ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Մակար Ա Թեղուտցի Տեր Պետրոսյան (1885 - 1891)

ՄԱԿԱՐ Ա ԹԵՂՈՒՏՑԻ ՏԵՐ–ՊԵՏՐՈՍՅԱՆ (1885–1891) 
Ամենայն Հայոց կաթողիկոս 1885–ից: Հաջորդել է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցուն: 

Ծնվել է 1813–ի ապրիլի 6–ին Բիթլիսի նահանգի Թեղուտ գյուղում: Մահացել է 1891–ի ապրիլի 16–ին Վաղարշապատում, ամփոփվել Մայր Տաճարի բակում: 
Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի վարժարանում: 1828–ին ընդունվել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցը, որը փայլուն առաջադիմությամբ ավարտել է 1834–ին: 1838–ին ձեռնադրվել է սարկավագ, 1842–ին ստացել վարդապետի աստիճան: 1843–ին նշանակվել է Մայր Աթոռի դպրանոցի տեսուչ, 1846–ից` Սինոդի անդամ: 1847–ին նշանակվել է Մայր Աթոռի մատենադարանապետ, զգալի աշխատանք է կատարել տարբեր վայրերում ցրված գրչագիր մատյաններն Էջմիածնում կենտրոնացնելու ուղղությամբ, այդ թվում նաև մագաղաթյա երկաթագիր` փղոսկրյա կազմով 989–ի Ավետարանը: 1852–ին Ներսես Ե Աշտարակեցու կողմից օծվել է եպիսկոպոս: 1859–ին նրան շնորհվել է արքության պատիվ և նույն թվականին էլ նշանակվել է Մայր Տաճարի լուսարարապետ: Եղել է Վիրահայոց (1864–1876) ու Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի (1873–1885) Հայոց թեմերի առաջնորդ, նշանակվել Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղապահ (1883–1885): 
1885–ի ապրիլի 21–ին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս, օծումը տեղի է ունեցել նոյեմբերի 10–ին: Կաթողիկոս ընտրվելուց հետո խնդրագիր է ներկայացրել Ալեքսանդր lll ցարին` ռուսական կառավարության կողմից փակված (1884) հայկական դպրոցները վերաբացելու համար: Նրա ջանքերի շնորհիվ է, որ հայկական դպրոցները վերաբացվել են: Բարելավվել է Գևորգյան ճեմարանի ուսումնառության դրվածքը, այն համալրվել ուսուցչական լավագույն կազմով (Հ. Հովհաննիսյան, Ստ. Լիսիցյան, Ն. Քարամյան, Ա. Նահապետյան, Մ. Օրմանյան և այլք), ուժեղացվել աստվածաբանական առարկաների դասավանդումը: Ճեմարանի լավագույն սաներին ուղարկել է Եվրոպա` բարձրագույն կրթություն ստանալու (Կ. Տեր–Մկրտչյան, Գ. Չորեքչյան և ուրիշներ): Նրա օրոք առաջին անգամ ճեմարանի երեք շրջանավարտներ ցանկություն են հայտնել դառնալու կուսակրոն` ուխտելով նվիրվել Հայաստանյայց եկեղեցու սպասավորությանը, որով ուսումնական այդ հաստատությունը սկսել է ծառայել իր հիմնական նպատակին: 
Մակար Ա կաթողիկոսը լայն ծավալի աշխատանքներ է կատարել Մայր Տաճարը հիմնովին վերանորոգելու ուղղությամբ, որոնց արդյունքում վերացել է Տաճարի ներքին խոնավությունը, նորոգվել տանիքը և փակվել պատերին առաջացած ճեղքերը: Կառուցել է Մայր Աթոռի տպարանի նոր շենքը (1889), որը զինել է Եվրոպայից բերված տպագրական նորագույն մեքենաներով ու սարքավորումներով: 
Պարգևատրվել է ռուսական կայսրության բարձրագույն` Ալեքսանդր Նևսկու շքանշանով: 
Մահացել է սրտի կաթվածից, աճյունն ամփոփվել է Մայր Տաճարի բակում: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets