ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.10.2013

Տորք Անգեղյա*

Տորքը Հայկի թոռ Պասքամի որդին էր՝ մի տգեղ, բարձրահասակ, կոպտավուն կազմվածքով, տափակաքիթ, փոս ընկած աչքերով ու դժնահայաց մարդ, որին խիստ տգեղության համար Անգեղյա1 էին կոչում։ 
Հայոց Վաղարշակ թագավորը այս հզոր ու վիթխարահասակ Տորքին նշանակում է Հայոց աշխարհի արևմտյան մասի կուսակալ և նրա ցեղի անունն էլ կոչում է Անգեղ տուն2։ 
Տորքը օժտված էր վիթխարի ուժով, նա ձեռք էր զարկում ողորկ որձաքար ապառաժներին, ուզած ձևով ճեղքում, եղունգներով տաշում էր ապառաժը, տախտակի նման հարթեցնում և դարձյալ եղունգներով վրան արծիվներ էր քանդակում։ 
Մի անգամ Պոնտոս ծովի3 ափին Տորքը հանդիպում է թշնամու նավերի. հարձակվում է նավերի վրա, ուզում է խորտակել, բայց նավերն արագ հեռանում են ծովի խորքերը։ Տեսնելով, որ դրանց չի կարող հասնել, Տորքը ծովափին եղած լեռներից բլրաչափ ժայռեր է տոկում և նետում նավերի հետևից. Նետած ժայռերից ծովում խիստ ալեկոծություն է բարձրանում, նավերից շատերը ընկղմվում են ծովի հատակը, խորտակվում, իսկ մնացածներն էլ, ճեղքված ջրերի ալեբախումից, բազում մղոններ հետ են մղվում։ 
----------------------------- 
* Շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։ 
1 Տորքը հին անատոլական Տարու, Տարքու, Տարխու, Տրքա անվանաձևերով հայտնի ամպրոպի և փոթորկի աստվածությունն էր, որ հայոց հին ավանդության մեջ փոխարկվել է Տորքի կամ Տուրքի։ Այդ դիցանվան հետքերն ու հիշատակը պահվել է Սեմի որդի Տարբանի առասպելի և Տարոն տեղանվան մեջ։ 
Անգեղյա մակդիրը Մ. Խորենացին ժողովրդական ստուգարանությամբ բացատրում է իբրև անգեղ, այսինքն՝ տգեղ։ Մինչդեռ Անգեղը եղել է հին հայերի աստվածներից մեկը, որի անունով է Աստվածաշնչում հայերեն թարգմանվել շումմերաակադական ստորգետնյա թագավորության աստծո՝ Ներգալի անունը։ Հետևաբար Տորք Անգեղյա անվան մեջ միացել են երկու տարբեր դիցանուններ՝ Տորքի և Անգեղի, և Տորքը դարձել է կամ Անգեղ աստծո սերունդ՝ Անգեղյա, կամ Անգեղ աստծո տված պարգև (Տուրք անվանաձևի դեպքում): 
2. Անգեղ տունը Հին Ծոփքում (Վանա լճից դեպի արևմուտք) գավառ էր և նախարարություն։ Այդտեղ հնում, հավանաբար, տարածված է եղել Անգեղ աստծո պաշտամունքը։ 
Խորենացին հաղորդում է, որ ջրհեղեղի ժամանակ, երբ Քսիսութրիոսը (Նոյ) նավարկում է դեպի Հայաստան և հանդիպում է ցամաքի, նրա որդիներից մեկը՝ Սեմ անունով, գնում է դեպի հյուսիս-արևմուտք՝ երկիրը դիտելու։ Նա դուրս է գալիս մի երկայնանիստ լեռան մոտ գտնվող փոքր դաշտ, որի միջով գետ էր հոսում դեպի Ասորեստանի կողմերը։ Այս գետի մոտ նա կանգ է առնում և մնում մոտ երկու ամիս։ Այդ լեռը նա իր անունով կոչում է Սիմ և նորից վերադաոնում իր եկած տեղը։ 
Իսկ Սեմի կրտսեր որդիներից մեկը, որի անունը Տարբան էր, բաժանվում է հորից և իր երեսուն որդիներով ու տասնհինգ դուստրերով ու նրանց ամուսիններով բնակություն է հաստատում այդ գետի ափին։ Տարբանի անունով այդ գավառը կոչվում է Տարոն, իսկ այն տեղը, ուր բնակվել էր Տարբանը, կոչվում է Ցրոնք, այսինքն թե՝ այստեղից առաջին անգամ Սեմի որդին ու թոռները ցրվեցին, բաժանվեցին նրանից։ 
Տարոնի կամ Մշո տեղանունները ստուգաբանող այս վաղեմի ավանդությունը կապվում է ջրհեղեղի առասպելին, այսինքն՝ հետջրհեղեղյա ժամանակաշրջանում Հայաստանի առաջին բնակիչների առասպելաբանական պատմությանը և վկայում Տարբան-Տարաւն-Տարոն անվան խոր հնության և դիցական ծագման մասին։ 
3 Սև ծով:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets