ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.09.2013

ԱՆԱՀԻՏ

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։ Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն հայցում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։ 
Հին Հայաստանում լայնորեն սիրված ու տարածված էր Անահիտի պաշտամունքը. Եկեղյաց գավառում, Տարոնում, Վասպուրականում, Արմավիրում, Արտաշատում կառուցված էին Անահիտի տաճարները։ Ամենանշանավորը Եկեղյաց գավառի Երիզա ավանի (հետագայում՝ Երզնկա) Անահիտի տաճարն էր, որին նվիրաբերում էին սպասավորներ ու սպասուհիներ։ Մեծահարուստ և նշանավոր ընտանիքները իրենց հասուն դստրերին նվիրում էին այդ տաճարին, որտեղ որոշ ժամանակ ծառայելուց հետո միայն նրանք իրավունք ունեին ամուսնանալու։ Անահիտի սրբավայրերին նվիրում էին նաև պիսակավոր (ճակատին սպիտակ նշան ունեցող) երինջներ, որոնք նախիրներով արածում էին նրա տաճարների շուրջը։ 
Երիզա ավանի տաճարում էր դրված Անահիտի ոսկեձույլ արձանը, որի համար էլ Անահիտին կոչում էին Ոսկեծղի (ոսկեբազուկ), Ոսկեհատ, Ոսկեծին–Ոսկեմայր։ Նրա արձանին ծառերի թավ ու թարմ ճյուղերից հյուսված պսակներ էին դնում։ Այդ ոսկեձույլ արձանն այնքան մեծ էր, որ երբ հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը մեր թվականությունից առաջ 34 թ. իր պարթևական արշավանքի ժամանակ մտնում է Երիզա ավանը, նրա զինվորները ջարդում են Անահիտի ոսկեձույլ արձանը, կտոր-կտոր անելով, բաժանում իրար մեջ և տանում Հռոմ։ Այդ ավարին մասնակցած հռոմեացի մի զինվոր ճոխ ճաշկերույթ է կազմակերպում Օգոստոս կայսեր պատվին։ Երբ կայսրը հարցնում է Անահիտի արձանի մասին, զինվորը պատասխանում է, թե ինքն է եղել առաջինը արձանի վրա հարձակվողներից, և այդ ճաշկերույթի ծախսը հոգացել է Անահիտի արձանի սրունքի մի կտոր ոսկով։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets