերի տակ: Դրանք վճարելու համար Եփրեմ Ա Ձորագեղցին ստիպված է եղել անձամբ զբաղվել նյութական միջոցների հանգանակությամբ և 1822–ին մեկնել է Շուշի: Պարսկական հալածանքներից ու հետապնդումներից խույս տալու նպատակով առանձնացել է Հաղպատի վանքում (1822–1826), ապա` տեղափոխվել Թիֆլիս, որտեղ մնացել է մինչև 1828–ը: Մայր Աթոռ Ս. Էջմիածին է վերադարձել 1828–ի հունիսի 15–ին: Կյանքի այս շրջանում եղել է հիվանդ և մեծ մասամբ անկողնուն գամված, ուստի կաթողիկոսարանի ընթացիկ գործերը վարել են մերձավորագույն հոգևորականներն ու Սինոդը: Անկարելի համարելով իր հետագա կաթողիկոսական գործունեությունը` Եփրեմ Ա Ձորագեղցին 1830–ի հոկտեմբերի 8–ին հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Սինոդի կողմից և հաստատվել ցարական հրովարտակով: Կյանքի վերջին հինգ տարիներին (1830–1835) եղել է Մայր Աթոռի միաբանության անդամ, և անվանվել է «Երիցագոյն սրբազնասուրբ կաթողիկոս»: Մահացել է երկարատև ու ծանր հիվանդությունից հետո 85 տարեկան հասակում: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets