ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.09.2013

ԲՈՒՅՍԵՐ

Մանուշակը սկզբում եղել է գեղեցիկ, բայց շատ խաբարբզիկ աղջիկ, իրենց տան գաղտնիքները հաղորդել է ուրիշներին, ուրիշներինն էլ՝ տանեցիներին։ Մայրը շատ է խրատել աղջկան, բայց աղջիկը մնացել է անուղղելի։ Ստիպված անիծել է նրան՝ ասելով. 
— Չոլերն ընկնես, լեզուդ ծոծրակիցդ դուրս գա։ Աղջիկն անմիջապես ընկել է ղաշտերը, ծաղիկ դարձել։ 
Վարդն ու Մանուշակը քույր ու եղբայր են եղել։ Վարդը փշերով միշտ ծակծկել է Մանուշակին, նա էլ ծծել է Վարդի արյունը և քսել իր երեսին։ Մայրը տեսնելով, որ քրոջ ու եղբոր կռիվները վերջ չունեն, անիծում է նրանց՝ միմյանցից կարոտ մեռնեն։ Այդ օրից Վարդն ու Մանուշակը այլևս իրար երես չեն տեսնում։ Ով նրանց փորձի իրար մոտ բերել՝ փափագը անկատար կմեռնի։ 
Աղբրանց արյունը կարմիր, արյունագույն ծաղիկ է։ 
Քուրդ ավազակները սարերում սպանել են յոթ եղբայրների։ Նրանց թափված արյունից բուսել է տխուր ու արնագույն աղբրանց արյունը։ Նրա կողքին գրեթե միշտ բուսնում է լալան, որն իր զանգակաձև գլուխը կախած, ողբում է սպանված եղբայրներին։ 
Նունուֆարը բուսել է Սասունցի Դավթի թափված արյան կաթիլներից, երբ դարանակալ թշնամին Մեղրագետում լողանալիս սպանել է նրան։ 
Սիրի-սիրի։ Երեք եղբայր սիրահարված են լինում մի աղջկա։ Իրար շատ են խանդում ու նախանձում, վերջում երեքն էլ սպանում են իրար։ 
Այդ երեք եղբոր թափված արյունից գոյանում է եռատերև սիրի-սիրի ծաղիկը։ 
Գիհի։ Գրիգոր Նարեկացին մեկի մոտ հոտաղ է լինում։ Մի անգամ տան պառավը բարկանալով նրա վրա, անթրոցը (թոնրի կրակը խառնելու երկաթ) նետում է նրա հետևից։ Նարեկացին վերցնում է անթրոցը, տնկում հողի մեջ, ինքն անհայտանում։ Անթրոցը ծաղկում է, դառնում գիհու ծառ։ 
Խաղողի որթ։ Հրեշտակը հյուր է գալիս Աբրահամի1 տուն։ Տանը ուտելու բան չի լինում, Աբրահամը ստիպված մորթում է հորթը։ Երեկոյան, երբ կովը նախրից վերադառնում է, բառաչելով փնտրում է հորթին։ Ձայնն ընկնում է հրեշտակի ականջը։ Նա պատվիրում է Աբրահամին՝ բերել հորթի կաշին ու ոսկորները։ Աբրահամը բերում է, բայց հորթի ազդրոսկրը չի գտնում։ Հրեշտակն օրհնում է, հորթն իսկույն կենդանանում է և ոտի կանգնում։ Քիչ անց Աբրահամը գտնում է նաև հորթի կորած ոսկորը և բերում հրեշտակի մոտ։ Հրեշտակը պատվիրում է Աբրահամին ոսկորը թաղել այգում։ Աբրահամը այդպես էլ անում է։ Մեկ տարի անց հորթի ոսկորից բուսնում է խաղողի որթը։ 
Բամբակ։ Աստված մարդուն կավից է պատրաստել։ Երբ պատրաստել, վերջացրել է, ձեռները իրար է քսել, կավի մնացորդները թափվել են գետին, և դրանցից էլ գոյացել է բամբակը։ 
Լոշտակ2։ Մի վարդապետ Լոշտակ անունով ծառայող է ունեցել, որին շատ է տանջել։ Մի օր էլ, երբ վարդապետը քնած է լինում, Լոշտակը կանթեղից ձեթ է լցնում նրա մորուքին և կրակ է տալիս։ Վարդապետը զարհուրած՝ քնած տեղից վեր է թռչում և տեսնելով Լոշտակին, ասում. 
— Գետինը մտնես։ 
Լոշտակն իսկույն գետինն է մտնում։ Վարդապետը զղջալով իր անեծքի զորությունից, մեղմացնում է խոսքը և ասում. 
— Ամենայն հիվանդության դեղ լինես։ 
Բայց քիչ անց, զգալով այրվածքի ցավը, նորից է անիծում Լոշտակին, ով որ նրան հողից հանի՝ ինքը մտնի նրա տեղը։ 
Այդ է պատճառը, որ մարդիկ լոշտակ հանելիս, շուն են կապում արմատներից և քաշել-հանել են տալիս հողից3։ 
Ձմերուկ։ Գագիկ թագավորի ծառաները պալատի առջև մի օձ են տեսնում, որն անհանգիստ գետնին է քսում իր եղջյուրները։ Թագավորն իմանում է այդ և հրամայում կտրել օձի եղջյուրները։ Երբ կտրում են եղջյուրները, օձը հանգստանում է և գոհ հեռանում։ 

Ժամանակ անց օձը կրկին է հայտնվում պալատի մոտ, բերանից մի կորիզ գցում գետնին և անհայտանում։ Գագիկ թագավորը խորհուրդ է տալիս կորիզը թաղել հողում և հետևել դրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Թագավորն ու պալատականները չեն համարձակվում այդ անծանոթ պտուղն ուտել։ Որոշում են այն փորձել մի մահամերձ ծերունու վրա։ Պտուղից մի կտոր են կտրում և տալիս ծերունուն։ Ծերունին պտուղն ուտում է թե չէ, անմիջապես կազդուրվում է, երիտասարդանում։ Գագիկն ու իր պալատականները ուտում են պտուղի մնացած մասը, իրենք էլ են կազդուրվում և ջահելանում։ Այդ օրվանից այդ պտուղի անունը դնում են չմեռուկ (= չմեռցնող), որը հետագայում բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։

----------------------------
1 Աբրահամ կամ Հայր Աբրահամ՝ Աստվածաշնչում՝ հին հրեաների նահապետներից մեկը։
2 Լոշտակը մեծ և լայն տերևներով, երկար ու հաստ ձևավոր արմատներով դեղաբույս է, Հայաստանում շատ տարածված։ Դրան ասում են նաև «հայկական ժենշեն»։
3 Հայաստանի շատ վայրերում այն հավատալիքը կա, թե հողից հանելիս լոշտակի արմատները այնպիսի ճիչ են արձակում, որ մարդ այդ ճիչը լսելիս՝ մեռնում է։ Ուստի լոշտակի կողքերը փորում են, շանը կապում են արմատներից, իրենք բավական հեռանում, որ ճիչը չլսեն։ Եվ երբ շունը քաշում հանում է լոշտակն իր արմատներով, հավաստիացնում են, թե շունն այդ ճիչից սատկում է։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets