ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.09.2013

ՀԱՅ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԶԻՆՅԱԼ ՊԱՅՔԱՐԻ ՔՐՄԱՊԵՏԸ

Shahan Natalie Family Foundation has launched a fundraising campaign for the publication of Memoirs of a Stranger, the first volume of Shahan Natalie's complete works. Sylva Natalie Manoogian, PhD in Library and Information Science, introduces the details of the project. Tax-deductible contributions can be made at http://igg.me/at/shahan/x/124629





ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ. ահաբեկումը` զենք թուրքերի դեմ
Ահա թե ինչու պետք է սեղմվենք մեր պատյանի մեջ` մեզանմիջական մահ սպառնացող տարածության` Անկարայի ու Բաքվիճամփի վրա, ու պիտի ջանք չխնայենք խոչընդոտելուհամաթուրանականության ծագումին, նրա տեսաբանությանն ուգործերին, մինչև անգամ պարսկական Ատրպատականի մասին, որթրքալեզու բնակչության ու դավերի որջերից մեկն է ուսահմանակից դժբախտ Արարատին...

Շահան Նաթալի` բազմակողմանի զարգացած անհատականություն, գրող, հրապարակախոս, իմաստասեր, հասարակական-քաղաքական գործիչ: Ի վերջո, hայի խիղճը և վրիժառու բազուկը:

Ծննդյան անունը Հակոբ Տեր-Հակոբյան էր: Ծնվել է 1884 թ. Խարբերդի (հին հայոց Ծոփաց աշխարհ) Ուսենիկ (Հուսեյնիկ) գյուղում: Հաճախել է Խարբերդի հայտնի «Եփրատ» քոլեջը: Դեռ պատանի` ապագա վրիժառուն ապրում է հայկական կոտորածների սարսափը: 1895 թ. սուլթան Աբդուլ-Համիդ Բ կազմակերպած ջարդերին, ի թիվս 300 հազար այլ հայերի, զոհ են գնում Շահանի հայրը, քեռին, շատ ազգականներ: Նրան փրկում են հարևան հույները, որոնք թուրքերից փախցնում են փոքրիկին և ապաստան տալիս: Միայն երեք օր անց նա կարողանում է գտնել հոր դիակն ու նրա վրա ողբացող մորը…
Շուտով ծնողազուրկ որբը հայտնվում է Կոստանդնուպոլսի սուրբ Հովհաննես որբանոցում: Նա սովորում է Պոլսի հայտնի Բերբերյան քոլեջում: Այստեղ նրան դասավանդում էր ժամանակի հայտնի մանկավարժներից մեկը` Շահան Բերբերյանը: Իր ուսուցչի պատվին էլ ապագա գրողը որպես կեղծանուն վերցրեց
Շահան անունը: Նա այդ տարիներին սիրահարված էր սերբերի թագուհի Նաթալիին և իր սիրո ու չկայացած երազանքի պատվին որպես գրական կեղծանուն օգտագործեց Նաթալին: Սակայն նա Պոլսում երկար չի մնում. շատ չանցած` նրան որդեգրում են ամերիկաբնակ հարուստ հայեր, և Շահան Նաթալին հայտնվում է Նյու Յորքում:
Դառնալով չափահաս` Նաթալին վերադառնում է հայրենիք և դասավանդում Խարբերդի դպրոցներից մեկում: Պատանեկան տարիներից նա վրեժի էր ձգտում և միջոց որոնում` իրականացնելու հոգու փափագը: Այդ միջոցը հանդիսացավ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որ ազատագրական դրոշ էր բարձրացրել Հայաստանում: 1904 թ. Նաթալին անդամագրվում է կուսակցությանը: Հաջորդ տարի նա կրկին մեկնում է ԱՄՆ, սակայն, շատ չանցած` 1908 թ.` Երիտթուրքերի հռչակած սահմանադրությունից հետո` վերադառնում է հայրենիք: Այս անգամ էլ Նաթալին երկար չի մնում. 1909 թ. Ադանայի ջարդերից հետո դարձյալ տեղափոխվում է ԱՄՆ և ուսման անցնում Բոստոնի համալսարանում` ուսումնասիրելով գրականություն և իմաստասիրություն:
1919 թ. սեպտեմբերին, երբ ՀՀ կառավարությունն ու Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովի ժամանակ որոշում են պատժել հայոց ցեղասպանության հեղինակներին ու իրականացնողներին, այդ սրբազան գործը, որպես «Հատուկ հանձնաժողովի» անդամ, հանձն է առնում հենց Շահան Նաթալին: Նրա օգնականն էր Գրիգոր Մերջանովը: Երկուսով պետք է կարճ ժամանակում նախագծեին ու իրականացնեին երիտթուրք դահիճների ոչնչացումը: Հատուցման և վրեժի այս գործողությունը հենց Շահան Նաթալիի առաջարկով կոչվեց «Նեմեսիս»` հունական դիցաբանության վրեժի աստվածուհու անունով:
Առհասարակ ժողովի որոշումներն իրականացնելու համար ստեղծված «Նեմեսիս» գաղտնի խմբավորման պատասխանատու նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարոն: «Նեմեսիսն» իրականացնող հատուկ ֆոնդի ղեկավարն էր Շահան Մարչակլյանը, իսկ գործողության անմիջական պատասխանատուն` Շահան Նաթալին: Նա ստեղծեց հատուկ հետախուզական խումբ իրավաբան Հրաչ Փափազյանի ղեկավարությամբ, որը ոչ միայն հայտնաբերեց թաքնված հանցագործներին, այլև հմտորեն թափանցեց նրանց շրջապատ:
Նա մանրամասն վերլուծեց իր քայլերը և Սողոմոն Թեհլերյանին պատրաստեց առաջին սպանությանը: Շատ չանցած` սպանվեց Թալեաթը: Նրան հետևեցին Արշավիր Շիրակյանի. Արամ Երկանյանի, Միսաք Թոռլաքյանի, մյուսների արձակած գնդակները, որոնք տապալեցին երիտթուրքերի ու մուսավաթական Ադրբեջանի պարագլուխներին: Ավելորդ չէ նշել, որ «Նեմեսիսի» բազուկն իջավ նաև մի քանի հայ դավաճանների ու մատնիչների գլխին:
Շահան Նաթալիի իրականացրած գործողությունները ոչ միայն պատժիչ և բարոյական նշանակություն ունեին, այլև քարոզչական: Հենց նա Սողոմոն Թեհլերյանից պահանջեց Թալեաթին տապալելուց հետո չփախչել և հանձնվել Գերմանիայի իշխանություններին: Թեհլերյանի դատարավությունը վերածվեց երիտթուրքերի դատավարության: Փաստորեն, դա առաջին քայլն էր հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ:
Սակայն 1924թ. «Նեմեսիս» ծրագիրը ՀՅԴ բյուրոյի որոշմամբ դադարեց: Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի վտարանդի կառավարությունները ստորագրեցին «Պրոմեթևս» գաղտնի ծրագիրը, որով պայմանավորվում էին համագործակցել միմյանց հետ բոլշևիզմի դեմ պայքարում: Եվ մուսավաթականների պնդմամբ` ՀՅԴ բյուրոն հրաժարվեց «Նեմեսիսից»: Նաթալին պնդեց շարունակել ծրագիրը, բայց ապարդյուն: ՀՅԴ բյուրոն չփոխեց որոշումը:
1924թ. Շահան Նաթալին ՀՅԴ 10-րդ ընդհանուր ժողովի ժամանակ ընտրվեց կուսակցության բյուրոյի նախագահ: Սակայն Նաթալիի և կուսակցության բյուրոյի մյուս անդամների միջև բախումը հասունանում էր: Բյուրոյի անդամները քննարկում էին «Պրոմեթևս» ծրագրին միանալու հարցը, որ ենթադրում էր Թուրքիայի հետ դրացիական հարաբերությունների հաստատում: Շահան Նաթալին, որ ներկայացնում էր դաշնակցության արմատական հայրենասիրական թևը, կտրուկ դեմ էր այդ ծրագրին: Նա կարծում էր, որ Թուրքիան հայության հավերժ թշնամին է, և որևէ փոխզիջում ու համագործակցություն Թուրքիայի հետ չի կարող լինել: Սակայն բյուրոն քվեարկեց ծրագրին միանալու օգտին:
1927թ. Շահան Նաթալին այդ տարաձայնությունների պատճառով հեռացավ ՀՅԴ Բյուրոյից: Վրիժառուն առաջարկում էր չդադարեցնել ու շարունակել պայքարը թուրքերի դեմ և որպես զենք օգտագործել ահաբեկումը: ՀՅԴ-ն դեմ էր այդ մարտավարությանը: Առհասարակ Շահան Նաթալիի ՀՅԴ-ից հեռացումից հետո կուսակցության մեջ խոր ճգնաժամ սկսվեց: Տասնյակ անձինք, որոնք համաձայն չէին ՀՅԴ-ի որդեգրած քաղաքականությանը, հեռացան կուսակցությունից:
1934թ. նա հիմնում է «Արևմտահայ ազատագրության ուխտ» կազմակերպությունն ու «Ազատամարտ», «Ամրոց» շաբաթաթերթը, որ լույս էր տեսնում նախ Փարիզում, ապա` Աթենքում:
1939թ. Նաթալին կրկին վերադառնում է ամերիկյան մայրցամաք: Նա ակտիվ հասարակական կյանքով էր ապրում: Լծվել էր Հայ բարեգործական ընդհանուր միության աշխատանքներին:
1961թ. Շահան Նաթալին կյանքում առաջին և վերջին անգամ այցելեց Խորհրդային Հայաստան: Դրանից հետո նա մեկուսացավ հասարակական կյանքից ու ամբողջովին նվիրվեց գրական աշխատանքին: Վեպեր, պատմվածքներ ու թատերգություններ էր գրում Նաթալի, Շահան, Նեմեսիս, Ճոն Ահի (մահվան ոգի) կեղծանուններով:
Նա առաջիններից էր հայության մեջ և ողջ աշխարհում, որ բացեիբաց ողջունեց ԱՍԱԼԱ-ի ստեղծումն ու գործունեությունը: Նաև ողջունեց Գուրգեն Յանիկյանին` հանձին նրա տեսնելով իր գործը շարունակողին:
Շահան Նաթալին վախճանվեց 1983թ. ապրիլի18-ին` 99 տարեկան հասակում: Ապրելով համարյա մեկ դար` նա անցավ ցավի, կորստի ու պայքարի միջով:
«Թուրքիզմ ենք կոչում այն ահավոր վտանգը, որ «Մահ հայությանը և Հայաստանին» լոզունգը սպանդի գայլանիշ դրոշի վրա գրած, ամեն կողմից կոխկրտելով մեր մարմինը` ամեն օր սպառնում է վերացնել Երևանի շուրջ կծկված հայության դեռ ողջ մնացած բեկորը: Մենք այդ վտանգը տեսնում ենք. այնքան մոտ է այն, որ ժամերի տարբերություն է միայն նրանց` մեր կողքին հայտնվելը:
Մեզ համար կարմիր Ստալինի ու կարմիր Քեմալի բարեկամական լարախաղացություններն էլ բավարար երաշխիքներ չեն` հայ ժողովրդի մնացորդն այդ վտանգից ապահովագրելու տեսակետից: Վերջապես, Բրեստ-Լիտովսկից մինչ այսօր վճռական ու արմատական հարվածն ուշացնելու մեջ կարմիր Մոսկվան ևս ունի իր մեծ դերակատարությունը:
Մեկ բան գիտենք, որ չի փոխվել մեկ բառ անգամ Ռուսաստանի` «Հայաստանն առանց հայի» նշանախոսից և ամեն օր, ավելի քան երբեք, մեր աչքերի առջև խորանում ու քարանում է «պետք է ոչնչացնել Հայաստանն ու հայությունը, որ կանգնած են Անկարայի ու Բաքվի միջև» թրքական նշանախոսը: Ահա թե ինչու պետք է սեղմվենք մեր պատյանի մեջ` մեզ անմիջական մահ սպառնացող տարածության` Անկարայի ու Բաքվի ճամփի վրա, ու պիտի ջանք չխնայենք խոչընդոտելու համաթուրանականության ծագումին, նրա տեսաբանությանն ու գործերին, մինչև անգամ պարսկական Ատրպատականի մասին, որ թրքալեզու բնակչության ու դավերի որջերից մեկն է ու սահմանակից դժբախտ Արարատին…»:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets