ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.09.2013

ԱՍՏՂԻԿ

Վահագնի տարփածուն էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։ 
Աստղիկին պատկերում էին մերկ, չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս։ Նա ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։ Նրա սիրով տարված երիտասարդ տղաները Տարոնի Դաղոնաց սարի վրա գիշերները խարույկներ էին վառում, որպեսզի դրանց լույսի տակ կարողանան տեսնել Եփրատում լողացող դիցուհուն, հիանան նրա չքնաղ գեղեցկությամբ։ Բայց Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել։
Ուշ շրջանի մեկ այլ առասպելով՝ Աստղիկը Նոյի (Քսիսութրիոս) դուստրն է։ Ջրհեղեղից և Նոյի Հայաստան նավարկելուց հետո, աշխարհի տիրակալներն են դառնում Նոյի երեք զավակները՝ Զրվանը, Տիտանը և Հաբեթոսթեն1։ Երբ նրանք ամբողջ աշխարհը բաժանում են իրար միջև, Զրվանը բռնանում է մյուս եղրայրների վրա և կամենում է նրանց երկրներում իր որդիներին թագավորեցնել։ Տիտանն ու Հաբեթոսթեն ըմրոստանում են ավագ եղրոր՝ Զրվանի դեմ և պատերազմի մեջ մտնում նրա հետ։ Տիտանը հափշտակում է Զրվանի երկրների մի մասը։ Այս խռովություններին միջամտում է նրանց քույր Աստղիկը, խնդրելով եղբայրներին դադարեցնել կռիվները։ Տիտանն ու Հաբեթոսթեն համաձայնում են, որ առայժմ իրենց վրա թագավորի ավագ եղբայր Զրվանը, միայն մեկ պայմանով, որ նրանից ծնվելիք բոլոր արու զավակներին սպանեն, որպեսզի հետագայում Զրվանի թագավորությունն իրենց վրա սերնդից սերունդ հավերժական չլինի։ Համաձայնում են, դաշինք կնքում։ Տիտանն ու Հաբեթոսթեն իրենց հզոր մարդկանցից վերահսկիչներ են նշանակում Զրվանի բոլոր կանանց ծննդաբերության վրա։ 
Եվ երբ Զրվանի նորածին արու զավակներից երկուսին սպանում են, Աստղիկը խղճահարվում է և Զրվանի կանանց հետ միասին համոզում մի քանի տիտանների՝ Զրվանի մյուս տղաներին կենդանի թողնել և ուղարկել արևմուտք, այն լեռը, որ կոչվում է Օլիմպոս կամ հայերեն՝ Դյուցընկեց (այսինքն՝ աստվածների ընկնելու տեղ)։ 
Աստղիկը Տարոնի կողմերում շինել է տալիս Աստղնաբերդ (համառոտված՝ Ասղնբերդ) ամրոցը իր Զրվան եղբոր ապահովության համար։ Այն հետագայում կոչվեց նաև Մոկաց բերդ։ 
Բացի Աշտիշատից, Աստղիկին նվիրված տաճարներ կային Վանա լճի մոտակայքում գտնվող Արտամետ ավանում, Անձևացիք կոչված գավառում, Արտաշատում և այլ տեղերում։ Աստղիկին նվիրում էին վարդեր և աղավնիներ, որոնք սուրբ էին համարվում։ Վարդեր նվիրելու սովորությունից էլ ըստ երևույթին առաջացել է Աստղիկի «Վարդամատն» (վարդե մատներ ունեցող) մականունը։ 
Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, համաժողովրդական մեծ հանդիսություններով ու արարողություններով։ Այդ տոնը կոչվում էր վարդավառ, որ մինչև այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ։ Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում։
---------------------------------
1 Մ. Խորենացին հաղորդելով այս զրույցը, գտնում է, որ Զրվանը, Տիտանը և Հաբեթոսթեն Աստվածաշնչում հիշատակված Նոյի երեք որդիներ Սեմի, Քամի և Հաբեթի անունների փոխակերպված ձևերն են։ Զրվանը պարսից զրադաշտական կրոնում ժամանակի աստվածն էր, որից ծնվում են բարի Օրմիզդն ու չար Ահրիմանը։ Տիտանները հունական դիցաբանության մեջ Ուրանոս-Երկնքի և Գեա-Երկրի ամուսնությունից ծնված ահեղ հսկաներ էին, որոնք հետագայում կռվեցին Զևսի և մյուս աստվածների դեմ։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets