ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.09.2013

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։ Նա ծնվում է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելնում է պատանի Վահագնը։ 
Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը, 
Երկնում էր և ծիրանի ծովը. 
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին. 
Եղեգան փողից ծուխ էր ելնում, 
Եղեգան փողից բոց էր ելնում, 
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ. 
Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ1։ 
Նա ծնվելուն պես կովի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։ 
Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին աղերսում։ 
Վահագնի գլխավոր պաշտամունքատեղին և սրբավայրը գտնվում էր Տարոնի Աշտիշատում՝ Հին Հայաստանի հոգևոր կենտրոնում։ 
Վահագնին հետագայում ժողովուրդը մարդեղենացրել է և դարձրել իր սիրած ու մեծարած Տիգրան Մեծ թագավորի երրորդ զավակը։ 
---------------------------- 
1 Ստորև տրվում է Վահագնի ծննդյան երգի հին հայերեն բնագիրը.
«ԵրկնԷր երկին, երկնէր երկիր, 
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ. 
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, 
Ընդ եղեգան փող բոց ելանէր, 
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ. 
Նա հուր հեր ունէր, 
Բոց ունէր մօրուս, 
Եւ աչքունքն էին արեգակունք»։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets