ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.09.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ներսես Ակինյան

Ներսես (Գաբրիել) Ակինյան Հակոբի (1883, սեպտեմբերի 10, Արդվին – 1963, հոկտեմբերի 28, Վիեննա), հայ բանասեր, պատմաբան, ձեռագրագետ: Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ 1901-ից, Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր (1954):

1895-ից սովորել է Վիեննայի Մխիթարյան վարժարանում, ապա հետևել Վիեննայի համալսարանի հունա-հռոմեական ու բյուզանսական պատմության և հունարենի, լատիներենի, ասորերենի դասընթացներին: 1907-ին նշանակվել է դասախոս միաբանության դպրոցում: 1908-11-ին դարձել է փոխտնօրեն նույն դպրոցում: 1909-63-ին միաբանության մատենադարանապետն էր: 1903-ից աշխատակցել է «Հանդես ամսօրյա»-ին, 1909-63-ը եղել է նրա խմբագիրը: Հանդեսի շուրջն է համախմբել նշանավոր գիտնականների և մեծապես նպաստել հայագիտության զարգացմանը Եվրոպայում: Ակինյանը աշխատակցել է նաև գերմաներեն, անգլերեն գիտական հանդեսների և հայկական բազմաթիվ պարբերականների: Ունի մոտ 500 մենագրություն, հոդված, գրախոսական, որոնք ընդգրկում են հայագիտության գրեթե բոլոր բնագավառները: Կազմել և հրատարակել է հայկական ձեռագրերի հավաքածուներից մի քանիսի ցուցակները: 1912-ին երկու ամսով այցելել է իր ծննդավայրը, այդ առիթոց շրջագայել Հայաստանում, ծանոթացել պատմական հուշարձաններին, գրավոր հիշատակարաններին, հավաքել է հնատիպ գրքեր, թերթեր, որոնցով համալրել է միաբանության մատենադարանը: 1924-ին եկել է Հայաստան, ճանապարհին երկու ամիս մնացել Մոսկվայում, ուսումնասիրել Լազարյան ճեմարանի ձեռագրերը, ապա մեկնել է Ռոստով, Նախիջևան, Թեոդոսիա, Բաթում, Թիֆլիս: 1924-29-ին ուսումնասիրել է Էջմիածնի մատենադարանի (այժմ` Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան) ձեռագրերի մի մասը: 1929-ին կալանավորվել է, 40 օր անց ազատվել է ու հեռացել Հայաստանից: 1939-ի գարնանը այցելել է Մերձավոր Արևելքի երկրներ: Վերահաս պատերազմի հետևանքով հարկադրված է եղել ամբողջ յոթ տարի մնալ Բեյրութում: 1945-ին վերադարձել է Վիեննա և շարունակել խմբագրել հանդեսը, աշխատակիցների պակասի պատճառով երկար տարիներ գրեթե մեն-մենակ լցնելով ամբողջ համարներ:
Մեծ է Ակինյանի երախտիքը հայկական սկզբնաղբյուրների հետազոտության և հրապարակման գործում: Պատմագիտական կարևոր աշխատություններ է գրել հայ-վրացական հարաբերությունների մասին. «Հայ-վրացական հարաբերությունները Դ-Է դարերուց մեջ» (1907), «Կյուրիոն կաթողիկոս վրաց» (1910): Արժեքավոր են «Գավազանագիրք կաթողիկոսաց Աղթամարա» (1920), «Հայ Բագրատունիների տոհմածառը» (1930), «Մովսես Գ կաթողիկոս Տաթևացի հայոց կաթողիկոսն և իր ժամանակը» (1936), «Քրիստոնեության մուտքը Հայաստան և Վրաստան» (1949), «Բաղեշի դպրոցը» (1951) գործերը: Ակինյանը հետազոտել է միջնադարյան բանաստեղծների (Ֆրիկ, Կոստանդին Երզնկացի, Գրիգորիս Աղթամարցի, Սիմեոն Ապարանցի, Նաղաշ Հովնաթան, Հակոբ Կեսարացի, Մինաս Ստեփանոս, Հակոբ, Ղազար, Թաթոս Թոխաթեցիներ, Թորոս Մշեցի) կյանքն ու ստեղծագործությունը, հրատարակել նրանց երկերը: Ակինյանի շատ գործեր պահվում են Վիեննայի Մխիթարյան մատենադարանում: Ակինյանի ուսումնասիրությունները լույս են տեսել մեծ մասամբ «Հանդես ամսօրյա»-ում, ապա արտատպվել «Ազգային մատենադարան» մատենաշարի հատորներում: Ակինյանի աշխատություններին պետք է վերաբերվել լուրջ վերապահությամբ, քանի որ դրանցում տեղ են գտել պատմագիտական սխալներ, հակասական ենթադրություններ: Այսպես, Ակինյանը գտնում է, որ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը գրվել է 8-րդ դարի պատմագիր Ղևոնդի կողմից («Մատենագրական հետազոտություններ», հատոր Գ, 1930), իսկ Եղիշեի պատմությունը որպես 5-րդ դարի ազատագրական շարժումը պատկերող աղբյուր, համարում է կեղծիք, որն իբր վեր է հանել միայն 572-590-ի Կարմիր Վարդանի գլխավորությամբ հայերի մղած պատերազմները («Եղիշե վարդապետ և յուր պատմություն պատերազմին», հատոր Ա, 1932, հատոր Բ, 1936):

Գրականություն
Հրանտ Արմեն, Խորենացի, Եղիշէ և Հ. Ներսէս Ակինեան, Երուսաղեմ, 1951:
Վահան Ինգլիզյան, Հ. Ներսէս վրդ. Ակինեան - հայ բանասէրը, Վիեննա, 1959:
Աղբյուրներ
ՀՍՀ, հատոր 1, Ե., 1974, էջ 224:
Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական հանչագիտարան, հատոր Ա, Ե., «Հայաստան», էջ 59-60:
Ով ով է. Կենսագրական հանրագիտարան, հատոր 1, Ե., 2005, էջ 59:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets