ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.10.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Բենիամին Մարգարյան

Բենիամին Եղիշեի Մարգարյան (1913 − 1985), հայ խորհրդային աստղագետ, Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971), ՀՍՍՀ Գիտության վաստակավոր գործիչ (1961)։ ՍՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ (1964), Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի փոխնախագահ (1973-1976), նախագահ (1976-79)։ 

Բ. Ե. Մարգարյանը ծնվել է նոյեմբերի 29-ին (դեկտեմբերի 12) Թիֆլիսի նահանգի Շուլավեր բնակավայրում (Շահումյան, այժմ Վրաստանի Մառնեուլի մունիցիպալիտետ)՝ հայկական ընտանիքում։ 1938թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1941թ.՝ Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրան։ 1943-1957թթ. դասավանդել է ԵՊՀ-ում։ 1944 թվականից մինչև իր մահը աշխատել է Բյուրականի աստղադիտարանում (1952-57թթ.` փոխտնօրեն, 1957-1985թթ.` գալակտիկաների բաժնի վարիչ)։ Մահացել է 1985թ. սեպտեմբերի 30-ին։
Գիտական աշխատանքները վերաբերում են աստղային և արտագալակտիկական աստղագիտությանը։ Նրա գլխավորությամբ մշակվել է աստղերի տեսանելի բաշխման մեջ դիտվող ֆլուկտուացիաների (տատանումների) տեսությունը` տիեզերական կլանման հաշվի առմամբ։ Վ. Հ. Համբարձումյանի հետ համատեղ հաստատել է Գալակտիկայում երիտասարդ, անկայուն աստղային համակարգերի` աստղասփյուռների առկայությունը, ինչը վկայում է, որ աստղառաջացման գործընթացը շարունակվում է նաև մեր դարաշրջանում, ընդ որում աստղերը ծնվում են խմբերով։ Կատարել է ցրված աստղակույտերի դասակարգում, ուսումնասիրել է դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները և նկարագրել է Գալակտիկայի պարուրաձև ճյուղերի նկատմամբ դրանց դիրքը։ Բացահայտել է պայծառ գալակտիկաների շարքում գունային ու սպեկտրալ տարականոն (անոմալ) բնութագրերով օժտված օբյեկտների հատուկ դասի առկայությունը։ Բացահայտված երևույթի բացատրման համար առաջինն է առաջ քաշել գալակտիկաների միջուկներում ոչ ջերմային բնույթի ուլտրամանուշակագույն ճառագայթների առկայության գաղափարը։ Այդ ուղղությամբ մշակել է հատուկ մեթոդաբանություն և 1965 թվականից Բյուրականի աստղադիտարանում Շմիդտի` մեկ մետր տրամագիծ ունեցող աստղադիտակով անցկացրել է աստղային երկնքի առաջին սպեկտրալ շրջահայությունը։ Դիտումների արդյունքում հայտնաբերել է հատուկ դասի` սպեկտրի ուլտրամանուշակագույն տիրույթում ճառագայթման ավելցուկ ունեցող մեծ թվով թույլ գալակտիկաներ (13-17-րդ աստղային մեծության), որոնք կոչվում են նրա անունով` Մարգարյանի գալակտիկաներ։ Տարբեր աստղադիտարաններում հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք Մետագալակտիկայի ակտիվ գոյացումների ընդարձակ դաս են կազմում։ Այդ գալակտիկաների նշանակալի մասն ունի ռադիո-, ինֆրակարմիր և ռենտգենային ճառագայթում, իսկ դրանց շուրջ 10 %-ին հատուկ են Սեյֆերտի տիպի գալակտիկաներին բնորոշ հատկություններ. սպեկտրներում գծերը տարբեր չափով լայնացած են։ Դրանց շարքում կան նաև քվազարներ և ВL Մողեսի տիպի օբյեկտներ։

Պարգևներ
ԽՍՀՄ Պետական (Ստալինյան) մրցանակի դափնեկիր (1950)
Պատվո նշան շքանշան (1955)
Ժողովուրդների բարեկամության շքանշան (1983)

Գրականություն
Атлас звездных скоплений различных типов, 1953։ 
Колчинский И.Г.,Корсунь А.А.,Родригес М.Г.։ Астрономы.Биографический справочник։ Киев,: Наукова думка, 1986։ 
«Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ»։ պրակ 1, 1946։
«Галактики с ультрафиолетовым континуумом»։ Астрофизика,(3) 1957։
«On the Nature of Galaxies with UV Continuum Having Broad Emission Lines»։ Astronomy and Astrophisics, (58) 1977։

Արտաքին հղումներ
Բ. Ե. Մարգարյանի կենսագրությունը՝ Հայկական գիտական համագործակցություն կայքում armscoop.com

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets