ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի Չուխաճյան (1858 - 1865)

 ՄԱՏԹԵՈՍ Ա ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ 
ՉՈՒԽԱՃՅԱՆ (1858–1865) 
Ամենայն Հայոց կաթողիկոս 1865–ից: Հաջորդել է Ներսես Ե Աշտարակեցուն: 

Ծնվել է 1802–ին Կ. Պոլսում, մահացել 1865–ի օգոստոսի 22–ին Վաղարշապատում: Ամփոփվել է Ս. Գայանե վանքի գավթում: 
Եղել է Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի երևելի հոգևորականներից: 1826–ին օծվել է վարդապետ, ապա Կ. Պոլսի Ստեփանոս Աղավնի պատրիարքի հրամանով աշխատակցել Գրիգոր Փեշտիմալճյանի կողմից իրականացվող «Հայսմավուրք»–ի տպագրությանը` համաձայն Տեր Իսրայելի ընտիր օրինակի (1834): 1835–ին ընտրվել է Բուրսայի, 1841–ին` Զմյուռնիայի առաջնորդ: 
1838–ին օծվել է եպիսկոպոս: 1844–ի հուլիսի 1–ին ընտրվել է Կ.Պոլսի Հայոց պատրիարք և արդեն հուլիսի 23–ին առաջին իսկ պատարագի ժամանակ երկար ընդհատումից հետո հիշատակել Ամենայն Հայոց կաթողիկոսի (Ներսես Ե Աշտարակեցի) անունը և կարգավորել հարաբերությունները Մայր Աթոռ Ս.Էջմիածնի հետ: Սկիզբ է դրել Կ. Պոլսում գործող մյուս ժողովրդների պատրիարքների և կրոնական համայնքների ղեկավարների միջև փոխայցելություններին, որով բարձրացրել է Հայոց պատրիարքարանի հեղինակությունը: Գործնականում և տեսականորեն գաղափարական պայքար է մղել բողոքականների և կաթոլիկների դավանական նկրտումների դեմ: 1845–ին վերաբացել է դեռևս 1841–ից փակված Սկյուտարի Հայոց ճեմարանը, հիմնադրել նոր դպրոցներ: Նրա պատրիարքության ժամանակ ակտիվացել է վարժարանների, տպարանների և պարբերականների գործունեությունը: 
Մատթեոս Չուխաճյան պատրիարքի օրոք (1847–ի մայիսի 7–ին) ստեղծվել են Հոգևոր և Գերագույն ժողովները, որոնք արևմտահայերի ապագա սահմանադրական կառույցների հիմքն եղան: Արժանահիշատակ է այն փաստը, որ հետագայում հենց նրա կաթողիկոսության օրոք ընդունվեց արևմտահայերի Ազգային սահմանադրությունը: 
Պատրիարքության շրջանում Մատթեոս Չուխաճյանը հայտնի էր որպես ուսումնասեր և ուսումնական եկեղեցական, ուներ կարող և գործունյա անձի և Հայ եկեղեցու դավանության նախանձահույզ պաշտպանի, դժվարությունների առջև չընկրկող, նոր ձեռնարկների հետամուտ հոգևորականի համբավ, հռչակված էր հմուտ աստվածաբան և քարոզիչ: 
Ամիրաների ճնշման ներքո Մատթեոս Չուխաճյանը 1848–ի սեպտեմբերի 21–ին հրաժարական տվեց պատրիարքի պաշտոնից, որից հետո նշանակվեց Կ.Պոլսի Օրթագյուղ թաղի Ս. Աստվածածին եկեղեցու քարոզիչ: 1853–ի մայիսի 11–ին ընտրվել է Արմաշի վանահայր և Նիկոմիդիայի առաջնորդ և այդ պաշտոնը վարել մինչև 1854–ի դեկտեմբերի 14–ը: 1855–ին ընտրվել է Հոգևոր ժողովի ատենապետ: Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվել 1858–ի մայիսի 17–ին, օծվել` 1859–ի օգոստոսի 15–ին: 
Կաթողիկոսության շրջանում Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին մեծ ուշադրություն է դարձրել հատկապես ծխական դպրոցների գործունեության կանոնավորմանը և կազմել դրանց հոգաբարձուների խորհուրդներ` բաղկացած ընդհանրապես աշխարհական անձանցից: Դրանով իսկ ծխական ժողովրդին է փոխանցվել իր դպրոցների կարիքները հոգալու և կառավարելու հոգսը: Վավերացրել է դպրոցական կանոնադրությունները: Ավելին, դպրոցների պահպանության համար անհրաժեշտ ծախսերը հայթայթելու նպատակով եկեղեցիներից և վանքերից համապատասխան քանակի եկամուտներ է նշանակել: Այս ամենի արդյունքում արևելահայերի շրջանում դպրոցական գործը մեծ զարգացում ստացավ: 1861–ին հաստատել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի կանոնադրությունը, ինչի համաձայն է ընթացել վերջինիս հետագա ամբողջ գործունեությունը: 
Առանձնակի պետք է շեշտել Մայր Աթոռի Մատենադարան–ձեռագրատան գործունեության կարգավորման և հարդարման փաստը: Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին նշանակել է մատենադարանապետ (Դանիել վարդապետ Շահնազարյանց), անհրաժեշտ աշխատակազմ, տպագրել տվել ձեռագրերի ցուցակը («Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի Սրբոյ Աթոռոյն Էջմիածնի», Թիֆլիս, 1863, 230 էջ), ուր ընդգրկվել էր 2340 միավոր: 
Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին ձգտել է բարեփոխել Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կարգավորող «Պոլոժենիե» ցարական կանոնադրությունը, անգամ այդ ուղղությամբ կազմել է հատուկ ծրագիր` «Կարգ եւ կանոն Հայաստանեայց եկեղեցւոյ կաթողիկոսութեան», ըստ որի կաթողիկոսը պետք է օժտվեր բացարձակ և անձնական միապետական իշխանությամբ: Սակայն, այս ծրագիրը չի հաստատվել: 
Գաղափարական հայացքներով Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին պահպանողական էր, եկեղեցական ավանդության և սովորություններին անվերապահ հավատարիմ, իսկ համոզումների մեջ` քննադատական ուղղությունից հեռու: 
ժամանակի եկեղեցականության մեջ լավագույն գրական մարդն էր, իբրև գործիչ և պաշտոնական անձ բավականին արդյունավոր իր գործունեությամբ: 
Ավելի քան տասը գրքերում Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին անվերապահորեն պաշտպանել է Հայ Առաքելական եկեղեցու ազգային–ծիսական խորհուրդներն ու ավանդությունները, պայքարել պապականության և բողոքականության դեմ: 
«Խորհրդածութիւն շնորհաց եւ նշանաց եւ խորհրդոց Քրիստոնէական Սուրբ Եկեղեցւոյ» գրքում ներկայացրել է քրիստոնեական վարդապետության ընդհանրական սկզբունքները և Հայ Առաքելական եկեղեցու դավանանքը: «Հանդիսարան ուղղափառութեան Եկեղեցւոյն Հայաստանեայց» գրքում քննադատել է Հայ եկեղեցին հերձված եւ հերետիկոս համարող կաթոլիկների սին մեղադրանքները: «Ուղեցոյց քրիստոնէական ուղղափառ վարդապետութեան» գիրքը ժամանակին իրավամբ համարվել է քրիստոնեական վարդապետության առձեռն դասագիրք: 
Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին առավել հայտնի է «Բարի մարդ և բարի քրիստոնյա» գրքով, որը հակաճառություն է բողոքականների և կաթոլիկների դեմ: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets