ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.09.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արմեն Արմենյան

Արմեն Արմենյան (իսկական ազգանունը՝ Իփեկյան, (սեպտեմբերի 10 1871, Կոստանդնուպոլիս - հուլիսի 20 1965, Լենինական), հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935թ.)։

Նախնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլիսի Պերա թաղամասի հայկական դպրոցում, Բերայի գերմանական դպրոցում, ապա՝ Կադը գյուղի Մխիթարյան միաբանությանգիշերօթիկում։ Այնուհետև նա դարձել է Օրթագյուղի վարժարանի, ապա, մի երկու տարի անց, Կոստանդնուպոլիսի կենտրոնական վարժարանի սանը։ 1889-1890թթ. նա տեսնում է Պետրոս Ադամյանի խաղը և դառնում նրա երկրպագուն։ Շատ չանցած, 1891թ. հունիսին Ադամյանը մահանում է և նրա մահը խորապես ցնցում է դերասանին։ 1890-ականների սկզբներին Արմենյանը գնացել է Կովկաս և խաղացել Թիֆլիսի հայկական խմբերում։
Առաջին անգամ բեմ է բարձրացել Գաստոնի դերում՝ Ալեքսանդր Դյումա որդու «Քամելիազարդ տիկինը» պիեսում։ Հաջորդ թատերաշրջանում Սիրանույշի հետ մեկնել է Բաթում, 1894թ. մեկնել արտասահման։ Եղել է Փարիզում, Համբուրգում և այլ քաղաքներում, տեսել աշխարհահռչակ մի շարք դերասանների խաղը։ Վերադառնալով Կովկաս, 1902-1903թթ. խաղացել է Թիֆլիսում, Բաքվում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում։ 1906թ. իր կնոջ՝ Եկատերինա Դուրյանի հետ մեկնել է Եգիպտոս, կազմակերպել ներկայացումներ։ Ալեքսանդրիայում և Կահիրեում հանդես գալուց հետո՝ 1907թ. վերադարձել է Կովկաս։ 1908թ. Հ. Աբելյանի հետ կազմավորել է Աբելյան-Արմենյան թատերախումբը, մեկնել Կոստանդնուպոլիս, որտեղ Հ. Իբսենի, Շիրվանզադեի պիեսների բեմադրություններով մեծ հաջողություն են ունեցել։ Կոստանդնուպոլսից հետո խումբը ներկայացումներ է տվել Իզմիրում, Պարտիզակում և վերդարձել է Կովկաս։ Այնուհետև իր խմբով կամ Աբելյանի հետ՝ շրջագայել է Թուրքիայի, Պարսկաստանի, Ռումինիայի և այլ երկրների բազմաթիվ քաղաքներ, ներկայացումներ տվել Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի հայաշատ գրեթե բոլոր վայրերում։ 1921թ. Պարսկաստանից վերադարձել է Հայաստան, խաղացել Երևանում, ապա ընդմիշտ հաստատվել Լենինականում՝ աշխատելով թատրոնում։
Մինչխորհրդային տարիներից ունեցել է ռեժիսուրական բեղուն գործունեություն, բեմադրել բազմաթիվ պիեսներ։ 1954թ. լույս են տեսել նրա հուշերը՝ «60 տարի հայ բեմի վրա»։

Ստեղծագործական կյանք
Դերասան Գևորգ Պետրոսյանը Կովկասից Կոստանդնուպոլիս է ժամանել «Թատերական կոմիտետի» հանձնարարությամբ Թիֆլիսի թատերախմբի համար դերասաններ ընտրելու։ Նա ցանկանում է հանդես գալ այդ թատերախմբում, սակայն ծնողները դեմ են լինում։ Երկար վեճերից հետո ծնեղները զիջում են, և Արմենը խոստանում է բեմի վրա հանդես չգալ Իփեկյան ազգանվամբ։ Նա հանդես է գալիս Սիրանույշի, Աբելյանի, Պետրոսյանի, Թրյանցի և ուրիշ դերասանների հետ։ Արմենյանի հայրը ցանկանում էր, որ որդին առևտրական դառնա և 1894թ. նրան ուղարկում է Համբուրգ` սովորելու և այստեղ ապագա դերասանը ավելի մոտիկից է սկսում շփվել հայ թատրոնի հետ։ Համբուրգում Արմենյանը դառնում է գերմանական դասական երաժշտության ունկնդիրը, լսում հռչակավոր երաժիշտների, դիտում Էլեոնորա Դուզեի, իսկ հետո լինելով Բրյուսելում, Սառա Բեռնարի խաղը։ Այստեղ, հոր գործերը վարելու հետ միասին, հետևում է թատրոնի փորձերին, առնում արտասանության դասեր։ Նա համարձակվում է այցելել Սառա Բեռնարին և խնդրել նրա աջակցությունը։ Շատ չանցած տեղափոխվում է Փարիզ, անթոս դերեր կատարողի իրավունքով մտնում հայտնի արտիստուհու թատրոնը։ Այստեղ նա տեսնում է Սառա Բեռնարի, Մունե Սյուլիի, Պոլ Մունեի և ուրիշ վարպետների արվեստը։ Նա դառնում է Սառա Բեռնարիթատրոնի տեխնիկական ռեժիսորի օգնականը։ Այդ տարիներին Արմենյանն ուսանել է առոգանության, դասական ողբերգության և դասական կատակերգության արվեստ, հաճախել Պոլ Մունեի մասնավոր ստուդիան։ 1902թ. նա հրավեր է ստանում Թիֆլիսից։ Նրա առաջին գործը ֆրանսիական թատերագիր Ֆ. Կոպպեի «Կրեմոնայի վնագործն» էր։ Պիեսը հաջողություն է ունենում։ Ներկայացման հանդիսատես Գաբրիել Սունդուկյանը այցելում է նորեկ դերասանին, շնորհավորում և խորհուրդ տալիս մտածել Ֆրանցի դերը Ֆ. Շիլլերի «Ավազակներում» խաղալու մասին։ 1908թ. Արմենյանը ճանաչված ռեժիսոր և դերասան էր, որ հանդես էր եկել բազմաթիվ դերերով։ Արմենյանի շնորհիվ «Աբելյան-Արմենյան» թատերախումբը մեծ հաջողություն ունեցավ։ Թատերախումբը կազմվել է 1908թ. Աբելյանի նախաձեռնությամբ և գոյատևել է հինգ տարի։ Աբելյանը թատերախմբի ոգին էր, իսկ Արմենյանը նրա ռեժիսորը։ Արմենյանի բեմադրական հայտնի աշխատանք դա «Սասունցի Դավիթ» ժողովրդական ներկայացումն էր, որ ցուցադրվեց Լենինականում, 1922թ. հուլիսի 8-ին և 31-ին։ Դա «Սասունցի Դավթի» բացօթյա ներկայացում էր, շուրջ 150 ձիավոր ու հետիոտն մասնակիցներով և տաս հազար հանդիսատեսներով, խմբերգերով ու փողային երաժշտությամբ։ Արմենյանը մոլյերյան ոճի դերասան էր, թեև նրա դերասանական կյանքում էական տեղ ունեն նաև շեքսպիրյան և շիլլերյան դերերը։ Վ. Փափազյանը նրան համարում էր մոլյերյան ավանդների կրողը հայ թատրոնում։ Դրա վկայությունն են Արգանը (Մոլիերի «Երևակայական հիվանդ») և Հարպագոնը(Մոլյերի «Ագահը»)։ 

Դերերը թատրոնում
Գաստոն` Ալեքսանդր Դյումա (որդի)՝ «Քամելիազարդ տիկինը»
Յուստուս` Ֆուլդայի «Հիմար»
Հարբագոն` Մոլիերի «Ագահ»
Խլեստակով` Ն. Գոգոլի «Ռևիզոր»
Յագո` Վ. Շեքսպիրի «Օթելլո»
Օսվալդ` Հ. Իբսենի «Ուրվականներ»
Շեյլոկ` Վ. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»
Սուրեն` Ա. Շիրվանզադեի «Պատվի համար»
Ալեքսանդր` Վ. Փափազյանի «Ժայռ»
Միհրան` Ա. Շիրվանզադեի «Եվգինե»
Ֆրանց՝ Ֆ. Շիլլերի «Ավազակներ»
դոն Սեզար դը Բազան՝ Ֆ.Դյումանուարի և Ա.Դեներիի «Դոն Սեզար դը Բազան»
դոկտոր Շտոկման՝ Հ.Իբսենի «Ժողովրդի թշնամին»
Վուրմ՝ Ֆ.Շիլլերի «Սեր և խարդավանք»
Բարոն՝ Ա. Պուշկինի «Ժլատ ասպետ»
Արգան՝ Մոլիերի «Երևակայական հիվանդ»
Ժորժ դը Օրսի՝ «Գուվերնիոր»
Էոժեն՝ «Անգլերեն խոսելու եղանակը»
Լուսիյեն՝ «Խանդոտ կինը»
Մաազիկ՝ «Սատանա»
Ֆիլիպպո՝ Ֆ.Կոպեի «Կրեմոնայի վնագործը»
Լարոկ՝ «Անհայտ կինը»
Վիտերնիո՝ «Սատանի ճուտ»
Կալեր՝ «Օջախի ճռռիկը»

Ռեժիսորական աշխատանքներ
Վ.Փափազյանի` «Ժայռ»
Ա. Շիրվանզադեի` «Պատվի համար»
Ա. Շիրվանզադեի` «Եվգինե»
Ա. Շիրվանզադեի` «Չար ոգի»
Ա. Շիրվանզադեի` «Արմենուհի»
«Կործանվածը»
Դ. Դեմիրճյանի` «Վասակ»
«Գործադուլ» («Տգիտության զոհեր»)
Մ. Գորկու «Հատակում»
«Սասունցի Դավիթ»
Լ. Շանթի «Հին աստվածներ»

Աղբյուրներ
Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող», էջ 156։ 
(1967) Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets