ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.09.2013

ԼԵՌՆԵՐ, ԼՃԵՐ, ԳԵՏԵՐ

Հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն առավոտ վաղ արթնանալիս՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները, հետո միայն բարևել իրար։ Բայց երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում վաղ վեր կենալ։ Մի օր էլ, ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և, հակառակ սովորության, իրար բարևում են առանց գոտիները կապելու։ 
Աստված տեսնելով այդ, պատժում է եղբայրներին, նրանք քարանում են, դառնում են լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ։ 
Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Այնպես է պատահում, որ մի օր նրանք կռվում են, սոսկալի վիճում, մեկն ասում է. 
— Ես եմ լավը, քեզանից էլ բարձր։ 
Մյուսն ասում է. 
— Ես քեզանից էլ լավն եմ, քեզանից էլ մեծ ու բարձր։ 
Վեճի ժամանակ վրա է հասնում Մարութա սարը1, փորձում է քույրերին հաշտեցնել, բայց չի կարողանում։ Նա վրդովված հեռանալով, անիծում է քույրերին, որ նրանք իրարից բաժանվեն և երբեք իրար չհանդիպեն։ Մասիսը դառնում, անիծում է Արագածին, որ ամբողջ տարին վիշտը նրա սրտից դուրս չգա, արցունքներն էլ աչքերից չպակասեն։ Արագածն էլ հետ չի մնում, իր հերթին անիծում է Մասիսին, որ աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա գագաթը, վրան էլ մատաղ չմորթվի։ 
Այդպես էլ լինում է. Արագածի կատարին արտասուքից լիճ է գոյանում, իսկ Մասիսի վրա մինչև օրս մարդ չի բարձրացել և մատաղ չի մորթվել։ 
Մարութա սարի պաշտամունքը խիստ զայրացնում է Անդոկին2, և նա Մարութա սարին մարտի է հրավիրում։ Մարտի ժամանակ Անդոկն իր կայծակե թրով խփում, ճեղքում է Մարութա սարի գլուխը, որի պատճառով էլ նրան ջղլագլուխ (զույգ գլխով) Մարաթուկ են անվանում։ Անդոկի հարվածից վիրավորված Մարութա սարը հսկա մի ժայռ է պոկում իր կողերից և խփում նրան։ Ժայռը խրվում է Անդոկի կուրծքը, թաղվում կողերի մեջ. դուրս է մնում միայն ժայռի երկու ջրաղացաքարի չափ մի կտոր, որի վրա այժմ էլ երևում են Մարաթուկի ձեռքի հետքերը։ 
Զագրոշի լեռները3 եղջյուրներով վիշապ են եղել։ Զագրոշն ուզեցել է ուտել Տավրոսին4 և կռվի է ելել նրա դեմ։ Տավրոսը թեպետ մարմնով փոքր, բայց ավելի ուժեղ լինելով, այնպես է հարվածում Զագրոշի ճակատին, որ նրա եղջյուրները պոկվում, ընկնում են դես ու դեն։ Մի եղջյուրը թռչում ընկնում է Արգեոլից հեռու և ցցվում է գետնի մեջ, որ մինչև այսօր Մասիուս5 է կոչվում։ Մյուս եղջյուրը թռչում, խրվում է Արարատի կողը, որ մինչև այսօր Մասիս է կոչվում։ Զագրոշը շշմած, մեջքը դեմ է տալիս Տավրոսի Առնոս և Արտոս6 եղջյուրներին։ Տավրոսը բարկացած, այնպես ուժեղ է հարվածում Զագրոշի մեջքին ու փորին, որ մի մեծ ձոր է բացում Կոթուրից սկսած մինչև Տիարտխուր։ Այդ ձորով է հոսում Զաբ գետը7, որը Զագրոշի արյունն է։ Տավրոսի հարվածից նոր լեռներ են բարձրանում, իրարից ջրերը բաժանում։ Զագրոշի փորոտիքի աղի ջրերի մի մասը գնում է Վան և կազմում Վանա լիճը։ 
Այդ օրվանից Զագրոշն իր գլուխը առած քաշվում է մի կողմ, նրա մարմնի մի ծայրը հասնում է Արարատ, իսկ գլուխը՝ Շիրազ8 ու Հնդկաստան։ 
Դաղստանի լեռն ու Մռավը9 վիճում են իրար հետ։ Դաղստանի լեռն ասում է. 
— Դու ինձ մոտ ինչ ես որ. ես քեզանից շատ բարձր եմ։ 
Մռավն ասում է. 
— Ոնց կարող ես դու ինձանից բարձր լինել, երբ իմ դիրքը այնքան վեր է քեզանից։ 
Դաղստանի լեռն ասում է. 
— Ձայնդ կտրի, թե չէ՝ ձեռիս ափսեն կտամ երեսիդ։ 
Ասում է ու ձեռի ափսեն շպրտում Մռավի վրա։ Ափսեն չի հասնում Մռավի գլխին, այլ ընկնում է մոտիկ մի հարթ տեղ։ Մռավն ասում է. 
— Որ դու ինձ վրա ափսե շպրտեցիր, անիծում եմ քեզ՝ թող գլխիդ ձյունը երբեք չհալվի։ 
Սև ու Կարմիր սարերը10 ժամանակին մարդ են եղել։ Սև սարը եղել է մի բռնակալ, իսկ Կարմիր սարը՝ մուրազաբեր մի աղջիկ։ Բռնակալը ուժով տիրացել է աղջկան և ժողովրդի անեծքով՝ քարացել։ Բայց քանի որ չի կարողացել վայելել աղջկա սերը, Սև սարը մինչև հիմա չի կարողանում նրան մոտենալ։ Դրա համար էլ Սև սարը անզոր կատաղությունից լալիս է և իր վրեժը մարդկանցից հանում։ Ամառվա կեսին հանկարծ մթնում է, բուք ու բորան անում, մարդ ու անասուն խեղդում։ 
Աղբակում, Բարդուղիմեոս առաքյալի վանքից դեպի արևելք գտնվում է մի քարայր, որը կոչվում է Վիշապի այր։ Այստեղ բնակվել է մի վիշապ, որը կուլ է տվել մոտակայքից անցնող մի աղջկա։ Բարդուղիմեոս առաքյալը երբ տեսնում է այդ, ձիով հարձակվում է վիշապի վրա։ Վիշապը քարայրից դուրս է փախչում և փսխում աղջկան։ Այդ փսխուկը դարձել է սպիտակ քարակույտ, որ փռված է մինչև այժմ քարայրից դեպի հարավ՝ բլրի լանջին։ 
Մթնաձորում11 միշտ թուխպ ու անձրև է լինում։ Ժամանակին մի սիրուն աղջիկ է եղել, երբ ծիծաղել է, չորս կողմը վարդեր ու ծաղիկներ են բացվել, երբ լաց է եղել, անձրև է եկել։ Դևերը հափշտակում են նրան, տանում Մթնաձորի ամենամութ տեղը, ուր ոչ արևի լույս է ընկնում, ոչ էլ կենդանի շունչ։ Աղջիկը գերության մեջ անընղհատ լալիս է, որից էլ Մթնաձորում շարունակ թուխպ ու անձրև է լինում։ Իսկ մեկ-մեկ էլ, երբ քնած ժամանակ երազում ծիծաղում է, Մթնաձորը պարզվում է, լուսանում։ 
Սև լճի12 ջրի կեսը ժամանակին եկել խմել է քառասուն գլխանի մի վիշապ, հետո պառկել, հանգստացել է, որ մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի լիճը։ Աստծո հրամանով սարերը մոտեցել են իրար, վերցրել են լիճը, բարձրացրել, հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից։ Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ, ջուր խմել, ծարավից ճաքճքել է, տրաքել, ցրիվ եկել։ 
Սև լճում ապրում է նաև մի գեղեցիկ աղջիկ։ Երբ արև է լինում, նա դուրս է գալիս ջրի երեսը, խաղում ալիքների հետ։ Այս աղջիկը կպչում է լճի մեջ ընկած կենդանիների ոտից, չի թողնում նրանց ջրից դուրս գալ։ 
Եփրատ գետը կին է՝ խռիվ մազերով, քուրձեր հագած։ Ամեն տարի նա հարյուրավոր մարդիկ է կուլ տալիս։ Երբ գալիս է Վարդավառը, Եփրատը նայում է դիմացի ժայռին ու ասում. 
— Վարդևորն եկավ, մեկը չեկավ։ 
Մեղրագետի13 ակունքի տեղը առաջ թոնիր է եղել։ Մի օր գյուղի քահանայի կինը հաց է թխում։ Գալիս է մի մուրացկան և Քրիստոսի սիրո համար թարմ հաց խնդրում։ Երեցկինը հաց է տալիս, մուրացկանը պանիր էլ է խնդրում։ Պանիր էլ է տալիս։ Մուրացկանը Քրիստոսի սիրո համար համբույր է խնղրում։ Երեցկինը դեմքը մոտեցնում է մուրացկանին, համբույր էլ է տալիս։ Այդ միջոցին քահանան ներս է մտնում, տեսնում կնոջ և մուրացկանի համբուրվելը, խիստ զայրանում է կնոջ վրա։ Կինը արդարանում է, թե մուրացկանը Քրիստոսի սիրո համար հաց խնդրեց՝ տվեցի, պանիր խնդրեց՝ տվեցի, համբույր էլ խնդրեց՝ չկարողացա մերժել։ 
— Դե որ այդպես է,— ասում է քահանան, — Քրիստոսի սիրո համար քեզ թոնիրը գցիր։ 
Կինն իսկույն իրեն գցում է բարկ թոնիրը։ Վառ թոնիրն անմիջապես լցվում է մեղրահամ ջրով, գետ է դառնում։ Երեցկինը ձուկ է դառնում, մնում գետի ակունքի մեջ։ 
 
-------------------------
1 Մարութա սարը գտնվում է Արևմտյան Հայաստանի Սասուն գավառում և եղել է սասունցիների սիրած ու պաշտելի սարը։ Կոչվել է նաև Մարաթուկ կամ Բարձր Մարաթուկ։ 
2 Անդոկը սար է Սասուն գավառում, Հայկական Տավրոսի գագաթներից մեկը։ 
3 Զագրոշի լեռնաշղթան ընկած է Վանա և Ուրմիա լճերի միջև, Վանա լճից հարավ-արևելք՝ հյուսիսից հարավ ձգվող գծով։ Հյուսիսային ծայրը միանալով Կոտուրի լեռնաշղթային, հասնում է մինչև Մեծ ու Փոքր Մասիսները։ 
4 Տավրոսի լեռները կամ Հայկական Տավրոսը ընկած է Վանա լճից հարավ՝ երկար գծով, արևմուտքում հասնելով մինչև Ծովք կամ Գյոլջիկ լիճը, արևելքում հասնելով Կորդվաց լեռներին, մոտենալով Զագրոշի լեռնաշղթային։ 
5 Մասիուսի լեռները գտնվում են Դիարբեքերից հարավ-արևելք։ 
6 Առնոսը և Արտոսը Հայկական Տավրոսի լեռնագագաթներից են։ 
7 Զաբ կամ Մեծ Զաբ գետը գտնվում է Հայկական Տավրոսի և Զագրոշի լեռնաշղթայի միջև։ 
8 Գավառ հարավային Իրանում։ 
9 Մռավի լեռները Գանձակի լեռների արևելյան մասն են կազմում և հասնում մինչև Թարթառ գետի ստորին հոսանքը։ 
10 Սև ու Կարմիր սարերը Գեղամա լեռների գագաթներից են։ 
11 Գտնվում է Հին Գորիսից վերև, սարերի մեջ։ 
12 Գտնվում է Գորիսից վերև, Իշխլու կոչված սարերի մեջ։ 
13 Մեղրագետը Արածանի գետի վտակներից մեկն է, սկիզբ է առնում Տարոն աշխարհի (Արևմտյան Հայաստան) Չուխուրի դաշտից։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets