ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ներսես Ե Աշտարակեցի (1846 - 1857)

ՆԵՐՍԵՍ Ե ԱՇՏԱՐԱԿԵՑԻ 
(Շահ–Ազիզյան) (1843–1857) 
Ամենայն Հայոց կաթողիկոս 1843–ից: Հաջորդել է Հովհաննես Ը Կարբեցուն: 

Ծնվել է 1770–ի փետրվարի 13–ին Աշտարակում` Հարություն քահանա Շահ–Ազիզյանի ընտանիքում: Մահացել է 1857–ի փետրվարի 13–ին Թիֆլիսում: Աճյունն ամփոփվել է Մայր Տաճարի գավթի աջակողմում: 
Սովորել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում: 1791–ին ձեռնադրվել է սարկավագ, 1794–ին` վարդապետ: Կրոնա–եկեղեցական զանազան հանձնարարություններով ուղարկվել է Կ. Պոլիս, Զմյուռնիա, Մոլդովա, Վալախիա, Բեսարաբիա, Նոր Նախիջևան, Հյուսիսային Կովկաս և այլուր: 1808–ին ձեռնադրվել է եպիսկոպոս: Գործուն մասնակցություն է ունեցել XlX դարասկզբի ռուս–պարսկական և ռուս–թուրքական պատերազմների բոլոր էական իրադարձություններին: Նպաստել է ռուսական բանակների պարենավորմանը: 
Կաթողիկոսական գահի համար Դավիթ–Դանիելյան պայքարի ընթացքում պաշտպանել է Դանիել Ա Սուրմառեցու թեկնածությունը: Աջակցություն է ցուցաբերել Եփրեմ Ա Ձորագեղցուն` կաթողիոսական ընտրությունների ժամանակ: Եղել է վերջինիս մերձավորագույն զինակիցը: 1814–ին նշանակվել է Վրաստանի և Իմերեթի Հայոց հոգևոր առաջնորդ: Կարևոր դեր է խաղացել Վրաստանի հայոց կրթական կյանքը բարելավելու գործում: 1815–ին Թիֆլիսի «Կոշկ» արվարձանում հիմնադրել է վանական դպրոց: 1824–ի փետրվարի 24–ին Թիֆլիսում հիմնադրել է Ներսիսյան դպրոցը, որը Կովկասի առաջին խոշոր ուսումնական հաստատությունն էր և առհասարակ ամբողջ Ռուսական կայսրության XlX դարի լավագույն դպրոցներից մեկը: Այս ուսումնական հաստատությունում հայ աշակերտների հետ միասին ուսանել են նաև վրացի, հույն, հրեա և թուրք երեխաներ: Ներսես արքեպ. Աշտարակեցու ջանքերով 1826–ին Թիֆլիս է տեղափոխվել Ամստերդամի հայկական տպարանը, որով սկիզբ է դրվել Թիֆլիսի հայկական տպագրությանը: 
Լայն և եռանդուն գործունեություն է ծավալել 1826–1828–ների ռուս–պարսկական պատերազմի ժամանակ: Կրակոտ շրջաբերականներով ոգևորել է իր հայրենակիցներին, կազմակերպել կամավորական ջոկատներ և առաջնորդել ռազմաճակատ, անձամբ մասնակցել Էջմիածնի, Սարդարապատի և Երևանի ազատագրական մարտերին: Պարգևատըրվել է Ռուսական բարձրագույն «Ս.Անդրեյ Նախավկայի», «Ալեքսանդր Նևսկի» և այլ շքանշաններով: 
Երևանի գրավումից անմիջապես հետո նշանակվել է Երևանի ժամանակավոր վարչության անդամ, գործուն դեր է խաղացել Պարսկաստանից հայերի ներգաղթի կազմակերպման մեջ: Ներսես արքեպ. Աշտարակեցին XlX դ. 20–ականներին հայոց ազատագրական շարժման և վերջինիս ռուսական կողմնորոշման խտացումն ու մարմնավորումն էր: Դեռևս 1808–ի նոյեմբերի 21–ին գեներալ Ի. Գուդովիչին հղած նամակում հավաստելով այդ իրողությունը` նա գրել է. «Էջմիածնի Սուրբ Աթոռը մշտապես ջերմեռանդ է եղել Ռուսաց կայսրության ամենաողորմած Աթոռի, նրա զորապետների և զորքի նկատմամբ: Եվ ոչ մի դեպքում, ոչ մի ժամանակ չի խնայել և երբեք չի խնայելու իր հավատարիմ և կարելի ծառայությունը մատուցել Կայսերական Մեծությանը»: Բայց Ներսես Աշտարակեցու ռուսական կողմնորոշումը չի բխել լոկ ցարահպատակ դառնալու ցանկությունից կամ ինչ–ինչ շահախնդրությունից: Նա դժգոհ էր Թուրքմենչայի 1828–ի փետրվարի 10–ի պայմանագրի արդյունքներից, չի բավարարվել ներգաղթածների նկատմամբ ցարական իշխանությունների որդեգրած վերաբերմունքով: Ունեցել է ազգային–քաղաքական ավելի մեծ ակնկալություններ, քան Նիկոլայ l–ի 1828–ի մարտի 21–ի հրամանագրով հայերին պարգևած «Հայկական մարզը»: 
Ներսես Աշտարակեցին ունեցել է Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու ծրագիր, որը հարուցել է ցարական կառավարության դժգոհությունը, և նա, նշանակվելով Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդ (1828), հեռացվել է Անդրկովկասից: 16 տարի շարունակ լինելով Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդ` շարունակել է բուռն մասնակցություն ունենալ հայ հասարակական, քաղաքական, մշակութային–եկեղեցական կյանքին: Հովհաննես Ը Կարբեցու մահվանից հետո Մայր Աթոռի միաբանության կողմից առաջադրվել է կաթողիկոսի թեկնածու, որն արժանացել է Կ. Պոլսի և Երուսաղեմի պատրիարքությունների և ընդհանրապես բովանդակ հայության հավանությանը: Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվել 1843–ի ապրիլի 17–ին, երբ արդեն 72 տարեկան էր: Նիկոլայ l–ը ընտրությունը վավերացրել է 1843–ի հունիսի 30–ին, օծումը կատարվել է 1846–ի հունիսի 9–ին: Որպես Ամենայն Հայոց կաթողիկոս` Ներսես Ե Աշտարակեցին բուռն ընդդիմացել է 1836–ի Հայոց եկեղեցու կանոնադրությանը և փորձել վերականգնել «Պոլոժենիե»–ով ոտնահարված Հայոց կաթողիկոսի իրավունքները: Նա անտեսել է «Պոլոժենիեն», անգործության մատնել Սինոդը, գործել է ինքնուրույն և իր ձեռքը կենտրոնացրել եկեղեցական ողջ իշխանությունը` վարվելով «ես եմ կանոնադրությունը և օրենքը» նշանաբանով: Ստեղծել է մի հանձնաժողով, որը նրա գլխավորությամբ կազմել է «Պոլոժենիե»–ին միանգամայն հակառակ Հայոց եկեղեցու նոր կանոնադրություն և գործել ըստ այդմ: 
Մեծ ուշադրություն է դարձրել դպրոցաշինությանն ու լուսավորության ոլորտին: Նրա ջանքերով եկեղեցական–ծխական դպրոցները դուրս են բերվել Կովկասյան ուսումնական օկրուգի վերահսկողությունից և դրվել Մայր Աթոռի հսկողության ներքո: Մայր Աթոռում կատարած շինարարական ուշագրավ ձեռնարկներից են «Ներսիսյան լիճ» կոչված ջրավազանի և դրան կից անտառի հիմնումը: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets