ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.09.2013

ԱՐԵՎ ԵՎ ԼՈՒՍԻՆ*

Արևն ու լուսինը աստծո զավակներն են. արևը աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհին։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ով գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։
— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ–մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։
Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։
Արևն ու լուսինը քույր-եղբայր են. արևը եղբայրն է, լուսինը՝ քույրը։ Առաջներում քույրը եղբոր հետ է գալիս-գնալիս եղել, բայց որովհետև շատ գեղեցիկ է եղել, չար աչք է դիպել նրան, և նա հիվանդացել է ծաղիկ հիվանդությամբ։ Այդ դեպքից հետո լուսինը խնդրում է եղբորը՝ ծակել այն մարդու աչքերը, ով իրեն կնայի, որպեսզի իրեն այլևս չար աչք չդիպչի և իր հիվանդության վրեժը լուծվի։
Արևի և լուսնի մայրը ապրում է երկնքում՝ աստղատանը։ Մի անգամ գիշերը, երբ մայրը խմոր է շաղախում, արևն ու լուսինը կռվում են։ Արև քույրն ասում է.
— Ես գիշերով դուրս չեմ ելնի։ Լուսին եղրայրն էլ ասում է.
— Ես ցերեկը դուրս կգամ։
Շատ որ կռվում են, մայրը վեր է կենում տեղից, խմորոտ ձեռքով ուժեղ ապտակ է հասցնում լուսնի երեսին, գիշերով նրան տանից հանում, գցում դուրս։ Այդ օրվանից մինչև հիմա լուսինը գիշերն է դուրս գալիս, արևը՝ ցերեկը։
Մի անգամ մայրը արևին ու լուսնին ասում է.
— Գնացեք աղբյուրից ջուր բերեք, ծարավ եմ, ով շուտ բերի, նրան կօրհնեմ։
Քույր ու եղբայր վեր են կենում, գնում ջրի։ Լուսինը քրոջից առաջ է անցնում և կուժը դնում աղբյուրի խողովակի տակ, որ ջուր լցվի։ Արևը եղբորից թաքուն ծակում է նրա կժի տակը։ Վերադարձին լուսնի կժից ջուրը հոսում, թափվում է, կուժը մնում է դատարկ։ Իսկ արևը կուժը լիք լցնում է ջրով, բերում, տալիս է մորը, ստանում նրա օրհնությունը։
Մի անգամ արևն ու լուսինը գնում են գետը, լողանում։ Լուսին եղբայրը մի քիչ լողանալուց հետո շուտ դուրս է գալիս ջրից, սպասում, որ երբ քույրը ելնի ջրից, տեսնի նրա մերկությունը։ Արևը կռահելով եղբոր դիտավորությունը, ամոթից երկինք է բարձրանում։ Լուսինն էլ անմիջապես նրա հետևից բարձրանում է երկինք, հետապնդում քրոջը, բայց մինչև օրս էլ հետապնդում է նրան և չի կարողանում հասնել։ Դրա համար էլ արևը իր սուր ասեղներով ծակծկում է թե լուսնի և թե բոլոր նրանց աչքերը, ովքեր փորձում են նայել իրեն։
Արևը թագավոր է, լուսինը՝ թագուհի։ Լուսինը շրջագայության է դուրս գալիս այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել։ Նա զբոսանքի է դուրս գալիս՝ շրջապատված աստղերով, որոնք իր կույս ընկերուհիներն ու նաժիշտներն են։ Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով։
Արևն ու լուսինը ջահել սիրահարներ են. արևը աղջիկ է, լուսինը՝ տղա։ Երբ նրանք հանդիպում են իրար, լուսինը սիրուց խելքը թռցնում է, խավարում։ Լուսնի վզից արյունոտ տիկ կա կախված, նա երբեմն այդ տիկը գցում է արևի վիզը, որից արևը խավարում է։
---------------------
* Արևի և լուսնի մասին եղել են տարբեր պատկերացումներ, մի դեպքում արևը տղա է, լուսինը՝ աղջիկ, որոնք կամ թագավոր ու թագուհի են, կամ էլ սիրահար զույգ։ Իսկ մեծ մասամբ նրանք քույր ու եղբայր են, ընդ որում, արևը քույրն է, լուսինը՝ եղբայրը։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets