ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.10.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Գևորգ Զ Չորեքչյան (1945 - 1954)

ԳԵՎՈՐԳ Զ ՉՈՐԵՔՉՅԱՆ (1945–1954) 
Ամենայն Հայոց կաթողիկս 1945–ից: Հաջորդել է Խորեն Ա Մուրադբեկյանին: 

Ծնվել է 1869–ի նոյեմբերի 2–ին, Նոր Նախիջևանում: Մահացել է 1954–ի մայիսի 9–ին Էջմիածնում, աճյունն ամփոփվել է Մայր Տաճարի բակում: 
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա սովորել Նոր Նախիջևանի հոգևոր սեմինարիայում: 1879–ին ընդունվել և 1889–ին բարձր առաջադիմությամբ ավարտել է Գևորգյան Ճեմարանը: Եղել է ճեմարանի առաջին երեք սաներից, որ ձեռնադրվել է սարկավագ և ուխտել ծառայել Հայ եկեղեցուն: 1889–ին մեկնել է Գերմանիա` բարձրագույն կրթություն ստանալու: 
Սովորել է Լայպցիգի կոնսերվատորիայում, միաժամանակ հետևել տեղի համալսարանի աստվածաբանության և փիլիսոփայության ֆակուլտետների դասընթացներին (1889–1894): 
Էջմիածին վերադառնալուց հետո նշանակվել է Գևորգյան ճեմարանի երաժշտություն և Հայ եկեղեցու պատմություն առարկաների դասախոս, միաժամանակ ղեկավարել ճեմարանի երգչախումբը: 1895–ից ծառայել է Նոր Նախիջևանի Ս. Խաչ վանքում, տարբեր առարկաներ դասավանդել հոգևոր սեմինարիայում: 
1913–ի հունիսի 20–ին ձեռնադրվել է աբեղա, քիչ անց ստացել նաև վարդապետական չորս աստիճանները և նշանակվել Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդական փոխանորդ, դասավանդել է թեմական և քաղաքի հայկական մյուս դպրոցներում: Նրա ջանքերով է, որ Նոր Նախիջևանի հայկական դպրոցները դուրս են բերվել լուսավորության նախարարության ցանկից և դրվել թեմական իշխանությունների ենթակայության ներքո, իսկ հայոց լեզու և կրոն առարկաները ճանաչվել են պարտադիր թեմի շրջանակներում գտնվող հայկական բոլոր դպրոցների համար: Իր հայրենասիրական գործունեության համար ցարական իշխանությունների կողմից պարբերաբար ենթարկվել է հալածանքների: Լայն մասնակցություն է ունեցել Մեծ եղեռնից փրկված գաղթականությանը օգնելու ձեռնարկներին, եղել «Եղբայրական օգնության» կոմիտեի անդամ, ապա` նախագահ (1916): 
1916–ին Գևորգ Չորեքչյանը հրավիրվել է Մայր Աթոռ, նշանակվել Սինոդի անդամ: 1917–ին նրան շնորհվել է եպիսկոպոսի աստիճան. վարել է վանական խորհրդի նախագահի և Մայր Տաճարի լուսարարապետի պաշտոնները: Նա հետևողական ջանքերով Մայր Աթոռի մատենադարանում ու թանգարանում հավաքել են Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից փրկված հայկական ձեռագրեր, արխիվային և թանգարանային արժեքներ: Վարել է եկեղեցական բարձր պաշտոններ, եղել Վիրահայոց թեմի առաջնորդ (1922–1927): Այդ տարիներին հետևողական պայքար է մղել համայնավար իշխանությունների կողմից ստեղծված «Ազատ եկեղեցի» կոչված կազմակերպության դեմ, փորձել անաղարտ պահել Հայ Առաքելական եկեղեցին զանազան աղանդավորական հոսանքներից: 1927–ին ընտրվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ: Խորեն Ա Մուրադբեկյանի եղերական սպանությունից հետո` մինչև 1941–ը, ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը: Նախաձեռնել և 1941–ի ապրիլին Էջմիածնում հրավիրել է Ազգային–եկեղեցական ժողով, որտեղ միաձայն ընտրվել է կաթողիկոսական տեղապահ: 1945–ի հունիսի 19–ից 22–ը Ս.Էջմիածնում հրավիրված Ազգային–եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրա նախաձեռնությամբ սփյուռքահայության նվիրատվություններով ստեղծվել են «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները: Գևորգ Զ Չորեքչյանը զգալի ավանդ ունի Մայր Հայրենիքի և սփյուռքահայության կապերի ամրապնդման բնագավառում: 
Գնահատելի է հատկապես նրա դերը տարագիր հայության հայրենադարձության կազմակերպման (1946–1948), ինչպես նաև Սփյուռքի եկեղեցական և ազգային միասնության ապահովման գործում: Նրա օրոք վերազարթոնք են ապրել ԽՍՀՄ տարածքում գործող հայոց եկեղեցական թեմերը, իրավունք է ստացել հրատարակելու «Էջմիածին» ամսագիրը, վերաբացել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, տպարանը, կարողացել է վերադարձնել գրադարանի մի մասը, վանքապատկան շենքերից մի քանիսը, Ս. Գեղարդավանքը, Ս.Հռիփսիմե և Խոր վիրապի վանքերը: Նշանակալից դեր է խաղացել Հայկական հարցի վերստին բարձրացման ուղղությամբ: 1945–ի ապրիլին Կրեմլում Խորհրդային երկրի առաջնորդ Ի. Ստալինի հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև ԽՍՀՄ–ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ–ի կառավարությունների ղեկավարներին հղված հատուկ կոնդակում (25.10.1945) խնդրել է Արևմտյան Հայաստանի գրավյալ տարածքները հետ վերադարձնել իր օրինական տիրոջը` հայ ժողովրդին: Հրապարակել է ընդարձակ մի կոնդակ (20.04.1947), որը կրել է «Հայկական հարցի լուծման մասին» խորագիրը և որտեղ դարձյալ բարձրացրել է Թուրքիայի կողմից բռնազավթված հայկական տարածքների վերադարձման հարցը: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets