ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.09.2013

ՀԻՆ ԹՂԹԵՐ. Հակոբ Օշական

Եղեռնից հրաշքով ազատված գրական մեծությունների (Վահան Թեքեյան, Երվանդ Օտյան, Կոստան Զարյան) մեջ էր նաև արձակագիր Հակոբ Քյուֆեճյանը, որը 1920-ից հետո հանդես եկավ Հակոբ Օշական ստորագրությամբ: Հակոբ Օշականը ծնվել է 1883-ին Պոլսի մերձակա Բուրսա քաղաքում, հողազուրկ գյուղացու ընտանիքում: Հինգ տարեկանից զրկվել է հորից: Այրիացած մայրը Բուրսայի մետաքսաթելի մանարանում օրական 14 ժամ չարքաշ աշխատանք կատարելով և հանգստի օրերին հարուստների տներում լվացք անելով է մեծացրել փոքրի Հակոբին ու նաև ապահովել նրա դաստիարակությունը:
Ջանասեր աշակերտ Հակոբը մեծ հաջողությամբ ավարտել է Բուրսայի ազգային վարժարանը, ապա մեկ տարի սովորել Արմաշի դպրեվանքում: Բացառիկ ընդունակություններով օժտված պատանին ինքնաշխատությամբ կատարելագործել է միջնակարգի սահմաններում ստացած կրթությունը և դպրոցական հասակից սկսել ստեղծագործել: Գյուղական վարժապետի կյանքը պատկերող նրա «Առաջին արցունքը» անդրանիկ պատմվածքը տպագրվել է 1902-ին` Պոլսի «Արևելք» թերթում, երբ ինքը հազիվ 19 տարեկան ուսուցիչ էր իր ծնողների ծննդավայր Սյոլյոզ հայկական գյուղում: Հիշյալ պատմվածքի պատճառով էլ նա հեռացվել է պաշտոնից, սակայն ուսուցչական աշխատանքը կրկին շարունակել է հարևան գյուղում:
Հակոբ Օշականի գրական տաղանդը ամբողջ ուժով բացահայտվեց 1910-1915 թվականներին ու համաշխարհային առաջին պատերազմի հաջորդող տարիներին, երբ գավառի մարդկանց կյանքը պատկերող նրա պատմվածքները լույս տեսան պոլսական հանդեսներում, մանավանդ, երբ արձակագիրը 1921-ին «Խոնարհները» ժողովածուով ընթերցողին ներկայացավ իր ամբողջության մեջ` արդեն իսկ հաստատուն տեղ գրավելով արևմտահայ դասականների շարքում:
Հիշյալ պատմվածքներով Օշականը, նախ և առաջ, կորստից փրկեց Պոլսի մերձական հայաշատ մի միջավայրի` Բուրսայի և ընդհանրապես Բյութանիայի տարածքի հայկական հոծ գաղթավայրը` իր ուրույն կյանք ու կենցաղով, վարք ու բարքով, հոգեկան, բարոյական աշխարհով: Այսպես, այժմ արդեն բնաջնջված հայկական մի մեծ ու բարգավաճ գաղթավայրի կյանքը նա բերեց գրականություն: Սակայն ինչպե՞ս փրկվեց Օշականը 1915-ի եղեռնից, երբ գրական իր ընկերները զոհ գնացին: Դա վիպական մի պատմություն է: Հակոբ Սիրունու նման, նա էլ թաքնվել է պոլսահայ մի ընտանիքում: Բազմիցս կատարվող խուզարկումների ժամանակ փախուստ է տվել թուրք ոստիկանների ձեռքից: Այնուամենայնիվ, ութ անգամ ձերբակալվել է ու միշտ հաջողությամբ փախուստի դիմել: Վերջում ձեռք է բերել գերմանացի սպայի համազգեստ և որպես գերմանացի ենթասպա անցել Բուլղարիա:
Ստեղծագործական կյանքի մոտ հինգ տասնամյակներին Հակոբ Օշականը եղավ արտասովոր բեղմնավոր: Զարմանալի հոգեհետախույզ գրողը, մեր հին մատենագիրների նման, տիվ և գիշեր գրքերի հետ էր ճգնում, գրականության մեջ էր գտնում իր կյանքի իմաստն ու երջանկությունը: Նրա սրբազան սերն ու միակ պաշտամունքն էր մայրենի գրականություը, որ, իր իսկ արտահայտությամբ, հայ ժողովրդի ամենից պայծառ, ամենից խոր ու բախտորոշ ապրումների հանրագումարն է:
Կյանքի վերջին մեկ ու կես տասնամյակում Երուսաղեմի մենախցում իրեն կամավոր բանտարկության դատապարտած, Ժառանգավորաց վարժարանի ուսուցիչ Հակոբ Օշականը տիվ ու գիշեր տքնեց, ստեղծագործեց, գրեց պատմվածքներ, հեքիաթներ, վիպակներ, վեպեր, թատերգություններ, գրականագիտական հոդվածներ, մատենագիտական-բանասիրական ուսումնասիրություններ (Եղիշե, Փարպեցի, Շնորհալի, Աբուլ Ալա և այլն), ստեղծեց «Հայ գրականություն» նշանակալի դասագիրքը, գրեց «Ծակ պտուկը» բարձրարժեք վիպակը, «Մնացորդաց» եռահատոր վեպը, «Հայ մատենագիրներ» դասագիրքը, մանավանդ արևմտահայ գրականության բազմահատոր «Համապատկերը», որ գրականագիտության և գրականության պատմության երևույթ կարելի է համարել:

Ստեփան Կուրտիկյան
Հակոբ Օշական, Երկեր, Երևան, 1979թ.

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets