ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Մկրտիչ Ա Վանեցի (1893 - 1907)

ՄԿՐՏԻՉ Ա ՎԱՆԵՑԻ 
(Մկրտիչ Խրիմյան, Խրիմյան Հայրիկ) (1892–1907) 
Ամենայն Հայոց կաթողիկոս 1892–ից: Հաջորդել է Մակար Ա Թեղուտցի Տեր–Պետրոսյանին: 

Ծնվել է 1820–ի ապրիլի 4–ին Վանում, մահացել Վաղարշապատում 1907–ի հոկտեմբերի 29–ին: Ամփոփվել է Մայր Տաճարի գավթում: 
Ծնվել է Վանի Հայնկույսներ թաղամասում: Հորեղբոր մոտ տառաճանաչություն սովորելուց հետո ուսանել է Վանին մերձակա Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում, որոնք հագուրդ չեն տալիս ուսումնատենչ պատանու ձգտումներին: Հեռանում է մենաստաններից և 5 ամիս շարունակ շրջագայում Վասպուրականի գավառներում: 
1842–ին հաստատվում է Կ. Պոլսում, կոշկակարությամբ պաշտպանում իր գոյությունը, մեծ հափշտակությամբ զբաղվում ինքնակրթությամբ: 1848–1850–ներին ուսուցչություն է անում Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասի իգական վարժարանում: 1851–ին Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ մեկնում է Կիլիկիա` տեղի հայության կյանքն ուսումնասիրելու, կրթական գործի զարգացումը խթանելու նպատակով: 
1853–ի վերջին վերադառնում է Վան, իսկ 1854–ի փետրվարին Աղթամարի կաթողիկոս Գաբրիել Շիրոյանի կողմից Աղթամարում ձեռնադրվում է վարդապետ: Մարտի 25–ին վարդապետական առաջին քարոզն է կարդում, որը եղավ նրա կյանքի խորհրդանիշը: Նրան չի հաջողվում վարդապետական գործունեություն ծավալել Աղթամարում, այն դարձնել Հայաստանի Ս. Ղազարը: Տեղի հոգևորականների հալածանքներից խույս տալով` նա հայտնվեց Կ. Պոլսում և մեծ մասնակցություն ունեցավ արևմտահայության` Ազգային սահմանադրության համար մղվող պայքարին: Կ. Պոլսի Սկյուտար թաղամասի Ս. Աստվածածին եկեղեցում քարոզիչ է կարգվում. քարոզների բնաբանն էր` «հուր էկի արկանել»: Իր քարոզներով նա բորբոքում էր պոլսահայության հայրենասիրական զգացմունքները, դիմում էր Բ. Դռան արքունի վառոդապետին` Հովհաննես բեյ Տատյանին, իր արտադրած վառոդից «քիչ մըն ալ Հայաստանի հայերուն» տրամադրել թշնամիների դեմ կռվելու համար, հորդորում էր արքունի ճարտարապետ Կարապետ Պալյանին Հայաստան մեկնել, նորոգել «նախնյաց ավերակներ, ամրոցներ, բերդեր ու պալատներ»: 
Սակայն քարոզը նրան չի բավարարում: Ժողովրդի գիտակցության արթնացման համար անհրաժեշտ էին ներգործող միջոցներ, առավելապես` պարբերական մամուլը: 1855–ի հունիսին Կ. Պոլսում նրա խմբագրությամբ լույս է տեսնում «Արծուի Վասպուրական» ամսաթերթը: Այստեղ տպագրված հոդվածների մեծ մասի հեղինակը խմբագիրն էր, որն իր ընթերցողներին ծանոթացնում էր գավառի հայ բնակչության կացությանը, քննարկում ազգի ապագայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, պանդխտությունը և գաղթականությունը համարում արևմտահայ կյանքի ամենամեծ չարիքը. ըստ նրա` ճշմարիտ հայրենասիրությունը «բուն հայրենյաց երկրին մեջ բնակվելն է»: Այդ պատճառով նա «տարաշխարհիկ հայկազուններին» հրավիրում է վերադառնալ հայրենիք և շենացնել նախնիներից ժառանգություն ստացած երկիրը: Առաջին օրինակը տալիս է ինքը: 1856–ի հունիս ամսվա «Արծուի Վասպուրականում» լույս էտեսնում «Դարձ Արծւոյն պանդխտելու ի Բիւզանդիոնէն յաշխարհն իւր հայրենի Վասպուրական» խորագրով հոդված, որտեղ խմբագիրը հայտնում է իր ընթերցողներին, որ «Արծուի» թռիչքը շարունակվելու է հայրենի Վասպուրականում: 
Կ. Պոլսի Հայոց պատրիարքի կոնդակով և Բ. Դռան ֆերմանով 1857–ի հունվարից Խրիմյանը դառնում է Վանի Վարագա վանքի վանահայրը: 1857–ի մարտից վանքում բացվեց «Ժառանգավորաց» վարժարան, իսկ 1858–ի հունվարից վերսկսվեց «Արծուի Վասպուրականի» հրատարակությունը: Դա Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարածքների առաջին պարբերականն էր: «Հանդէս աստուածպաշտութեան», «Հանդիսարան հայրենաշէն առաքինեացն Հայոց», «Տեսարանք հայրենի աշխարհաց» և այլ խորագրերով բաժինների հոդվածները ընթերցողին ծանոթացնում էին Հայ առաքելական եկեղեցու` հայության կյանքում ունեցած դերին, հոգևոր հայրերի և Հայ եկեղեցու սուրբեր համարված անցյալի կաթողիկոսներին, եպիսկոպոսներին, նրանց հայրենասիրական առաքելությանը: Առանձնակի երկյուղածությամբ և հարգանքով ընդգծվում էր Մեսրոպ Մաշտոցի մեծ գործը. սուրբ թարգմանիչները` Մաշտոցի աշակերտները` «Քերթողահայր» Խորենացին, «Վսեմախոս Եղիշեն», «Ընտիր աստվածաբան» Եզնիկ Կողբացին դառնում են խմբագրի բարձր գնահատանքին արժանացած դեմքեր: Ամսագրում կարևոր տեղ էին գրավում նաև հայության սոցիալական ու ազգային ծանր վիճակը ներկայացնող հոդվածները, հնչում էին պայքարի միջոցով ազատագրվելու կոչեր: Ուսուցիչ–խմբագիրն իր սաների և գործընկերների հետ կատարում էր առօրյա տքնաջան աշխատանք, բացվում էին նոր դպրոցներ, հետևողական աշխատանք էր կատարվում հայ «շինականի» առօրյա ծանր հոգսերը թեթևացնելու ուղղությամբ: 
Այդ հայրենանվեր գործունեության հռչակի տարածման հետևանքով տարոնահայությունը հանրագրերով խնդրում է Կ. Պոլսի Ազգային ժողովին և պատրիարքին` Խրիմյանին նշանակել Տարոնի հոգևոր առաջնորդ և Ս. Կարապետ վանքի վանահայր: 1862–ի օգոստոսին Խրիմյանն անցնում է իր պարտականությունների կատարմանը: Այդ վանքում ևս բացվում է «Ժառանգավորաց» վարժարան, որի տնօրեն–ուսուցիչն է դառնում Խրիմյանի «արժանընտիր սանը»` Գարեգին վարդապետ Սրվանձտյանցը: Այդտեղ 1863–ին սկսում է հրատարակել Հայաստանի տարածքի երկրորդ պարբերականը` «Արծուի Տարօնոյ» երկշաբաթաթերթը` Գ. Սրվանձտյանցի խմբագրությամբ: Վանահայր Խրիմյանը բարեկարգում է հին ավանդույթներ ունեցող այդ վանքը, որի հասույթներն օգտագործում էին քուրդ ցեղապետներն ու թուրք պաշտոնյաները: Նա անզիջում պայքար է ծավալում նրանց դեմ, աշխատում սպեղանի դնել հայ գյուղացու վերքերին, կանոնավորել նրանցից գանձվող հարկերը: 42 տարեկան վարդապետը տարոնահայության կողմից արժանանում է «Հայրիկ» պատվանունին: Նրա դեմ երկու անգամ մահափորձ է կատարվում: Քաղաքական մատնությամբ փակվում է «Արծուիկը», սակայն Մ. Խրիմյանն ու իր սանը չեն ընկրկում: 
1868–ին Մկրտիչ Խրիմյանը Էջմիածնում ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ 1869–ին ընտրվում է Կ. Պոլսի Հայոց պարիարք: Նորընտիր պատրիարքը Ազգային ժողովում բարձրացնում է Ազգային սահմանադրության վերաքննության հարցը` պահանջելով ստեղծել գավառահայության համար հատուկ հանձնաժողով: Խրիմյանի անհողդողդ կամքի և հետևողականության շնորհիվ Ազգային ժողովում կազմվեց գավառների (այսինքն` բուն Արևմտյան Հայաստանի համար) հատուկ «Սահմանադրության հրահանգ», որով հնարավոր էր դառնալու սահմանադրության գործադրումը հայկական գավառներում: Դրա հետևանքով սրվեցին Ազգային ժողովում բուն դրած էֆենդիական դասի և «գավառացի» պատրիարքի հակասությունները: 1873–ի օգոստոսին Խրիմյանը հրաժարական տվեց: 
1878–ին` ռուս–թուրքական պատերազմի ավարտից հետո, Խրիմյանը պահանջեց հայկական հարստահարությունների, ձգտումների ու ակնկալիքների խնդիրն արտահայտել հաշտության պայմանագրի մեջ: Նրա առաջարկով Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը և Ազգային ժողովը բանակցություններ սկսեցին մի կողմից` Բ. Դռան, մյուս կողմից` ռուսական դիվանագիտության ներկայացուցիչների հետ: Խրիմյանը դարձավ Բեռլինի վեհաժողովին մասնակցելու համար ստեղծված հայկական պատվիրակության ղեկավարը: Եվրոպայում նա հանդիպումներ ունեցավ մեծ տերությունների պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բեռլինում հայկական պատվիրակությանը թույլ չտվեցին մասնակցել նույնիսկ այն նիստին, ուր քննարկվում էր Սան–Ստեֆանոյի դաշնագրի 16–րդ հոդվածը: 
Հիասթափված «աշխարհի հզորներից», Կ. Պոլսի եկեղեցիներում հայությանն ուղղած իր քարոզներում նա ժողովրդին կոչ արեց. «Մարդ ինքն իրեն պետք է աշխատի, որ փրկվի»: Այդ մտայնությամբ 1879–ի վերջում նա վերադարձավ Վան, իբրև Վասպուրականի հոգևոր առաջնորդ: Նրա անմիջական խորհրդով և օժանդակությամբ էին գործում Արևմտյան Հայաստանում ստեղծված գաղտնի խմբակներն ու կազմակերպությունները` Վանի «Սև խաչը», Կարինի «Պաշտպան հայրենյացը», Եվդոկիայի, Մարզվանի, Փոքր Հայքի բազմաթիվ ընկերությունները: Այդ պատճառով Բ. Դուռը նրան պաշտոնանկ արեց և հետ կանչեց Կ. Պոլիս` պատվավոր աքսորի, իր աչալուրջ հսկողության ներքո նրան պահելու համար: Կ. Պոլսում Խրիմյանն ընտրվեց Կրոնական ժողովի ատենապետ: 1890–ին Գում Գափուի ցույցից հետո Խրիմյանի ատենապետությամբ համագումար ժողովը բողոք ներկայացրեց Բ. Դռանը: Այդ հանդգնության համար նա արժանացավ կրկնակի աքսորի` այս անգամ Երուսաղեմ: 
Աքսորավայրում 1892–ի մայիսի 5–ին նա ընտրվեց Ամենայն Հայոց կաթողիկոս: Բ. Դուռը չէր ազատում նրան թուրքահպատակությունից և աքսորից: Միայն ռուս դիվանագետների համառությամբ ընտրությունից 13 ամիս անց Խրիմյանն ազատվեց թուրքահպատակությունից և ստացավ ռուսական ցարի բարձրագույն հաստատությունը: Ընտրությունից 17 ամիս անց` 1893–ի սեպտեմբերի 25–ին` Վարագա Ս. Խաչի տոնի օրը, Խրիմյանն օծվեց Ամենայն Հայոց կաթողիկոս: 
Նոր Հայրապետը մեծ ջանասիրությամբ սկսեց լուծել բազմաթիվ խնդիրներ: Կարգավորվեցին Գևորգյան ճեմարանի, Շուշիի թեմական և Թիֆլիսի Ներսիսյան դպրոցների բարձիթողի կացությունը, Սինոդի աշխատանքները: 
Մկրտիչ Ա Խրիմյանը մեծ գործունեություն ծավալեց Սասունի 1894–ի ինքնապաշտպանական մարտերի, 1890–ականների երկրորդ կեսի արևմտահայության զանգվածային կոտորածներից մազապուրծ փրկված խլյակներին տեղավորելու, նրանց օգնության գործը կազմակերպելու համար: Այդ նպատակով հատուկ թույլտվություն ստացավ ցարական արքունիքից և կայսրության ողջ տարածքում կազմակերպեց հանգանակություն: Միաժամանակ ուժեղանում էր նաև ցարիզմի հակահայկական քաղաքականությունը: Դեռևս Մակար Ա կաթողիկոսի օրոք սկսված հայ մշակույթի և հայկական դպրոցների դեմ ուղղված հալածանքների գագաթնակետը դարձավ Կովկասի քաղաքացիական մասի կառավարչապետ Գ. Ս. Գոլիցինի սադրանքով ցարի կողմից ստորագրված 1903–ի հունիսի 12–ի` Հայ եկեղեցու շարժական և անշարժ գույքի բռնագրավման մասին օրենքը: Ստանալով քաղաքական կուսակցությունների օգնությունն ու աջակցությունը` Ամենայն Հայոց հայրապետը մերժումով պատասխանեց ցարի հրամանին և ղեկավարեց համաժողովրդական ընդվզումը: Երկու տարվա պայքարն ավարտվեց հաջողությամբ: 1905–ի օգոստոսի 1–ին ցարն ստորագրեց 1903–ի հունիսի 12–ի օրենքի վերացման հրամանագիրը: 
Նոր սկսված հեղափոխական ալիքը խեղդելու նպատակով Անդրկովկասում հրահրվեցին հայ–թաթարական ընդհարումներ: Վեհափառը օգնում էր ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործին, դիմումներ հղում ցարական աստիճանավորներին` ընդհարումներին վերջ տալու համար կտրուկ քայլեր ձեռնարկելու: Մկրտիչ Ա Խրիմյանի նախաձեռնությամբ համահայկական հանգանակություն կազմակերպերպվեց արևելահայերի օգնության համար: 
Մկրտիչ Ա Խրիմյանը վերանորոգել է տվել Ս. Հռիփսիմեի, Խոր վիրապի, Հաղպատի, Սանահինի, Սևանի վանքերը, հիմնադրել Ամերիկայի առաջնորդական թեմը: Մկրտիչ Ա Խրիմյանի վեջին գործը եղավ Հաագայի խաղաղության երկրորդ կոնֆերանսին (1907–ի մայիս–հոկտեմբեր) իր անունից պատվիրակություն ուղարկելը, խնդրելով քննարկել հայկական բարենորոգումների հարցը: 
Մկրտիչ Ա Խրիմյանի գործունեութան մեջ կարևոր տեղ են գրավում նրա գրական–գեղարվեստական, իմաստասիրական–բարոյախոսական աշխատությունները: «Հրաւիրակ երկրին Արարատեան» (1850) և «Հրաւիրակ երկրին Աւետեաց» (1851) պոեմներում միասնական հանդես էին գալիս երկու առաքինություններ` հայրենասիրություն, ազգասիրություն, ցեղի պաշտամունք և կրոնական վսեմ զգացումներ, հավատի զորություն, նվիրվածություն աստվածաշնչյան պատգամներին: «Մարգարիտ արքայութեան երկնից» աշխատությունը (1866) Մատթեոսի Ավետարանի Խրիմյանական մեկնությունն էր, նաև դաս իր ժամանակի այն հոգևորականներին, որոնք շեղվել էին ճշմարիտ ուղուց: «Խաչի ճառը» (1876) հետապնդում է նույն նպատակը, Հիսուսի կյանքի դրվագների ինքնատիպ մեկնաբանությամբ խոսքն ուղղելով Քրիստոսի «դասալիք» աշակերտներին` Մկրտիչ Ա Խրիմյանն ստեղծում է մտատիպար հոգևորականի բարձր կերպարը: «Ժամանակ և խորհուրդ իւր» (1876), «Վանգոյժ» (1877), «Հայգոյժ» (1877) աշխատությունները քննարկում են Օսմանյան կայսրության մեջ կատարված սահմանադրական փոփոխությունների «արդյունքները», նկարագրում արևմտահայության իրական կացությունը, գույժ և ահազանգ հնչեցնում Վանի հրդեհի, շեյխ Ջելալեդդինի հրոսակների կողմից ավերված Ալաշկերտի հովտի հայկական գյուղերի համար և ոտքի կանգնելու է կոչում ժողովրդին: «Դրախտի ընտանիք» (1876), «Սիրաք և Սամուել» (1878), «Պապիկ և թոռնիկ» (1894) կրոնաբարոյախոսական և իմաստասիրական աշխատություններում քննարկվում են հայ ընտանիքի ամրության խնդիրը` սերտորեն առնչված հայ պետականության խնդրին, պետության և անհատի իրավունքների և պարտականությունների, պետությունների միջև եղած ներհակությունների, գաղթի և պանդխտության, Մայր Հայրենիքը չլքելու և վերաշինելու, գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացման, ջրամբարների կառուցման և բազմաթիվ այլ առօրեական նշանակություն ունեցող խնդիրներ: 1894–ին Մկրտիչ Ա Խրիմյանը «Արարատ»–ի էջերում (դ 3) «Արշեն երեց» ծածկանունով հրատարակեց մի հոդված , որն արծարծում էր գյուղական քահանաների, նաև ողջ հայ հոգևորականության կրթական մակարդակը բարձրացնելու խնդիրը: Այն արժանացավ հայ հանրության ուշադրությանը և պարբերականներում բանավեճ սկսվեց այդ հարցի շուրջ: Խրիմյան Մարդու, Հայի, Հոգևորականի, Կաթողիկոսի գործունեությունը կարող է դաս ծառայել բոլոր հայերի, առավել ևս հոգևորականների համար: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets