ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Հովհաննես Ը Կարբեցի (1831 - 1842)

ՀՈՎՀԱՆՆԵՍ Ը ԿԱՐԲԵՑԻ 
(1831–1842) 
Ամենայն Հայոց կաթողիկոս 1831–ից: Հաջորդել է Եփրեմ Ա Ձորագեղցուն: 

Ծնվել է 1762–ին Հովհաննավանք գյուղում (Կարբի գյուղից ոչ հեռու): Մահացել է 1842–ի մարտի 26–ին Վաղարշապատում, ամփոփվել Մայր Տաճարի դռան առջև` զանգակատան հյուսիսային կողմում: 
Սովորել է Մուղնու վանական և էջմիածնի Ժառանգավորաց դպրոցներում: Կուսակրոն քահանա է ձեռնադրվել Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի օրոք: Վարդապետական աստիճան ստանալուց հետո ուղարկվել է նվիրակության: 1807–ին Դանիել Ա Սուրմառեցու կողմից օծվել է եպիսկոպոս: 
Մայր Աթոռում զբաղեցրել է երկրորդական պաշտոններ: Հետագայում հմտորեն օգտագործելով Եփրեմ Ա Ձորագեղցու և Ներսես արքեպ. Աշտարակեցու միջև գոյություն ունեցող որոշ տարաձայնություններ` կարևոր դիրք է գրավել Հայոց եկեղեցու կառավարման մեջ: 
Եղել է Վրաստանի Հայոց թեմի հոգևոր առաջնորդ (1829–1831): Այդ տարիներին լայն հալածանքներ են սկսվել Ներսես Աշտարակեցու կոկողմնակիցների դեմ, հատկապես շատ է տուժել Ներսիսյան դպրոցը, որը հայտնվել է փակման վտանգի առջև: Եփրեմ Ա Ձորագեղցու հրաժարականից հետո (8 հոկտեմբեր, 1830) Էջմիածնի միաբանության կողմից առաջադրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս, նրա թեկնածությունը պաշտպանվել է նաև ցարական կառավարության կողմից: Ընտրությունները տեղի են ունեցել կառավարության կողմից մշակված «Կանոններ ընտրությունների մասին» փաստաթղթի հիման վրա, որի արդյունքում Հովհաննես Կարբեցին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: 1831–ի հունիսի 30–ի Նիկոլայ l–ի հատուկ հրովարտակով վավերացվել է այդ ընտրությունը: Օծումը տեղի է ունեցել 1831–ի նոյեմբերի 8–ին: Հովհաննես Ը Կարբեցին Հայոց կաթողիկոսներից առաջինն է, որին տրվել է թվահամար և մակդիր` Հովհաննես Ը (Ութերորդ), նրա ժամանակ էլ ընդունվել է նախորդ Հայոց կաթողիկոսներին պատմականորեն թվահամար–մակդիրով տարբերակելու սկզբունքը: Հովհաննես Ը Կարբեցին չի վայելել ոչ միայն Կ. Պոլսի և Երուսաղեմի պատրիարքական աթոռների համակրանքը, այլև Մայր Աթոռի և ներքին թեմերի բարձրաստիճան շատ հոգևորականներ նրա հանդեպ որդեգրել են շեշտված ընդդիմադիր կեցվածք: 
Հովհաննես Ը Կարբեցու օրոք սկսվել է ցարիզմի կողմից Մայր Աթոռի գործունեությունը Ռուսական կայսրության կարգերին համապատասխանեցնելու քաղաքականությունը: Ցարական կառավարությունը Արևելյան Հայաստանի միացումից անմիջապես հետո ձեռնամուխ է եղել Հայոց եկեղեցու վերաբերյալ կանոնադրության մշակմանը: Դեռևս 1830–ի մարտին հատուկ գաղտնի հանձնաժողովը Կովկասի կառավարչապետ Ի. Ֆ. Պասկևիչին ներկայացրել է Հայ եկեղեցու ներքին կյանքը կարգավորող կանոնադրության նախագիծը: Հովհաննես Ը Կարբեցին չի կարողացել դիմակայել ցարիզմի եկեղեցական քաղաքականությանը և միայն «մասնավոր» կարգով է փորձել միջամտել կանոնադրության նախագծի մշակմանը: 
Կանոնադրության նախագիծը որոշ փոփոխությունների ենթարկելուց հետո Նիկոլայ l–ի կողմից վավերացվել է 1836–ի մարտի 11–ին և սկսել գործադրվել 1837–ի հունվարի 1–ից: Այս կանոնադրությունը էապես կրճատել է Ամենայն Հայոց կաթողիկոսի և ընդհանրապես Հայոց եկեղեցու իրավասությունները: Հովհաննես Ը Կարբեցին խուլ տրտունջով է ընդունել այս բոլորը, թեև առարկություններ է ներկայացրել կառավարությանը, սակայն դրանք հաշվի չեն առնվել: 
Հովհաննես Ը Կարբեցու առջև ծառացած կարևոր խնդիրներից է եղել հոգևոր ուսումնական համակարգի` ծխական դպրոցների, սեմինարիաների և ճեմարանի կազմակերպումը: Կարողացել է վերականգնել Ժառանգավորաց դպրոցի և տպարանի գործունեությունը, կազմակերպել Երևանի (1837), Ղարաբաղի (1838) և Աստրախանի սեմինարիաների աշխատանքը: 
Հովհաննես Ը Կարբեցու կաթողիկոսության վերջին շրջանում ռուսական մամուլում և առանձին մասնագիտական հրատարակություններում ուժեղացել են հարձակումները Հայոց եկեղեցու և նրա պաշտոնական դավանանքի դեմ, որոնցում հայերն անվանվել են արիոսական և հերետիկոս: Հովհաննես Ը Կարբեցին 1841–ի հուլիսի 31–ին Նիկոլայ l–ին ուղղված պաշտոնական հիշատակագրով հերքել է այդ մեղադրանքները: Արդյունքում ցարական կառավարությունը արգելել է Հայոց եկեղեցու դեմ գրությունների հրատարակությունը: Հովհաննես Ը Կարբեցու օրոք է կառուցվել Էջմիածնի Սինոդի շենքը, կարգավորվել է գրադարանը, կատարվել են առանձին շինարարական ձեռնարկներ: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets