ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.10.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Գարեգին Ա Սարգիսյան (1995 - 1999)

ԳԱՐԵԳԻՆ Ա ՍԱՐԳԻՍՅԱՆ (1995–1999) 
Ամենայն Հայոց կաթողիկոս 1995–ից: Հաջորդել է Վազգեն Ա Պալճյանին: 

Ծնվել է 1932–ի օգոստոսի 27–ին Սիրիայի Քեսաբ ավանում: Մահացել է 1999–ի հունիսի 29–ին Էջմիածնում, աճյունն ամփոփվել է Մայր Տաճարի բակում: 
Նախնական կրթությունն ստացել է Քեսաբի Ուսումնասիրաց միացյալ վարժարանում, որից հետո ուսումնառությունը շարունակել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում (1946–1952): 1949–ի մայիսի 29–ին ձեռնադրվել է սարկավագ, 1952–ի սեպտեմբերի 28–ին` կուսակրոն քահանա: Ի հիշատակ Գարեգին Ա Հովսեփյանց կաթողիկոսի ընդունելով Գարեգին անունը` դարձել է Կիլիկիո միաբանության ուխտի անդամ: Պաշտպանելով «Հայաստանյայց եկեղեցվո աստվածաբանությունը ըստ հայ շարականներուն» թեմայով վարդապետական ավարտաճառը` 1955–ին ստացել է վարդապետական աստիճան: Նույն թվականին պաշտոնավարել է Դպրեվանքում` որպես ուսուցիչ և վերակացու, 1956–ին ստանձնել Դպրեվանքի տեսչի պաշտոնը: 1957–1959-ին Գարեգին վարդապետն ուսումնառությունը շարունակել է Օքսֆորդի համալսարանում (Անգլիա), որտեղ հետևել է աստվածաբանական բարձրագույն ուսման` ավարտաճառ ներկայացնելով «Քաղկեդոնի ժողովը և հայ եկեղեցին» (հրատ., Լոնդոն, 1965, անգլ.) խորագրով աշխատությունը, ստացել աստվածաբանության բակալավրի աստիճան: 1960–ին կրկին ստանձնել է Դպրեվանքի տեսչի պաշտոնը: Նույն շրջանում Գարեգին վարդապետը, որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ, գործուն մասնակցություն է ունեցել միջեկեղեցական մի շարք համագումարների ու ժողովների, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) միջեկեղեցական Արևելյան ուղղափառ քույր եկեղեցիների պետերի համաժողովների: Մեծ է նրա ավանդը 1965–ին Ադիս Աբեբայում (Եթովպիա) Արևելյան ուղղափառ քույր եկեղեցիների պետերի համաժողովի կազմակերպման գործում: Դիտորդի կարգավիճակով մասնակցել է Վատիկանի երկրորդ ժողովի երեք հաջորդական նիստերին (1963–1965) և Անգլիկան եկեղեցու Լամբեթի համաժողովին (1968): ԵՀԽ–ում վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ, 1968–ին ընտրվել է ԵՀԽ կենտրոնական և գործադիր հանձնախմբերի անդամ, իսկ 1979–ի Նայրոբիի (Քենիա) համաժողովում` խորհրդի փոխատենապետ (1975–1983): Այդ ժամանակաշրջանում աստվածաբանության, գրականության, պատմության և մշակույթի թեմաներով դասախոսել է ՀԲԸՄ Դարուհի Հակոբյան երկրորդական վարժարանում, Բեյրութի Նշան Փալանճյան ճեմարանում և Ամերիկյան համալսարանում, դասախոսություններով հանդես եկել մի շարք եկեղեցիներում: 1963–ի հունիսի 16–ին ստացել է ծայրագույն վարդապետական աստիճան, 1964–ի հունվարի 19–ին ձեռնադրվել է եպիսկոպոս: 1971–1973–ներին վարել է Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի և Հարավային Իրանի, իսկ 1973–1977–ներին` Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմի առաջնորդի պաշտոնները: 
1976–1977–ներին Լիբանանում բռնկված քաղաքացիական պատերազմի տարիներին մեծ դեր է խաղացել լիբանանահայությանը համախմբելու գործում: 1977–ի մայիսի 2–ին, Խորեն Ա Բարոյանի կաթողիկոսության շրջանում, ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս, 1983–ին` Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոս: Գահակալության տարիներին Գարեգին Ա Սարգիսյան կաթողիկոսը զարկ է տվել ազգային–կրոնական, մշակութային և շինարարական աշխատանքներին: Հիմնադրել է Քրիստոնեական դաստիարակության բաժինը: Նրա հատուկ ուշադրության առարկան է եղել Դպրեվանքը (1977–ին Անթիլիասից փոխադրվել է Բիկֆայա), առանձնահատուկ ուշադրութուն է դարձրել հրատարակչական գործին, վերականգնել «Հասկ» հայագիտական տարեգրքի հրատարակությունը: 
Բազմիցս այցելել է Մայր Աթոռ Ս.Էջմիածին: 1988–ի դեկտեմբերի 7–ի երկրաշարժից հետո կանգնել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա–ի կողքին` բերելով իր եղբայրական սերն ու զորակցությունը, կազմակերպել Սփյուռքից օգնությունը: 1992–ից եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: 
1995–ի ապրիլի 4–ին Ազգային–եկեղեցական ժողովը նրան ընտրել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Գարեգին Ա Սարգիսյանն իր ջանքերն ուղղել է եկեղեցական կյանքի ներքին կարգավորմանն ու կազմակերպմանը, մասնավորապես Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանի գործունեության վերաշխուժացմանը, Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի ստեղծմանը, քրիստոնեական քարոզչության հանրամատչելի ծրագրերի մշակմանը, եկեղեցիների ու վանքերի նորոգմանը, աստվածաբանական, հոգևոր և հայագիտական հրատարակությունների ավելացմանը: Հայ եկեղեցու աշխատանքն առավել նպատակաուղղված դարձնելու նախանձախնդրությամբ վերափոխել է Հայաստանի եկեղեցական թեմական կառուցվածքը: 1996–ին հայաստանյան նախկին 4 թեմերի փոխարեն ստեղծվել են 8 թեմեր, հիմնվել են նաև Ուկրաինայի և Հարավային Ռուսաստանի թեմերը: 1997–ի սեպտեմբերին վերաբացվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնովին վերանորոգված շենքը, բազմապատկել է սաների թիվը (120 հոգի): Նրա ջանքերի շնորհիվ Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից բացվել է Ս.Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատունը, որը շուտով դարձել է գիտական և մշակութային կարևոր կենտրոն: 1997–ի ապրիլի 7–ին կատարել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հիմնարկեքը: 
Գահակալության կարճ ժամանակահատվածում Գարեգին Ա Սարգիսյան կաթողիկոսը հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, նոր թափ է հաղորդել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի էկումենիկ գործունեությանը: 
Գարեգին Ա Սարգիսյանը հեղինակ է աստվածաբանական, հայագիտական, փիլիսոփայական, բարոյագիտական և գրական բազում երկասիրությունների: Նրա որոշ աշխատություններ միջազգային լայն ճանաչում ունեն և կարևոր ներդրումներ են ընդհանուր եկեղեցական պատմության մեջ [«The concil of Chalcedon and the Armenian Church», London, 1965 (ունեցել է չորս վերահրատարակություններ): «The Armenian Church in Contemporary Times», New York, 1970 և այլն]: 
Գարեգին Ա Սարգիսյանը եղել է ՀՀ ԳԱ ակադեմիայի պատվավոր անդամ, բազմաթիվ երկրների համալսարանների ու գիտական ընկերությունների անդամ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets