ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.10.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Խորեն Ա Մուրադբեկյան (1932 - 1938)

ԽՈՐԵՆ Ա ՄՈՒՐԱԴԲԵԿՅԱՆ (1932–1938)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1932–ից: Հաջորդել է Գևորգ Ե Սուրենյանց Տփղիսեցուն: 

Ծնվել է 1873–ի դեկտեմբերի 8–ին Թիֆլիսում: Սպանվել է 1938–ի ապրիլի 6–ին Վաղարշապատում, ամփոփվել նախ Ս. Գայանե եկեղեցու գավթում, ապա` 1996–ի սեպտեմբերին աճյունը տեղափոխվել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարի բակը: 
Նախնական կրթությունն ստացել է մասնավոր պանսիոնում, այնուհետև սովորել Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր դպրոցում (1888–1892), որը գերազանցությամբ ավարտելուց հետո բարձրագույն կրթություն է ստացել Շվեյցարիայի և Գերմանիայի համալսարաններում: 1897–ին Ներսիսյան դպրոցում նշանակվել է երգի ուսուցիչ: 1901–ին ձեռնադրվել է սարկավագ, նույն թվականի դեկտեմբերին` աբեղա և նշանակվել Նոր Բայազետի եկեղեցիների գործակալ: 
1902–ի մայիսի 24–ին ձեռնադրվել է վարդապետ: 1903–ի հունիսին եկեղեցական կալվածքների և ունեցվածքի բռնագրավման ժամանակ ցարական իշխանություններին դիմադրություն ցույց տալու և ունեցվածքը չհանձնելու համար ձերբակալվել և աքսորվել է Ռուսաստանի Օրյոլ քաղաք: 1905–ին վերադարձել է աքսորից և նշանակվել Գորի–Իմերեթի–Բաթումի և Արդվինի առաջնորդական փոխանորդ: 1907–ի հունիսին Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսի հրամանով նշանակվել է Նոր Բայազետի և Դարաչիչակի (այժմ` Ծաղկաձոր) եկեղեցիների գործակալ: 1909–ի դեկտեմբերի 19–ին Մատթևոս Բ Իզմիրլյան կաթողիկոսի կոնդակով նշանակվել է Երևանի հայրապետական թեմի փոխթեմակալ, իսկ 1910–ի սեպտեմբերի 19–ին ձեռնադրվել է եպիսկոպոս: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Երևանի թեմի Եղբայրական օգնության հանձնաժողովի նախագահն էր, կազմակերպել է վիրավոր հայ զինվորների և գաղթականների օգնության գործը: 
1914–ի նոյեմբերի 15–ին հայ կամավորների հոգևոր կարիքները հոգալու համար Գևորգ Ե Սուրենյանցը նրան ուղարկել է ռազմաճակատ: 1917–ի Փետրվարյան հեղափոխությունից հետո նա դարձել է Երևանի նահանգի Ազգային խորհրդի ղեկավարը: 1919–ին Գևորգ Ե Սուրենյանցի կարգադրությամբ և Հայաստանի կառավարության հրահանգով, որպես հայրապետական պատվիրակ, մեկնել է Փարիզ` համերաշխություն հաստատելու Փարիզի խաղաղության կոնֆերանսին մասնակցող հայկական երկու պատվիրակությունների միջև: 1920–ին Փարիզից մեկնել է ԱՄՆ` կարգավորելու պառակտված թեմական կյանքը: Այստեղ կազմակերպել է հանգանակություն Հայաստանի պաշտպանության համար, հանդիպել է ԱՄՆ–ի նախագահ Վ. Վիլսոնի հետ, ինչպես նաև կատարել է ԱՄՆ–ի Հայոց հոգևոր առաջնորդի ընտրություն` հանձին Տիրայր արքեպ. Տեր–Հովհաննիսյանի: 
1920–ի դեկտեմբերի 11–ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով նրան շնորհվել է արքության պատիվ: 1923–ի մարտի 4–ին Գևորգ Ե կաթողիկոսի բարձր կարգադրությամբ կարգվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղապահ և Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ: Այս պաշտոնոմ նա պայքար է ծավալել «Ազատ եկեղեցական եղբայրության» խմբավորման դեմ: Գևորգ Ե Սուրենյանցի մահից հետո` 1930–1932–ին, ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը: 1932–ի նոյեմբերի 12–ին ընտրվել, իսկ 13–ին օծվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Խորեն Ա Մուրադբեկյանը պայքար է ծավալել փակված եկեղեցիները վերաբացելու օգտին, հանդես եկել եկեղեցիները քանդելու և ոչ նպատակին օգտագործելու, խորհրդային իշխանությունների` հայ հոգևորականներին բռնությունների ենթարկելու քաղաքականության դեմ: Զբաղվել է եկեղեցու սահմանադրական, ծիսական, կազմակերպչական համակողմանի քննության ու բարեկարգման, Մայր Տաճարի նորոգման, Հայ եկեղեցու նվիրապետական աթոռների միջև սերտ հարաբերությունների ստեղծման հարցերով: 
Խորեն Ա Մուրադբեկյանի նախագահությամբ 1925–ի հոկտեմբերի 25–ին նախապատրաստվել է Ազգային–եկեղեցական ժողով գումարելու նոր` ոչ միապետական կանոնադրությունը: Զգալի աշխատանք է կատարել սփյուռքահայությանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի շուրջ համախմբելու համար: Սփյուռքում կազմակերպել է Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500–ամյակին նվիրված հանդիսություններ: 
Պետանվտանգության գործակալները Խորեն Ա Մուրադբեկյանին խեղդամահ արեցին Վեհարանի իր ննջասենյակում: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets