ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.10.2013

ՀԱՅԿԻ ԶԱՎԱԿՆԵՐՆ ՈՒ ԹՈՌՆԵՐԸ*

(Արամանյակ, Արամայիս, Ամասիա, Գեղամ, Հարմա) 

Բելին սպանելուց հետո Հայկը վերադառնում է իր բնակատեղին՝ Հարք, իր Կադմոս թոռանը պատերազմի ավարից բազմաթիվ ընծաներ է տալիս, ինչպես նաև անվանի մարդիկ՝ իր գերդաստանի ծառայության մեջ գտնվողներից։ Միաժամանակ հրամայում է Կադմոսին վերադառնալ իր նախկին տունը և այնտեղ ընդմիշտ բնակություն հաստատել։ 
Հայկը երկար տարիներ Հայքում ապրելուց հետո մեռնում է, իր ամբողջ ազգը հանձնելով Արամանյակ որդուն։ 
Արամանյակը իր եղբայրներից երկուսին՝ Խոռին և Մանավազին, ինչպես և Մանավազի որդուն՝ Բազին, թողնում է Հարքում։ Մանավազը ժառանգում է Հարքը, իսկ որդին՝ Բազը, ժառանգում է աղի լճի հյուսիս-արևմտյան ափը, և գավառն ու լիճը կոչում է իր անունով՝ Բզնունիք և Բզնունյաց ծով։ Մանավազից են հետագայում սերում Մանավազյան, իսկ Բազից՝ Բզնունյաց նախարարական տոհմերը։ Իսկ Խոռը հյուսիսային կողմերում շեներ է շինում, բազմանում, և նրանից է սերում Խոռխոռունիների ցեղի մեծ նախարարությունը։ 
Արամանյակն իր գերդաստանն առնելով, շարժվում է դեպի հյուսիս-արևելք, գնում հասնում է մի խոր ընդարձակ դաշտավայր, շրջապատված բարձրագագաթ լեռներով, որոնց ստորոտներից բխում էին բազմաթիվ ականակիտ աղբյուրներ, որոնք միանալով գետեր էին կազմում և հոսում լեռների ստորոտներով ու դաշտի ափերով։ Դաշտի հարավային մասում բարձրանում էր արեգակնաճեմ լեռը՝ սպիտակափառ գագաթով։ Արամանյակը բնակություն է հաստատում այս խոր դաշտում, շենացնում դաշտի հյուսիսային կողմը և այնտեղ բարձրացող լեռը կոչում է իր անունով՝ Արագած, իսկ կալվածքը՝ Արագածոտն։ Արամանյակի մահից հետո նրա որդին՝ Արամայիսը, բնակություն է հաստատում դաշտի արևմտյան կողմից հոսող գետի ափին, մի բլուրի վրա կառուցում իր բնակատեղին և այն կոչում իր անունով՝ Արմավիր, իսկ գետը իր թոռ Երաստի անունով կոչվում է Երասխ։ Արամայիսը իր բազմազավակ և շատակեր որդուն՝ Շարային, իր տունուտեղով ուղարկում է Արագած լեռան թիկունքում գտնվող բերրի ու արգավանդ դաշտը, որտեղ շատ ջրեր էին հոսում։ Գավառը հետագայում նրա անունով կոչվում է Շիրակ։ Այդ օրից Շարայի շատակերության մասին գեղջուկների մեջ պահպանվել է հետևյալ առածը. «Թէ քո Շարայի որկորն է՝ մեր Շիրակայ ամբարքն չեն» («Եթե դու Շարայի փորն ունես, ապա մենք Շիրակի ամբարները չունենք»)։ 
Արամայիսի մահից հետո Արմավիրը ժառանգում է նրա որդին՝ Ամասիան։ Վերջինիս ունենում է երեք զավակ՝ Գեղամ, Փառոխ և Ցոլակ։ Վերջին երկու որդին ունենալուց հետո Ամասիան անցնում է գետը, մոտենում հարավային բարձրաբերձ լեռան ստորոտին, լեռան խորշերում խոշոր ծախսերով շինում երկու բնակատեղ, մեկը դեպի արևելք, լեռան ստորոտից բխող աղրյուրների ակունքների մոտ, մյուսը՝ դեպի արևմուտք։ Այդ տները նա ժառանգություն է տալիս իր երկու որդիներին՝ արի Փառոխին և կայտառ Ցոլակին, որոնք բնակվելով այնտեղ, կոչում են իրենց անուններով՝ Փառիխոտ և Ցոլակերտ։ Իսկ այդ բարձրաբերձ լեռը Ամասիան կոչում է իր անունով՝ Մասիս։ 
Ամասիայի մահից հետո ավագ որդին՝ Գեղամը, ժառանգում է Արմավիրը, բայց շուտով այն թողնում է իր որդուն՝ Հարմային, իսկ ինքը գնում է հյուսիս-արևելյան լեռների հետևում գտնվող ծովակի մերձակայքը։ Այստեղ նա շենացնում է ծովակի ափերը, բնակեցնում, լեռը իր անունով կոչում է Գեղ, շեները և ծովակը՝ Գեղարքունի։ Այստեդ է ծնվում Գեղամի Սիսակ անունով որդին՝ մի սեգ, թիկնեդ, վայելչակազմ, կորովախոս ու գեղեցիկ աղեղնավոր։ Գեղամը նրան տալիս է իր ունեցվածքի մի մասը, բազմաթիվ ծառաներ և հիմնում նրա հողային ժառանգության սահմանները։ Գեղամը իր որդուն է նվիրում Գեղարքունի ծովից դեպի արևելք ընկած տարածությունները, մինչև այն դաշտը, ուր Երասխը ճեղքելով սեպացած լեռները, նեղ ու երկար կիրճերով անցնելուց հետո, թափվում է այնտեղ։ Սիսակը բնակություն հաստատելով այս երկրամասում, այնտեղ կառուցում է բազմաթիվ շեներ, գյուղեր, շինություններ և այդ աշխարհը կոչում իր անունով՝ Սյունիք, կամ ինչպես պարսիկներն են անվանում՝ Սիսական։ 
Գեղամը վերոհիշյալ դաշտի արևելյան կողմում՝ լեռան ստորոտում գտնվող մի ամուր ձորակում, շինում է մի դաստակերտ, անունը դնում Գեղամի, որը հետագայում նրա թոռ Գառնիկի անունով կոչվում է Գառնի։ Հետագայում, Արտաշես թագավորի ժամանակ, Գեղամի սերնդից մի պատանի է եղել Վարաժ անունով՝ քաջ և դիպուկ նետաձիգ, եղջերուների, այծյամների և վարազների հմուտ որսորդ, որին Արտաշես թագավորը նշանակում է արքունական որսապետ և նրան պարգևում Հրազդան գետի հովտում գտնվող բազմաթիվ շեներ ու ավաններ։ Այս Վարաժից է սկիզբ առնում Վարաժնունիների իշխանական տունը։

-----------------------------------
* Շարադրված է ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets