ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.09.2013

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Արջը ժամանակին ջրաղացպան է եղել։ Բայց երբ շատ գողություններ է արել, աստված զայրացել է նրա վրա և արջ դարձրել։
Գայլ և շուն։ Կենդանիներին ստեղծելիս՝ աստված գայլին հոտառություն է տալիս, իսկ շանը՝ ուժ։ Գայլը հարձակվում է գոմեշի վրա, ուզում է նրան պատառոտել, բայց չի կարողանում։ Գայլը գնում է աստծո մոտ և հոտառության փոխարեն ուժ խնդրում։ Աստված առնում է գայլից հոտառությունը, տալիս է շանը, իսկ շան ուժն էլ տալիս է գայլին։ 
Սկզբում գայլերը բնակվելիս են եղել մարդկանց մոտ, իսկ շները՝ անտառում։ Մի անգամ շները խնդրում են գայլերին, որ թույլ տան իրենք մնան մարդկանց մոտ։ Գայլերը խղճում են հիվանդ շներին և թույլ են տալիս մարդկանց մոտ բնակվել։
Մարդիկ շներին շատ են դուր գալիս, և շներն այլևս չեն ուզում անտառ վերադառնալ։ Մինչև հիմա էլ գայլերը հարցնում
են շներին. 
— Առողջացաք, դե վերադարձեք։ 
Իսկ շները ոռնոցով պատասխանում են, որ իրենք դեռ չեն առողջացել և ուզում են մարդկանց մոտ մնալ։
Շուն։ Սկզբից աշխարհում հաց չի եղել։ Մի օր քաղցած շունը սկսում է անընդհատ ոռնալ և երկինք նայել։ Այնքան է ոռնում, որ երկնքից մի հատիկ է ընկնում գետին։ Հատիկը ծլում է, աճում, արտը լցնում ցորենով։ Շան տերը քաղում է արտը, ծեծում հասկերը, ցորենը աղում։ Դանից հետո աշխարհը հացով է լցվում։ 
Ժամանակին երկինքը շատ մոտ է եղել երկրին։ Մի կին ցորենի հասկով սրբում է երեխայի կեղտը և շպրտում երկինք։ Դրանից երկինքը խիստ բարկանում է, անիծում ցորենին, որ նա այլևս հասկ չտա։ Անեծքը կատարվում է. ցորենը զրկվում է հասկից և մնում է ցցված միայն իր դատարկ ցողունով։ Աշխարհում սով է ընկնում։ Շներն սկսում են քաղցից ոռնալ ու կաղկանձել, երկնքից հաց խնդրել։ Երկինքը խղճում է շներին։ Նա պատվիրում է ցորենին՝ իր ցողունի վրա մի փոքրիկ հասկ ունենալ։ Հացը նորից է աշխարհ գալիս, բայց մարդիկ շներից խլում են նրանց այդ բաժինը և իրենք ուտում։
Կապիկը ժամանակին մարդ է եղել և զբաղվել է ներկարարությամբ։ Նա աշխատելուց առաջ ոչ երեսն է խաչակնքել, ոչ էլ աղոթել։ Աստված զայրացել է նրա վրա, անիծել, դարձրել կապիկ։ Մինչև հիմա էլ կապիկի եղունգները կապույտ են, որ մնացել է նրա ներկարար եղած ժամանակներից։
Կատու։ Նոյի1 տապանում գտնված ժամանակ առյուծը հանկարծ փռշտում է և քթից դուրս է ընկնում կատուն։ Դրա համար էլ կատուն շատ նման է առյուծի։ 
Օձն առաջ թևեր է ունեցել։ Մի օր աստված կանչում է նրան, ասում. 
— Թռիր գնա, մեռածին ասա պատանդ մաշի, տուն արի։ 
Օձը թոչում, գնում, ասում է. 
— Քարդ մաշի, տուն արի։ 
Ապա գալիս է աստծո մոտ։ Աստված հարցնում է. 
— Ասացի՞ր։ 
Օձը թե՝ 
— Այո, ասացի։ 
Աստված թե՝ 
— Ի՞նչ ասացիր։ 
Օձը թե՝ 
— Ասացի՝ քարդ մաշի, տուն արի։ 
Աստված բարկանում է, անիծում օձին, ասում. 
— Կերածդ հող լինի, շարժմունքդ էլ՝ փորսող։ 
Այդ օրից օձը զրկվում է թևերից, սկսում է փորսող տալով շարժվել ու հող ուտել։ 
Օձն ու մարդը առաջ բարեկամ են եղել և հաշտ ու խաղաղ ապրել։ Մի օր մարդի տղան կացնով սպանում է օձերի թագավորի գեղեցիկ կնոջը։ Դրանից հետո օձերը թշնամանում են մարդկանց հետ և ձգտում են միշտ վրեժխնղիր լինել նրանցից։ 
Զրհեղեղի ժամանակ մուկը ապաստան է գտնում Նոյի տապանում, կրծում, ծակում է տապանը։ Ջուրը սկսում է ներս լցվել։ Նոյը բարկանում է մկան վրա, սա էլ փախչում, թաքնվում է անկյունում։ Նոյն առաջարկում է բոլոր կենդանիներին փակել տապանի անցքը, բայց ոչ ոք չի կարողանում։ Գալիս է օձը, ոլորվում, տարածվում անցքի վրա, փակում անցքը ջրի հոսքից։ Երբ ջրհեղեղն անցնում է, Նոյը առաջարկում է օձին՝ իր կատարած լավ ծառայության համար վարձատրություն ուզել։ Օձը հանում է լեզուն, մարդու արյուն պահանջում։ Ծիծեռնակը, որ նստած էր Նոյի ոտին, հարձակվում է օձի վրա, կծում լեզուն։ Դրանից հետո օձերի լեզուն մեջտեղից մնում է ճեղքված։ Օձն էլ հարձակվում է ծիծեռնակի վրա, կծում է նրա պոչը։ Այդտեղից էլ ծիծեռնակների պոչը մինչև այժմ երկու մասի բաժանված է մնում։ Օձի խայթած տեղից երկու կաթիլ արյուն է ընկնում, մեկը՝ Նոյի վրա, դառնում ոջիլ, մյուսը՝ գետնին, դառնում լու, թռչում։ 
Օձերի թագավորը ապրում է Մասիսի վրա, գլխին ունի թանկագին թագ։ Յոթ տարին մեկ անգամ շրջապատի բոլոր օձերը գալիս են նրան տեսության։ Մի անգամ օձերի թագավորը որոշում է իր հրեղեն կառքով զբոսանքի դուրս գալ։ Ճանապարհին կառքը դիպչում է մի սարի և նրա կատարը կիսում, բաժանում երկու մասի։ Այդ օրվանից այդ ճեղքված կատարով սարը կոչվում է Օձասար2։ Օձասարի վրա են բնակվում յոթ օձ եղբայրներ, որոնք շատ մեծ սիրով կապված են իրար։ Եթե նրանցից վեցին անգամ սպանեն, ապա մնացած վերջին օձը կընկնի սպանողի հետևից և անպայման կլուծի եղբայրների վրեժը։ 
Օձասարի վրա է ապրում նաև օձերի թագավորը, որի գլխին երկու եղջյուր կա։ Ամեն օր կեսօրին, երբ ուժեղ շոգ է լինում, և արևը երկնքից հուր է թափում, օձերի թագավորը հավաքում է իր հպատակ բոլոր օձերին, խմբեր կազմած սարի բարձունքից իջնում ցած՝ աղրյուրի մոտ, ջուր խմում և նորից բարձրանում Օձասար։ 
Արագած սարի վրա ևս օձեր են ապրում։ Երկու տարին մեկ Մասիս սարի օձերը մեծ զորք կազմած կռիվ են մղում Արագած սարի օձերի դեմ։ 
Մշո դաշտի Դաղոնք կոչված լեռան մոտակայքում գտնվող մի մեծ ժայռի մեջ շատ օձեր են բնակվում։ Նրանք ունեն իրենց թագավորն ու թագուհին։ Օձերի թագավորը գլխին ունի արեգակի նման վառվռուն թանկագին քար, իսկ թագուհին՝ բոցագույն մազեր։ Նրանք ունեն իրենց թիկնապահները, զորքը, զորապետները և երբեմն մեծ բանակ կազմած գնում են Դիարբեքիրի հողը, որտեղ նույնպես օձեր են բնակվում՝ իրենց թագավորներով։ Դիարբեքիրի օձերը, սակայն, ենթակա են և հարկ են վճարում Դաղոնքի օձերի թագավորին։ Բայց երբ Դիարբեքիրի օձերը ապստամբում են իրենց տիրակալ Դաղոնքի օձերի թագավորի դեմ, վերջինս մեծ զորքով գնում է Դիարբեքիր, կռվում տեղական օձերի դեմ, շատերին կոտորում և մեծ ավարով ու գերիներով վերադառնում։ 
Օձեր կան, որոնք տան պահապաններ են, բնակվում են մարդկանց հետ միևնույն տանը և ոչ միայն մարդկանց չեն վնասում, այլև ապահովում են տան բարիքն ու հաջողությունը։ 
Մի հարուստ գյուղացի շատ արտեր, ջրաղացներ, անասուններ է ունեցել։ Այդ ունեցվածքի և հաջողության պատճառը եղել է մի սև օձ, որ բնակվել է նրա տանը և ազատ շրջել տան բոլոր անկյունները։ Գյուղացին ունեցել է նաև մի փոքրիկ միամորիկ տղա։ Մի անգամ օձն ու երեխան տանը միասին խաղում են։ Տղան բռնում է օձի պոչը և շատ ուժեղ սեղմում։ Օձը ցավից գալարվելով, ինչքան ուզում է պոչն ազատել երեխայի ձեռքից, չի հաջողվում։ Ճարը կտրած խայթում է տղայի թաթիկը։ Տղան բաց է թողնում պոչը, խայթոցից թունավորվում։ Օձը հասկանալով իր խայթոցի ծանր հետևանքը, փախչում, կծկվում է տան մի անկյունում։ Երեխան օձի թույնից տանջվելով, մահանում է։ Գյուղացին որդու մահվան կսկիծից հուսահատ՝ վերցնում է ուրագը, խփում օձին։ Ուրագը դիպչում է օձի պոչին, պոչը կտրում։ Օձը տանից դուրս է փախչում, գյուղից դուրս է գալիս, գնում մոտակա քարքարուտների մեջ բնակվում։ Ժամանակ անց գյուղացու բախտը շուռ է գալիս, անհաջողությունը անհաջողության հետևից է գալիս, աղքատանում է։ Մի օր էլ կնոջ հետ խորհուրդ են անում, թե՝ «Գնանք, մեր օձին տուն հրավիրենք, բերենք, որպեսզի մեր բախտը նորից դառնա»։ 
Գնում են քարերի մեջ, ձայն տալիս օձին, կանչում։ Օձը պատասխանում է, ասում. 
— Գիտեմ, որ իմ գալը թե ձեզ է հաճելի, թե ինձ, բայց դա անկարելի է։ Դուք ինձ նայելիս միշտ պիտի ձեր զավակի մահը հիշեք, ես էլ ձեզ նայելիս՝ իմ կտրած պոչը։ Մենք այլևս իրար հետ հաշտ ու խաղաղ չենք կարող ապրել։ 
Մարդը կարող է կախարդանքով օձ դառնալ, իսկ երբ կախարդանքը վերացվի, նա նորից դառնում է մարդ։ 
Մի պառավ շատ բարեգութ տղա է ունենում։ 
Տղան մի քանի անգամ կենդանիներ չարչարող չարաճճի տղաների ձեռից, իր դատած վերջին կոպեկները տալով, ազատում է չարչարված կենդանիներին, փրկում նրանց կյանքը։ Մի օր էլ տուն վերադառնալիս, տեսնում է՝ գյուղի տղաները մի օձ են բռնել, չարչարում։ Մոտենում է, իր դատած փողի մնացորղը տալիս է տղաներին, ազատում օձին, դնում կճուճի մեջ, բերում տուն։ Հաջորդ օրը անտառ փայտի գնալիս, տղան օձին կճուճով տանում է անտառ։ Կեսօրին, երբ պաղ աղբյուրի մոտ նստում է հաց ուտելու, հանում է օձին, իր ձեռով մի պատառ հաց է տալիս նրան։ Օձը հանկարծ դառնում է մի գեղեցիկ տղա և պատմում, որ ինքը թագավորի տղա է, կախարդներն իրեն գողացել են, օձ դարձրել։ Կախարդանքը կվերանար այն դեպքում, եթե մարդ իր ձեռքով հաց տար օձին։ Եվ ահա պառավի տղան միամտաբար լուծել է այդ կախարդանքը և օձին մարդ դարձրել։ 
Մի թագավոր է լինում, որը զավակ չի ունենում։ Ինչքան բժիշկներ է բերում, ոչ մի օգուտ չեն կարողանում տալ։ Հուսահատությունից իրեն նվիրում է որսորդության։ Մի օր տեսնում է, որ օձը փաթաթվել է իր մանրիկ ձագերին, գուրգուրում է։ Թագավորը հոգու խորքում ախ է քաշում, գանգատվում աստծուն, թե մի՞թե ինքը մի օձի չափ էլ չկա, որ իր զավակներն ունենա։ Ժամանակ անց թագավորին տղա է ծնվում՝ կեսը օձ, կեսը՝ մարդ։ Թագավորը հրամայում է, որ այդ Օձամանուկին տանեն, գցեն քաղաքից դուրս գտնվող հորը։ Այդպես էլ անում են, բայց բժիշկների և իմաստունների խորհրդով շարաթը մեկ մի աղջիկ են տանում գցում հորը, որ Օձամանուկն ուտի, մեծանա։ Հերթը հասնում է խորթ մայր ունեցող մի աղքատ մարդու աղջկա։ Աղջկան երազում խորհուրդ են տալիս իր հետ վերցնել երեք կուժ կաթ, դանակ, փաթաթվել գոմշի կաշվի մեջ և պարանով իջնել հորը։ Օձը, երբ ներքևից կանչի, թե՝ «Դուրս եկ գոմշի կաշվից, քեզ ուտեմ», աղջիկը երեք անգամ պետք է ասի. «Դուրս ելիր այդ օձի շապիկից, որ քեզ կաթով լողացնեմ»։ Օձը դրանից կպատռվի։ Աղջիկը այդ ժամանակ պետք է դանակով կտրի պարանը, իջնի հորի հատակը, դուրս գա գոմշի կաշվից և տղային կաթով լողացնի։ 
Աղջիկն այդպես էլ անում է, օձը բարկությունից պատռվում է, օձի շապկից դուրս է գալիս մի սիրուն տղա, որին աղջիկը կաթով լողացնում է։ Թագավորը, թագուհին, բոլոր պալատականներն ուրախանում են, աղջկան ու տղային հորից հանում, հարսանիք անում, ամուսնացնում։ 
Իշխան ձուկ։ Ժամանակին Ճըռան գետից միայն մի տեսակ սև ձուկ էր դուրս գալիս, որը վնասում էր ուտողին։ Այդ կողմերում ապրում էր Իշխան անունով մի մարդ, որը թողել էր իր աշխարհիկ կյանքը, դարձել ճգնավոր։ Իշխանը փայտից ձուկ է շինում, գցում ջուրը։ Ժամանակ անց նույն գետից սկսում է դուրս գալ մի նոր հրաշալի ու համեղ ձուկ, որը ճգնավորի անունով կոչվում է Իշխան։ 
Կրիան առաջ եղել է գող և շատ վարձ առնող ագահ ջրաղացպան։ Նա մի աղքատ մարդուց անչափ շատ վարձ է վերցնում, որից զայրացած աղքատը անիծում է նրան, ասում. 
— Քեզ տեսնեմ էդ կոկոշը (աղուն կամ ալյուր չափելու դդմե աման) գլխիդ ման գալիս։ 
Աղքատի անեծքն անմիջապես կատարվում է, ջրաղացպանը դառնում է կրիա, գլխին՝ կոտ։ 
Գորտը առաջ հղի հարս է եղել։ Սկեսրայրը նկատում է, որ հարսն առանց մեկից քաշվելու, վերցնում ուտում է սրտի ուզածը։ Նա բարկանում է հարսի վրա, թքում երեսին։ Խեղճ հարսը ամոթից իսկույն գորտ է դառնում, մտնում ջուրը։
-----------------------
1 Ըստ աստվածաշնչյան ավանդության՝ համաշխարհային ջրհեղեղից փրկված հերոս, որն իր նավում՝ տապանում, պատսպարում է բոլոր կենդանիներին ու թռչուններին, փրկում խեղդվելուց։ Նրա երեք զավակներից (Սեմ, Քամ, Հաբեթ) հետագայում առաջանում են հետջրհեղեղյա մարդկային ցեղերը։
2 Գտնվում է Հին Նախիջևանի շրջանում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets