ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.09.2013

...Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս...

Հարցազրույց` Զաքար Խոջաբաղյանի հետ 

«Ինչ, չգիտէ՞ք, որ հայրենիքի մասին պիտի չխօսել, եթէ համոզուած չէք, որ ձեր խօսելուց յետոյ դա աւելի գեղեցիկ, ցանկալի, աւելի պաշտելի պիտի դառնայ»:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

-Բարի լույս Աշխարհ, որ Հայ ես ծնվել… /շարունակեք խնդրեմ/
-Չամչյանն ասում է, որ Աստված Ադամի հետ Դրախտում խոսեց Հայերեն, իսկ հին շումերական և այլ աղբյուրներ վկայում են, որ Դրախտը Հայաստանում է, Հայկական լեռնաշխարհում, Հայաստանը կոչվում էր Աստվածների նստավայր, սրբազան օրենքների երկիր, իսկ Հայերն` Աստվածընտրյալ ժողովուրդ... Թերևս, իսկապես, աշխարհն ի սկզբանե Հայ էր ծնվել... Բայց կկարողանա՞նք մենք և մյուս սերունդները աշխարին հայ պահել, դա արդեն մեր վրա դրված առաքելությունն է... Կարծում եմ` կկարողանանք...
-Ո՞րն է Հայ մնալու արվեստը:
-Բնության հետ ներդաշնակ ապրելը, մարդու Մարդ լինելը... Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, մարդը մեղք գործեց և վտարվեց դրախտից... և մինչ այսօր անընդհատ ձգտում է իր սկզբնական վիճակին: Աստված Կատարելություն է, բացարձակ ճշմարտությունն ու Արդարությունը, Աստված Արարումն է... և եթե Աստված մարդուն ստեղծեց իր կերպարով, դա նշանակում է , որ մարդն ի սկզբանե իր կոդում ունի Արարման խորհուրդը: Կենդանական աշխարհն արարում է ինքն իր նմանին` իրենից ավելի կատարյալին ծնունդ տալով, մարդն այդ ամենից զատ, իր ֆիզիկական, հոգևոր և ոգեղեն մշտական կատարելագործումից, իրենից ավելի կենսունակ ու կատարյալ սերունդ տալուց զատ, պետք է ստեղծագործի, արարի հոգևոր, մշակութային և այլ ժառանգություն թողնի, այլապես, արարողից կվերածվի սպառողի` կենսաբանական ռոբոտի: Հայի տեսակն արարող, ստեղծագործ տեսակն է: Հայ մնալու Արվեստը, իմ կարծիքով արարման բնական պրոցեսին մշտապես մաս կազմելն է...
-Կմանրամասնե՞ք ...Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս, Ու գընում ենք մեր ճամփով, Մըրրիկներով պատած անհույս, Սև խավարով, մութ ամպով: Մենք անցել ենք արյան ծովեր, Սուր ենք տեսել ու կըրակ, Մեր ճակատը դեմ ենք արել Մըրրիկներին հակառակ: Ու թեպետև պատառ-պատառ Մեր դըրոշը սըրբազան, Ու մենք չունենք տեղ ու դադար՝ Երկրից երկիր ցիրուցան: Բայց գընում ենք մենք անվեհեր Զարկերի տակ չար բախտի, Մեր աչքերը միշտ դեպի վեր՝ Դեպի լույսը մեր ուխտի... Հովհաննես Թումանյան -Չեմ կարծում, թե ամենայն հայոց բանաստեղծի այս հանճարեղ տողերը մեկնաբանելու կարիք ունեն... ամեն ինչ ասված է... և նրա հանճարն ու կատարելությունն էլ հենց դրանում է...
-Մեր տեսակն է վտանգված.../Զ. Խ./ արդյո՞ք մտավախություն չկա, որ մի օր հայրենի հողը միայն իր արձագանքն է լսելու` դատարկվելով:
-Ո՛չ: Ես հավատում եմ Հային: Աստծո Աջը միշտ մեր գլխին է: Շատ ենք լսում խոսքեր, թե Աստված Երես թեքեց մեզնից, Աստված Երբեք էլ Երես չի թեքել մեզնից, այդ մենք ենք պարբերաբար երես թեքում Աստծուց: Ու քանի դեռ հավատ ունենք` դեպ մեր երկիրը` Հայաստան Աշխարհը, քանի դեռ վստահություն ունենք` Մեծ ու Ամբողջական Հայաստանն ունենալու և գիտակցում ենք, որ դա սոսկ միջոց է, այլ ոչ թե նպատակ, Միջոց` իրականացնելու մեր տեսակի առաքելությունը, մեր ՈՒխտը, քանի դեռ Հավատում ենք Հային, Հայի Աստծուն, Հայ տեսակին... Դրախտի պահապանները կլինենք մենք` Հայերս...Մենք անհունից ենք գալիս, ու գնում ենք Հավերժը... Կարևորն ինքներս մեր տեսակին հավատարիմ մնանք`...ապրենք հայորեն...
-Այսօր մեզ ասում են, որ հայի գենը ծերացել է, որ ժամանակի մեջ չխառնվելով մենք թուլացել ենք ու ծերացել, և պետք է խառնվի մեր գենը, որ նորից ուժեղանանք...մի՞թե:
-Կատարյալ ապուշություն է .... որպես բժիշկ պիտի ասեմ` բնության մեջ ուժեղ տեսակն է հաղթում... ամեն անգամ, երբ մի որևէ տեսակ մի փորձություն է հաղթահարում, դա վկայում է նրա ուժեղ լինելու մասին... նայեք մեր պատմությանը... անընդհատ փորձություններ ենք հաղթահարում: Որքան հին է ազգը ու մեծ փորձություններ է հաղթահարել, ապա պարզ բնական օրենքներից ելնելով, կարելի է միայն վստահորեն ասել, որ այդքան ուժեղ է նա: Եվ վերջապես, այդ ինչպե՞ս է, որ ազնվացեղ կենդանիների պարագայում, որքան ազնվական ու չխառնված են նրանց գեներն, այդքան բարձր են համարում նրանց որակները, իսկ մարդկանց պարագայում, այսպիսի տխմարություններ են տարածում: Ցավոք, որոշ «մասնագետներ» նույնպես կուլ են տալիս այդ խայծը, առանց խորամուխ լինելու խնդրո էության մեջ: Սա մեզ որպես տեսակ ոչնչացնելու, ձուլելու ծրագիր է: Հայի գենը ուժեղ է, և դա մենք ապացուցել ենք մեր պատմությամբ և անցած ուղով... երբ 1915 թվականին բնաջնջվեց մեր ազգի մի զգալի հատված, մորթվեցին մոտ 760 մտավորականներ, 4000 հոգևորականներ, ավերվեցին եկեղեցիներ, այրվեցին գրքեր, Հայաստան Աշխարհի Արևելյան կողմում նույնը շարունակվեց և հետագա տարիներին հետապնդվեցին հայ մտավորականները հոգևորականները, որոնք ըստ էության նախորդ սերունդների իմաստության կրողն ու փոխանցողներն էին հաջորդ սերունդների, ժողովրդի , գենոֆոնդի հետ միասին... և այդքանից հետո, մենք փոխանակ ծնկի գալու` ինչպես սպասում էին, պետականություն կերտեցինք և Սարդարապատ անցանք.... Սա ևս մեկ վկայությունն է մեր գենի հզորության և հայի տեսակի...
- Պետք չէ օտար օրինաչափությունների զոհ գնալ և չգիտակցված կրկնել' ոմանց կողմից միտումնավոր շրջանառության մեջ դրվող արտահայտություններ: /Զ. Խ./......... որո՞նք են, որ ավելի քան ակնառու են հատկապես վարվելակերպում:
- Շատերս ենք լսել, այսպիսի թևավոր խոսքեր, թե որտեղ` հայ, այնտեղ` վայ, հայերը միասնական չեն, քցող են , պարտվող են խեղճ են և այլն: Հապա նայեք մեր անցյալին մեր պատմությանը, որտեղ կանգ ենք առել արարել , ստեղծել ենք. զարգացրել ենք լույս ենք տվել... մեզանից յուրաքանչյուրը, եթե պատահաբար լսում է, թե ասենք Ինգուշեթիայի եսիմ ինչ գյուղում մինչև 10 դասարանների մեջ թենիսի մրցույթում Արմեն Հայկազյանն առաջին տեղն է գրավել, առանց այդ վայրի տեղն իմանալու, առանց այդ մարդուն ճանաչելու , լավ ես զգում և հասկանում ես, որ սիրում ես քո տեսակը... Ամենքս մեր ենթագիտակցության մեջ հայ ենք ման գալիս, և երբ գտնում ենք` շատ ենք ուրախանում... ցավոք, մեր գիտակցությունն են ամեն օր պղտորում նման հիմար մտքերով, սրսկում են ամեն օր գաղափարներ, որպեսզի հայ մարդը զզվի ինքն իր տեսակից: Դա այդպես չէ, Մենք հզոր ու հերոսական անցյալ ունենք, մենք հզոր ու մեծ ազգ ենք, միգուցե փոքրաթիվ, բայց ոչ փոքր, մենք համամարդկային բանկին, տոկոսային հարաբերությամբ եթե նայենք, ավելի շատ հանճարներ ու տաղանդներ ենք տվել ամեն ոլորտում, քան անգամ միլիարդանոց շատ ազգեր: Շատերս գիտենք 300 սպարտացիների պատմությունը, բայց մեզնից քանի՞սն են տեղյակ 481 թվականի Վահան Մամիկոնյանի հերոսամարտի մասին, ով 300 հոգով Ակոռի գյուղի մոտ ջախջախեց Պարսկական 7000 հոգանոց զորքը` արգելելով նրա մուտքը Հայաստան: Մենք չգիտենք պարզապես մեր պատմությունը, ինքներս մեզ չենք ճանաչում: Տեղն ու տեղը պետք է խեղդել նման խեղող և անդամալույծ անող մտքերը, որոնք նվաստացնում և վտանգում են հայի անունը: Նժդեհն իր Մայքլ Առլենին գրած նամակում ասում էր. «Ինչ, չգիտէ՞ք, որ հայրենիքի մասին պիտի չխօսել, եթէ համոզուած չէք, որ ձեր խօսելուց յետոյ դա աւելի գեղեցիկ, ցանկալի, աւելի պաշտելի պիտի դառնայ»: Ընդհանրապես փորձված պրակտիկա է, և անգամ գիտական թեզեր կան այս թեմաներով, որ պետություններ կարելի է քանդել հումորով, երգով, անեկդոտներով, թևավոր խոսքերով և այլն... Ինքներդ նայեք... Լսած կլինեք նմանօրինակ անեկդոտներ, որոնք կարող են սկսվել այսպես. «Հայը, թուքը, Ղարաբաղցին...» ի՞նչ է ստացվում, Ղարաբաղցին առանձին ա՞զգ է: Եվ ո՞վ է հորինել այս տխմարությունը, և ո՞վ է առանց մտածելու տարածում այս հիմարությունը անգամ բերանները 6X8 վրա բացած կարող են հռհռալ, առանց հասկանալու որ գաղափարական դիվերսիայի զոհ են... նայեք ձեր շուրջը... հարց ես տալիս` ո՞վ է հայը, ինչո՞վ է տարբերվում հայը, կասեն` մշակույթով, կրոնով, լեզվով... հարց ես տալիս` քանի՞ ազգային երգ գիտես, քանի՞ ազգային պար գիտես, քանի՞ շարական գիտես, ապուշ կտրած ճակատիդ են նայում... Մշակույթը դա մշակույթի պատմություն չէ, ոչ էլ մշակույթի փիլիսոփայություն, մշակույթը կենցաղն է մարդու, երբ սեղանի շուրջ նստած կենացներ ենք ասում և հաց ուտում` դա ուտել-խմել է, եթե չի համեմվում ազգային երգով և պարով... Մարդ պետք է ապրի իր տեսակով, մենք մեր լեզուն ենք խեղում ամեն օր, հեռուստատեսությամբ ամեն տեսակ տխմարություններ են հումորով պատվաստվում են ազգի մեջ, ծաղրվում են հայկական ազգային ընտանիքը, հայ ավանդապաշտ կնոջ և տղամարդու կերպարը, ազգային հերոսները, մեծությունները, վարկաբեկվում են հայ մեծերը... և ցավալին այն է, որ երիտասարդ, մատաղ սերունդը, և անգամ հասակավորները չեն գիտակցում, որ պատերազմ է սա... և մենք ամեն օր տանուլ ենք տալիս այս պատերազմում, քանի որ, միասնական ճակատ չենք ստեղծել սրա դեմ, չենք պաշտպանվում, և ամենևին պարտադիր չէ, որ զենքը ճակատիտ դեմ տան, որպեսզի հասկանաս, որ քեզ ոչնչացնում են, եթե զենքով քեզ ֆիզիկապես են ոչնչացնում, ապա այսպես` որպես տեսակ... 
-Եթե որակում եք ուռուցք հասարակության մեջ ուռուցքային տարրեր, որոնք չեն ուզում ընդունել ազգ, ազգային ամբողջական գիտակցություն, ապա այն բուժում ունի՞:
-Բնության մեջ ամեն բան հավասարակշռվում է: Այլ հարց է թե մենք գիտե՞նք արդյոք հակակշիռը որն է, թե` դեռ ոչ: Ուռուցքային տարրերը, տվյալ օրգանիզմի այլասերված բջիջներն են, որոնք, ցավոք, չեն ոչնչացվում օրգանիզմի կողմից: Մինչդեռ օրգանիզմի ցանկացած բջիջ ունի ապոպտոզի (ինքնաոչնչացման) գեն, որը պատասխանատու է բջջի ինքնաոչնչացման համար, այն դեպքում, երբ բջիջը խեղվում է գենետիկորեն և այդ խեղումն հնարավոր չէ այլևս շտկել: Ցանկացած բջիջ ունի ինքնակարգավորման մեխանիզմ, որով պարբերաբար կարգավորում է իր գենոֆոնդի, իր տեսակի շեղումը` այն շտկելով և բերելով մաքսիմալ նախնական և ընդհանրական վիճակին: Ամեն ոք, ինչպես մեծ օրգանիզմի բջիջ, նախ պետք է ինքը գիտակցի, որ իրենցից յուրաքանչյուրի խեղումը և տեսակից հեռանալը սպառնում է, և՛օրգանիզմի ոչնչացմանը, և՛ դրա արդյունքում նաև` իր ոչնչացմանը: Ցանկացած արատավոր երևույթի դեմ օրգանիզմը պիտի տա իր բնականոն պատասխանը, ինչպես իմունիտետն է: Այդ պատճառով հանդուրժողականության եզրույթը, որն այդպես ինտենսիվորեն պրոպագանդվում է, կաշխատի միմիայն սիմբիոզի` համակեցության այն ձևի պարագայում, երբ իրարից տարբեր երկու օրգանիզմներ փոխշահավետ և օգտակար են միմիայնց համար: Հակառակ բոլոր պարագաներում, հանդուրժողականությունը սպառնում է օրգանիզմի գոյությանը: Ցավոք սրտի, այսօր պրոպագանդվող հանդուրժողականությունն իր մեջ կրում է միմիայն օրգանիզմները որպես տեսակ ոչնչացնելու տարրեր, քանի որ մյուս բոլոր պարագաներում, «հանդուրժողականություն պրոպագանդելու» խնդիր, գործնականում չի առաջանում. վկա` մեր բարիդրացիական և կառուցողական հարաբերությունները ազգային փոքրամասնությունների հետ, վկա` Համո Բեկ-Նազարյանը, Առնո Բաբաջանյանը,… Հայ մշակույթն ու Աշխարհայացքն առհասարակ: Մենք երբեք չենք ունեցել և չունենք հանդուրժողականության պրոպագանդայի խնդիր: Մեր էպոսի մեջ անգամ, մենք հանդուրժող ենք` Սասնա Դավիթն իր երկու զարկերը բաշխում է Մսրա Մելիքի մորն ու քրոջը, իսկ մելիքին հաղթելուց հետո` չի ստրկացնում նրա ժողովրդին, այլ ուղարկում է տներով: Նույնն արեցինք մենք Արցախում, երբ հաղթած պատերազմում` ոչ թե կապիտուլիացիայի ենթարկեցինք Ադրբեջանին, այլ իրենց կողմից պարտադրված պատերազմում հաղթելուց հետո` նրանց պարտադրեցինք խաղաղություն... և, այդքանից հետո, ինչպե՞ս հասկանալ, ինչ-ինչ կառույցների կողմից Ադրբեջանի հանդեպ ամեն օր պրոպագանդվող այս հանդուրժողականության թեզերը... սա ևս մի վկայություն, որ այդ ամենը ոչ թե մարդասիրական, այլ մեզ` որպես տեսակ վնասելու և թուլացնելուն են միտված: Մենք գիտենք ինչը պետք է հանդուրժել, ինչը` ոչ: Ցանկացած առողջ համակեցություն մեր համար հանդուրժելի է և փոխշահավետ, ցանկացած այլ համակեցություն, որը սպառնում է մեր տեսակին` տեղն ու տեղը պետք է չեզոքացնել...
-«Եթե էն ժամանակվա ճարտարապետությամբ տունը, որ կառուցվում էր մի ընդհանուր միջանցք սենյակ ուներ, որից բոլոր սենյակները գնացող դռներ էին ու ընտանիքը հիմնականում այդ սենյակում էր հավաքվում, էսօր անգամ ճարտարապետությամբ են առանձնացվել իրարից բոլոր սենյակները' Մարդը տիեզերքի կենտրոն... Մարդը ամեն ինչից Վեր» /Զ. Խ./ հավատում եք , որ մեկ օր բոլոր սենյակների դռները դեպի մեծ հայկական ընտանիք են բացվելո՞ւ:
-Այլընտրանք չկա... Բոլոր ճանապարհները բերում են Հայաստան... Հայաստանն է Հյուսիսի և Հարավի, Արևմուտքի և Արևելքի խաչմերուկը` կենտրոնը... Ուշադիր զննելով քարտեզը ` ինքներդ կհամոզվեք, որ անգամ աշխարհագրորեն է Կենտրոնում Հայաստանը: Անգամ Քրիստոս է ասել, որ Փրկության Լույսը պիտի գա Արևելքից` իսկ Արևելք միշտ կոչել են` Հայաստանը: Չինաստանում անգամ, մինչև այսօր Հայաստանի ուղղությամբ նետ արձակելը մեղք է համարվում /մանրամասներ` «мифы Китая» գրքում /:
-Երբ մենակ եք լինում եմ ինքներդ ձեզ հետ... /շարունակեք/
-Մարդ երբեք մենակ չի լինում, անգամ ինքն իր հետ: Առնվազն մարդու խիղճը (եթե անգամ ստվերը բացառենք) միշտ իր հետ է...
-Ո՞րն է Ձեր մանկության համը իր հոտի տեսքով, ո՞րն է նրա գույնը:
-Մանկությունս Արցախյան պատերազմի տարիներին է անցել, հոտը` վառոդի հոտն է, համը` հորաքրոջս թխած բլիթներն ու շաքարավազով հացը... Մանկությանս գույնը` Արևի գույնն է` որքան էլ որ տարօրինակ կթվա..., իսկ Տատս` այդ մանկությունը լցնող` կանաչը... Մութ տարիներին, մթությունը մեր ուրախությունն էր, հայրս մեր համար հեքիաթ էր պատմում, մինչև լույսերը կտային, և այդ ժամերը` երբ մութն ընկած հավաքվում էինք մեր հոր շուրջն ու լսում` հենց այդ պահին հորինվող ու նախորդ օրվանից կիսատ թողնված հեքիաթի շարունակությունը, որն ամեն անգամ կիսատ էր մնում` մինչ հաջորդ մութն ընկնելը... չեմ փոխի այդ տարիները ոչ մի այլ շքեղության հետ: Իմ հարստությունն են դրանք...:
- Եթե թույլ կտաք մեջբերել իմ հոդվածից մեկ տող` էն տարիներին մութ էր, ցուրտ էր, սով էր, բայց դրանից հումանիզմն ու սերը չէին պակասում: համաձա՞յն եք: Ինչո՞ւ էր այդպես:
-Հաստատում եմ... հոգու լույսն էր շատ: Տեսակի պահպանման կռվում, միշտ էլ տեսակն ավելի է ընդգծվում... բյուրեղանում և ամրանում հոգուդ մեջ... իսկ մեր տեսակը` հայու տեսակը... լույսն է:
- ...Մի տեսակ մեղավոր եմ ինձ զգում.../Զ. Խ./ պարտքի զգացումի՞ց է, թե՞ ժամանակավրեպ թողածից:
-Ամեն սերունդ պարտավոր է իր վրա եղած խնդիրը առավելագույնս կատարի, նախորդ սերունդներից մնացած պարտքն էլ` մարի, որպեսզի հաջորդ սերունդներին ավելի ուժեղ և ամրացած աշխարհ կտակի...: Մարդն անսխալ չէ, մեղավորության զգացումն, ըստ իս, մարդուց անբաժան զգացողություն է, իմ կարծիքով հենց այդ զգացումն էլ դժոխքի տանջանքների հիմքում է... Թե՛ մեկը կա, և թե՛ մյուսը....
- Մեր ծնողներից հաճախ ենք լսել. «Մեր ժամանակ նման բան չկար...» արտահայտությունը և հիմա այն ասում ենք նաև մենք` 80-ականների սերունդս, բայց ավելի քան շատ են այդ բացերը, ի՞նչն է պատճառը ժամանակի ու մտածողության կտրուկ փոփոխությո՞ւնն է, աքսելերացիա՞ն, թե՞ չգիտակցված գնում ենք դեպի այլասերման:
-Մի գրքի մեջ, մի առիթով այսպիսի նախադասություն էի կարդացել` հաղթելու համար, ոչ թե պետք է կենտրոնանալ հաղթանակի վրա, այլ պետք է բացառել պարտության տանող բոլոր ճանապարհները... Միգուցե, ամեն սերունդ իր մեղքի բաժինն ունի` պարտության տանող ոչ բոլոր ճանապարհները փակելու հարցում: Մեր խնդիրն է, հնարավորինս ամրացնել մեր Ամրոցը:
- Հայի որ ժամանակաշրջանի ԱՐԺԵՀԱՄԱԿՐԱԳՆ Է գերազանց:
- Մենք դեռ ամբողջությամբ չենք ճանաչում Հային, վերջնական գնահատական տալու համար: Բայց մի բան պարզ է, բոլոր ժամանակաշրջաններն էլ, որոնք ապրել է հայը, անկախ իրենց գնահատականից` հայինն են, և պետք է վերցնել օգտակարը, իսկ վատից` հետևություններ անել: Կարծում եմ, ավանդույթ հասկացությունն էլ հեցն այդ կենսափորձն է, որ սերնդեսերունդ կուտակվում և ժառանգվում է` սխալներից խուսափելու և հաջողության հասնելու համար: Եվ հենց այդ է պատճառը, որ միշտ ասում եմ, եթե մենք չենք հասկանում ավանդույթի էությունը, դա ոչ թե խոսում է նախնիների հետամնացության կամ հիմարության մասին, այլ մեր անգրագիտությունն է ցուցում:
- Այսօր, ամենուր, կարելի է քչերից, բայց լսել միասնական լինելու կոչեր, հորդորներ, բայց չե՞ք նկատել, որ հենց նրանք են առաջին հերթին մասնատողներից մեկը, որպես` բուն հայի ճանապարհը ցույց տվող... ի՞նչ կարծիքի եք:
Գործ անողի կողքին պետք է կանգնել... կոչերը պարապ մարդկանց զբաղմունքն է....
- Ի՞նչ է դասախոսում Զաքար Խոջաբաղյանը: Ե՞րբ է լինում դրա կարիքը: Այս հարցն հանեք էլի, Ես չեմ դասախոսում, սովորում եմ դեռ, սովորածս եմ փոխանցում ընդամենը… _ Չէ, չէ պատասխանեք, պատմեք զորամասից, պարելու դասից, ազգայինից
-Մենք միշտ պիտի սովորենք բանակից... մեր կռվող տղերքի տեսակը միշտ օրինակ պիտի ունենանք: Վերջերս «Եղնիկներ» զորամասում էինք, որտեղ էլ և՛ սովորում էինք... և՛ մենք մեր իմացածն էինք փոխանցում տղերքին... Ընդհանրապես մեր պետության ու ազգի ամենակայացած օղակը միշտ եղել է ու կմնա բանակը... Պատմությունը միշտ վկայում է, որ մենք պիտի ապավինենք զենքին... Երբ Հայը զենք է վերցրել` ոչ թե նվաճելու, այլ պաշտպանելու իր տեսակը, իր երկիրը, նրան հարգել և ընդունել են... Բանակի հասցեին ճոռոմ-ճոռոմ վայրահաչողները, թող նախ բանակի արած գործի կես տոկոսն անեն` պաշտպանեն մեր երկիրը, մեր տեսակը... Նմանները ոչ թե սովորեցնելու, այլ սովորելու կարիք ունեն բանակից...
-Շնորհավորում եմ Ազգիս և, մասնավորապես Ձեզ, որ «Եղնիկներ» զորամասում Ձեր ուժերով, անկախ բոլոր տեսակի խնդիրներից, գրադարան եք հիմնել, այդ ՄԵԾ գաղափարն ինչի՞ց էր առաջացել:
-Դա մի փոքր, շա՜տ փոքր լումա էր, որ ամեն հայ հպարտությամբ պիտի կատարեր... մեծ բան չենք արել... այն ինչ այնտեղ մեր տղերքն են անում` մեր սահմանն են անառիկ պահում, դրա համեմատությամբ դա մի չնչին բան էր... իսկ գաղափարը ծնվեց հենց այն պահին, երբ իմացանք, որ «Եղնիկներ»-ի զորամասերից մեկում գրքի պակաս կա: Խնդիր կա` պետք է լուծել: Չգիտեմ, միգուցե ուրիշները, կսկսեին քննադատել պետությանը, բանակին, Աստծուն անգամ, որ այնտեղ գրադարան չունենք, իսկ մենք, գերադասում ենք մեր ուժերին ներածի չափով լուծել խնդիրը, անկախ նրանից` թե պետության, որ օղակում է այն: Մեր կարծիքով, ամեն հայ մարդ, եթե այս սկզբունքով գործի` կարճ ժամանակ անց, ոչ թե տարածաշրջանի, այլ աշխարհի հզորագույն պետություններից մեկը կլինենք: Մեր ազգի պոտենցիալը հսկայական է:
- Առաջին հայացքից խիստ թվացող Ձեր հոդվածներում գերակա է հույզը, ինչը գովելի է, իսկ ինչպե՞ս եք ընկալում կյանքը ներքուստ: Կա՞ աքիլլեսյան գարշապար:
-Իսկ ի՞նչ եք կարծում, ես պիտի ինձ խոցելի՞ դարձնեմ` պատասխանելով այս հարցին: - Այսօր, նույնիսկ դպրոցներում պատնեշ են ստեղծում Հայ դաստիարակելու փորձին ընդառաջ: Ի՞նչ անել:
- Չեմ կարծում թե հայ կերտելու գործին ինչ-որ մեկն ի զորու է պատնեշ ստեղծել: Ցանկություն է պետք` և վե՛րջ: Բայց այս հարցն այդքան էլ սրտովս չի. չեմ կարծում,թե դպրոցներում պատնեշ են դնում: Օրինակ` շուտով նախարարի աջակցությամբ, նախատեսվում է Ազգային պարի դասընթաց մտցնել դպրոցներ:
- Հանրակրթական դպրոցում ի՞նչ պետք է պարունակի սեռական դաստիարակություն ուսուցանող թեման, ի՞նչ է այն իրենից ներկայացնում: 
- «Սեռական դաստիարակություն» եզրույթն ինքնին արդեն սխալ է: Խոսք պետք է գնա «Վերարտադրողական առողջության մասին կրթություն» տերմինի մասին, որը պետք է ներառի` ճիշտ սնունդը, ճիշտ հագուստը, ազգային ընտանիքի մոդելի ուսուցումը... «Սեռական դաստիարակություն» եզրույթը ասոցացվում է սովորական հարաբերության հետ, մինչդեռ «Վերարտադորղական առողջության մասին կրթությունը»` մանկածնության և առողջ ընտանիք կազմելու բնական պրոցեսի հետ: Ինչպես մյուս ոլորտներում, այստեղ ևս` պատերազմ է, որտեղ ճարպկորեն օգտագործում են մարդու ամենից ուժեղ բնազդը` բազմացման բնազդը… պետք է ճկուն լինել և գիտակցել, որ այդ դաստիարակությունն իր վրա վերցրել է ազգը` իր կենսափորձի արդյունքում կուտակելով և կտակելով բազմաթիվ ավանդույթներ, որոնց էությունը հենց ` առողջ և ուժեղ ընտանիք կազմելն է, որն իր մեջ ենթադրում է նաև շատ և առողջ երեխաներ ունենալ և նրանց Հայ դաստիարակել: Մնացածը` կապիկություններ են, որոնք պետք է մերժվեն:
-Դեռահաս երեխան ի՞նչ պետք է դիտի այսօր:
-Միջին դարերում, երբ մենք պետականություն չունեինք, մեր կրթական համակարգը համարվում էր լավագույներից մեկը: Այդ մասին բազմաթիվ վկայություններ կան: Կարծում եմ, նախ պետք է ուսումնասիրել այդ համակարգը: Դեռահաս երեխային պետք է սովորեցնել. Սովորեցնել` Սովորել: Նա ավելի շատ պետք է բնության հետ ներդաշնակ, բնության գրկում մեծանա, քան հեռուստացույցի դիմաց` ինչ-որ բան դիտելով: Կարճ, եթե ձևակերպենք, դեռահաս երեխան պետք է դիտի բնությունը` լինելով և իրեն զգալով բնության անբաժանելի մաս: Գիտելիքներն անգամ, որոնք նա ստանում է դպրոցում և այլուր, պիտի ծառայեն նրան` հասկանալու և մասը կազմելու բնությանը` որպես մեկ ներդաշնակություն:
-Ինչպե՞ս եք վերաբերվում այն պաստառներին, որոնց վրա գրված է` «Գիրք կարդալը նորաձև է...», մի՞թե ամեն նորաձև է ընդունելի:
-Թող տարօրինակ չհնչի, բայց նորաձևություն եզրույթն ինձ մոտ ասոցացվում է քաղքենիություն եզրույթի հետ: Մարդ ոչ թե նորաձև, այլ ինքն իր և բնության հետ ներդաշնակության մեջ պիտի գտնվի: Իսկ դրա լավագույն դրսևորումն իր տեսակին հավատարիմ մնալն է: Ստեղծագործությունն ու Արարումն էլ տեսակի պահպանմանն ու կատարելագործմանը պիտի միտված լինեն, ոչ թե շարունակական խեղմանը, ինչն այսօր ամենուր է: Դիտեք 100 տարի առաջ ապրած հայ կնոջ զգեստն ու այսօրվա պատառոտած կտոր հիշեցնող փալասները... Ո՞րն է նորաձև... Ցեղասպանության և Հայաստանի բոլշևիկացման վնասներից մեկն էլ, ի թիվս բազում այլ վնասների, հագուստի մշակույթի ոչնչացումն էր: Այդ մշակույթը դադարեց իր բնականոն զարգացումն ապրել: Միգուցե` հենց այդ է պատճառը, որ այսօրվա մարդուն մի փոքր խորթ կարող է թվալ: Բայց այն ինչ այսօր պրոպագանդվում է նորաձևություն անվան տակ, կներեք, դա դեգրադացիա է: Խոսքս իհարկե Գիրք կարդալուն չի վերաբերվում: Պարզապես գովազդի այդ ձևն էլ վկայում է, որ նորաձևությունն այսօր ավելի շատ քաղքենիություն է...
-Հոգու կարոտ, որ կրում է…. /Շարունակեք…/
-Ամուսնանալիս, եկեղեցում ասում են` «Եվ եղավ մեկ մարմին»: Ասում են, թե Աստված կնոջը ստեղծեց տղամարդու կողից: Ըստ էության, մենք, իհարկե, ծնվում ենք որպես մեկ ամբողջ, բայց ապրելու, արարելու, տեսակի պահպանման և, ինչու չէ , նաև մեռնելու՛ համար` կիսատ ենք: Թերևս հենց դա էլ հոգու կարոտն է` կիսատության զգացումը, և մարդն ամբողջանում է ընտանիքում` իր նմանին ստեղծելու, արարման սուրբ գործի մեջ: Երևի հենց դա է պատճառը, որ մենք միշտ ձգտում ենք գտնել մեր Աննմանին:
-Որպես կոչ….
-Կոչեր չեմ սիրում, գործ անողների կողքին պիտի կանգնես...ինքդ գործ անես...
-Անչափ շնորհակալ եմ ՀԱՅԱՀՈՒՆՉ ՈՒ ՀԱՅԱԿԵՐՊ ու ԿՈՉ հարցազրույցի համար:
- «Կոչ»-ը հանեք մեջտեղից... Կոչը հրամանատարն է տալիս` կռվից առաջ, մենք բոլորս զինվոր ենք, ազգի զինվոր: Մնացած բոլոր կոչերը, պարապ մարդկանց զբաղմունք են...

Հ. Գ. «Հարցազրույց»-ի հյուրն է Զաքար Խոջաբաղյանը, որը կարողանում է հնարավորինս Արարել` արժանի մնալով ՀԱՅ-ի անվանը ու տեսակին:

Հարցազրույցը` Լիլիթ Մնացականյանի

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets