ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.09.2013

ԼՈՒՅՍ ԵՎ ԽԱՎԱՐ

Լույսի և խավարի կամ ցերեկվա և գիշերվա կանոնավոր իրար հաջորդելը կարգավորում է Ժուկը1 կամ Ժուկ ու ժամանակը։ Նա ալեհեր ծերունի է՝ նստած մի բարձր սարի վրա։ Ժուկ ու ժամանակը ձեռքին ունի երկու կծիկ, մեկը՝ սպիտակ, մյուսը՝ սև։ Նա կծիկներից մեկը կամ մյուսը հերթով սարից ցած է գլորում։ Լեռան մեկ կողմից նա մի կծիկը ցած է գլորում, մինչդեռ լեռան հակառակ կողմից մյուսը կծկում է։ Երբ սպիտակ կծիկն է քանդելով ցած գլորում՝ լուսանում է, արևը ծագում։ Բայց երբ սպիտակ կծիկն է կծկում, իսկ սևը քանդելով՝ ցած գլորում, մթնում է, արևը մայր է մտնում։
Գիշերային խավարն անձնավորում են սև ու դժխեմ գիշերամայրերը, որոնք պառավ վհուկներ են, սև օձեր հմայողներ։ Նրանք արևի և լույսի թշնամիներն են, որ աշխարհի ստեղծման օրից հետապնդում են արևին, բայց բնավ չեն կարողանում նրան հասնել կամ բռնել։ Երբ երեկոն իջնում է, նրանք սարերի տակից դուրս են գալիս մեր աշխարհը, որպեսզի բռնեն արևին, բայց արևն արդեն մայր մտած է լինում, և միայն վերջալույսի ցոլքերն են աշխարհը լուսավորում։ Այդ պահին նրանք մեկ բերան փչում են, և մութը պատում է ամբողջ աշխարհը։ Պառավ գիշերամայրերը ձեռներին սև օձեր բռնած սկսում են դեսուդեն վազել, մտնում են սարերը, քարերը, անտառները, տները, գյուղերը, քաղաքները, կարծելով, թե արևն այնտեղ է թաքնվել։ Երկար որոնելով ու չգտնելով արևին, նրանք մտնում են ավերակ ջրաղացներն ու ցամաքած հորերը, որոնք նրանց սովորական ուղիներն են դարձել և դրանց միջով անցնում են գետնի տակ ու ծովերի հատակը՝ արևին փնտրելու։ Հենց այդ պահին արևելքում շառագունում է արշալույսը, լուսանում, և արեգակը գետնի տակից բարձրանում է երկինք։ Եթե գիշերամայրերին հանկարծ հաջողվի տեսնել արևի երեսը, ապա երկրի վրա ոչ մի կենդանի արարած չի մնա, ամեն ինչ կկործանվի ու կոչնչանա, և աշխարհը կլցվի միայն նրանց օձերով։ Բայց, բարեբախտաբար, նրանք երբեք չեն կարողանում տեսնել արևի երեսը։

-------------------------
1 Ժուկ — հայերենի մի քանի բարբառներում նշանակում է, ժամանակ։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets