ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Գևորգ Ե Սուրենյանց (1912 - 1930)

ԳԵՎՈՐԳ Ե ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

(Վշտալի, Տփղիսեցի) (1911–1930) 
Ամենայն Հայոց կաթողիկոս 1911–ից: Հաջորդել է Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյանին: 

Ծնվել է 1847–ի օգոստոսի 8–ին Թիֆլիսում, մահացել` 1930–ի մայիսի 8–ին Վաղարշապատում: Թաղվել է Մայր Տաճարի բակում: 
1865–1868–ին ուսանել է Թիֆլիսի ռուսական դասական գիմնազիայում, սակայն հիվանդության պատճառով ավարտական քննությունները չի հանձնել: Հետագայում ուսումը շարունակել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում: 1868–ի դեկտեմբերի 15–ին Ս. Գայանե վանքում ձեռնադրվել է սարկավագ, 1871–ի ապրիլի 15–ին` քահանա, 1872–ի մայիսի 3–ին Ս. Շողակաթում օծվել է վարդապետ և ստացել գավազան կրելու իրավունք: 
1868–ի նոյեմբերի 1–ից մինչև 1871–ի մայիսի 25–ը Ս. Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում դասավանդել է թվաբանություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն, 1870–ի հունվարի 30–ից մինչև 1874–ի մայիսի 25–ը եղել է Ս. Էջմիածնի Հրատարակչական կոմիտեի անդամ, 1872–ի մարտի 28–ից մինչև 1874–ի սեպտեմբերի 28–ը` Գևորգյան ճեմարանի շինարարության վերահսկիչ, 1871–ի մայիսի 28–ից` Բեսարաբիայի թեմի հայկական հոգևոր ուսումնարանների կազմակերպիչ և նոր բացվող Գևորգյան ճեմարանի համար աշակերտներ ընտրող, 1874–ի սեպտեմբերի 28–ից մինչև 1875–ի հոկտեմբերի 1–ը` Գևորգյան ճեմարանի ընդհանուր պատմության և աշխարհագրության ուսուցիչ: 
1875–ի հոկտեմբերի 5–ից մինչև 1876–ի հուլիսի 23–ը եղել է Ղարաբաղի թեմի առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատար և տեղի հոգևոր սեմինարիայի տեսուչ, 1874–ի հունվարի 31–ից մինչև 1878–ի հոկտեմբերի 12–ը` Ագուլիսի Ս. Թովմա առաքյալի վանքի վանահայր և տարածքի հոգևոր ուսումնարանների տեսուչ, 1878–ի հոկտեմբերի 12–ից մինչև 1881–ի մայիսի 1–ը` Ալեքսանդրապոլի առաջնորդական տեղապահ: Նա Ալեքսանդրապոլի Ս.Փրկիչ եկեղեցուն կից հիմնել է վարժարան և վերականգնել Ս. Աստվածածին եկեղեցին: 
1881–ի հունիսի 1–ից մինչև 1887–ի մայիսի 22–ը եղել է Երևանի թեմի առաջնորդական փոխանորդ և հիմնավորապես նորոգել Երևանի եկեղեցիները, առաջնորդարանն ու կոնսիստորիան ու ցուցաբերել արդյունավոր կազմակերպչական գործունեություն` կարգավորելով թեմի դպրոցական, ֆինանսական ու բարեկարգչական վիճակը, ու ըստ այդմ` մեծ ժողովրդականություն վայելել: 
1882–ի մայիսի 9–ին օծվել է եպիսկոպոս: 1887–ի մայիսի 22–ից մինչև 1894–ի փետրվարի 3–ը եղել է Աստրախանի թեմի առաջնորդ և այստեղ էլ աշխուժացրել ծխական դպրոցի գործունեությունը: Ավելին, նրա ջանքերի շնորհիվ տեղի ռուսական պետական ուսումնական հաստատություններում պարտավորիչ է դարձվել հայոց լեզվի ու կրոնի դասավանդությունը: Մյուս կողմից, հայտնի երաժշտագետ Քրիստափոր Կարա–Մուրզայի հրավիրմամբ կարգավորել է եկեղեցական երգեցողությունը: 
1894–ի փետրվարի 3–ից մինչև 1904–ի հունվարի 8–ը եղել է Վրաստանի և Իմերեթի թեմի առաջնորդ և բացել նոր դպրոցներ: 1894–ի գործուղվել է Ս. Պետերբուրգ` որպես Ալեքսանդր lll–ի թաղման և Նիկոլայ ll–ի ամուսնության հանդեսներին Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ: 1894–1904–ներին եղել է Թիֆլիսի նահանգային բանտի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ: Նրա ջանքերի շնորհիվ կազմակերպվել է «Թիֆլիսի հայ քահանաների միությունը»: Թիֆլիս է հրավիրել և ըստ ամենայնի հովանավորել Մակար Եկմալյանին և օժանդակել նրա մշակած քառաձայն Պատարագի տպագրությանն ու տարածմանը: 1895–ի հունվարի 17–ին արժանացել է արքության պատվի: 1903–ին ընդդիմացել է եկեղեցական գույքի բռնագրավման ցարական հրամանին և դրա համար իշխանությունների պահանջով ազատվել է առաջնորդի պաշտոնից: 
1906–ի մարտի 10–ին նշանակվել է Սինոդի անդամ, իսկ դեկտեմբերի 8–ին` Մայր Աթոռի դիվանատան գործերի կառավարիչ ու այս պաշտոնում էլ անմիջականորեն զբաղվել ճեմարանի գործունեությամբ` այն առավել արդյունավետ դարձնելով: 1907–ի հոկտեմբերի 29–ին նշանակվել է Սինոդի ատենապետի տեղակալ, կաթողիկոսի տեղակալ և այդ պաշտոնը վարել մինչև 1909–ի սեպտեմբերի 13–ը: Այս շրջանում Ալեքսանդր Մանթաշյանի բարերարությամբ ավարտել է Մայր Տաճարի նորոգման աշխատանքները: 1910–ի դեկտեմբերի 11–ին նա կրկին հաստատվել է կաթողիկոսական տեղապահ: Կաթողիկոս է ընտրվել 1911–ի դեկտեմբերի 13–ին, օծվել` 1912–ի հուլիսի 1–ին: Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով 1912–ի հոկտեմբեր–1913–ի հոկտեմբեր ժամանակամիջոցը հռչակվել է հայոց գրերի գյուտի 1500–ամյակի և հայկական տպագրության 400–ամյակի հոբելյանական տարի: 
Հայրենասեր հայրապետն ակտիվ գործունեություն է ծավալել Հայկական հարցի և բարենորոգումների առնչությամբ տարվող աշխատանքների համակարգման ուղղությամբ, Պողոս Նուբար փաշային նշանակել է Ազգային պատվիրակության նախագահ: 
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին նրա նախաձեռնությամբ ու հոգատարությամբ կազմավորվեց և ակտիվորեն աշխատում էր գաղթականներին ու վիրավորներին օգնող Կենտրոնական ազգային կոմիտեն: Հայ դատի հետապնդման ուղղությամբ կարևոր նշանակություն ունեցան արևմտահայերին օգնություն ցուցաբերելու հարցով Գևորգ Ե Սուրենյանցի հեռագրերը Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Իտալիայի, Անգլիայի և Ֆրանսիայի ղեկավարներին: Եղեռնի արհավիրքները և սեփական ժողովրդի ցեղասպանությունը վերապրած հայրապետն իր անվանն ավելացրեց Վշտալի մականունը: 
Ցարական ինքնակալության անկումից հետո Գևորգ Ե Սուրենյանցը դադարեցրեց «Պոլոժենիե»–ի գործունեությունը և ցրեց դրա հիման վրա գործող Սինոդը: Վերահաստատվեց թեմական ժողովներն ու խորհուրդները ժողովրդական ընտրությամբ ձևավորելու նախնական սկզբունքը, միաժամանակ վերականգնվեց իգական սեռի ընտրական իրավունքը: 1917–ի դեկտեմբերի 21–ին ստեղծված բարդ պայմանների պատճառով ժամանակավորապես իր գործունեությունը դադարեցրեց Գևորգյան ճեմարանը: 1918–ի մայիսին Գևորգ Ե Սուրենյանցը կտրականապես մերժեց Ս. Էջմիածնից հեռանալու և ապահովության նպատակով Սևանավանքում ապաստանելու առաջարկը և հրամայեց վեց օր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը` հայ ժողովրդի պայքարին զորավիգելով: 1918–ի մայիսյան հերոսամարտերին Գևորգ Ե Սուրենյանցի կոչով ակտիվորեն մասնակցեց նաև հոգևոր դասը: Նա օրհնեց և ըստ ամենայնի աջակցեց Հայաստանի առաջին Հանրապետության կայացմանը: 
1920–ի հոկտեմբերի 30–ին Գևորգ Ե Սուրենյանցը դ 416 կոնդակով Ապրիլի 11/24–ը սահմանեց «Հայկական տարագրության, կոտորածի զոհերի և բյուրավոր նահատակների հիշատակի հատուկ օր` Տոն Ազգային – հիշատակ բյուրավոր նահատակաց մերոց յընթացս համաշխարհային պատերազմի»: Նույն օրը նրա հրահանգով բոլոր եկեղեցիներում պետք է մատուցվեին հանդիսավոր Պատարագ և կատարվեր Հոգեհանգիստ: 
Հայաստանի խորհրդայնացումից հետո թեպետ Հայ եկեղեցու նկատմամբ կիրառվեցին համատարած բռնություններ, ձերբակալություններ, բռնագրավումներ, այնուամենայնիվ Մայր Աթոռը և կաթողիկոսը հոգեկան մեծ ապրումների ու զրկանքների գնով ի զորու եղան դիմակայել բոլոր դժվարություններին և պահպանել Ս. Էջմիածինը: Ավելին, ցուցաբերելով հիրավի հայրապետական հոգատարություն` Գևորգ Ե Սուրենյանցը 1921–ի հոկտեմբերի 31–ին կոնդակով հայությանը կոչ արեց աջակցել նորաստեղծ Խորհրդային Հայաստանին` այն նկատելով աշխարհասփյուռ հայությանը համախմբող Հայրենիք: Մյուս կողմից, Գևորգ Ե Սուրենյանցը արժանի պայքար մղեց «Ազատ եկեղեցի» ու «Ազատ եկեղեցական եղբայրություն» հոսանքների դեմ և դրանք 1926–ի հունիսի 14–ին Հայ եկեղեցուց անջատված ու նզովված հռչակեց: 
Խորհրդային իշխանության տարիներին Գևորգ Ե Սուրենյանցը մի շարք եկեղեցական բարենորոգումներ կատարեց: 1922–ի նոյեմբերի 11–ին նա թույլատրեց այրիացյալ քահանաների կրկնամուսնությունը և ազգակցական հինգերորդ և խնամիական չորրորդ աստիճանի ամուսնությունները: 1923–ի նոյեմբերի 9–ին ընդունեց նոր տոմարի գործածությունը և թույլատրեց եկեղեցիներում ժամասացության ժամանակ երգեհոնի գործածությունը, 1923–ի հուլիսին հաստատեց «Հայոց եկեղեցու բարեկարգության կենտրոնական հանձնաժողով»` եկեղեցու ծիսականոնական կարևոր հարցերի լուծման համար, 1924–ի հունվարի 1–ի կոնդակով ստեղծեց Գերագույն հոգևոր խորհուրդ և նշանակեց դրա կազմը, 1925–ի հոկտեմբերի 22–ին հրատարակեց «Ազգային–եկեղեցական ժողով գումարելու հատուկ կանոնադրություն»–ը: 
Գևորգ Ե Սուրենյանցի կաթողիկոսության շրջանը համընկավ հայ ժողովրդի պատմության ամենից դրամատիկ փուլի հետ` ցեղասպանություն, մայիսյան հերոսամարտեր, Առաջին Հանրապետության հռչակում, Հայաստանի խորհրդայնացում, Հայ եկեղեցու նկատմամբ բռնաճնշումներ և այլն: Այնուհանդերձ, նա հոգու տոկունությամբ և վեհ հայրենասիրությամբ նման բեկումնային շրջանում կարողացավ փառքով պահպանել Ս. Էջմիածինը: 


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets