ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.10.2013

Շամիրամի արարքներն ու վախճանը*

Շամիրամը իր ամառանոցային քաղաքը Հայաստանում շինելուց հետո սովորություն է դարձնում ամեն ամառ գալ Հայաստան՝ իր շինած քաղաքում հանգստանալու։ Հայաստան գալուց առաջ նա Ասորեստանում իբրև կողմնապետ և Նինվեի վերակացու է թողնում Զրադաշտ մոգին1 մարաց նահապետին, վստահելով նրան իր իշխանությունը։ 
Մի ամառ էլ, Հայաստանում եղած ժամանակ, Շամիրամը դուրս է գալիս Վասպուրական գավառում զրոսանքի, տեսնում է՝ մի տեղ երեխաները խմբված գետնից ուլունքներ են գտել և ուշադիր զննում են։ Թագուհին իսկույն կռահում է ուլունքների արժեքն ու նշանակությունը, լավ վարձատրում է երեխաներին և ուլունքները ձեռներից առնում։ 
Այդ ուլունքներով Շամիրամն սկսում է կախարդել ու հմայել և իր ապականված սրտով երկրով մեկ ամեն տեսակ չարիք գործել։ Ում ուզում էր, որ նա իր տռփալից ցանկությունը կատարի, ուլունքների զորությամբ նրան իսկույն բերում էր իր մոտ, իսկ ում կամենում էր ոչնչացնել, դարձյալ դյուրությամր ու առանց որևէ ջանքի կատարում էր այդ։ Բոլորն սկսում են սարսափել թագուհուց, և ոչ ոք չէր հանդգնում ծպտուն հանել։ 
Շամիրամն ուներ մի ծերունի խորհրդական, որը վայելում էր թագուհու վստահությունը, տեղյակ էր նրա բոլոր գաղտնիքներին և ազատ ելումուտ ուներ նրա պալատում։ Թագուհու գործած չարիքները շատ են մտահոգում ծերունուն, և նա երկար ժամանակ մտածում է, թե ինչպես նրա ձեռից կամ ուլունքների կախարդական զորությունից աշխարհն ազատի։ 
Մի օր էլ, երբ թագուհին ծերունու հետ դուրս էր եկել Արտամետ2 զրոսանքի, ծերունին հարմար պահ է գտնում, հափշտակում է ուլունքները Շամիրամի ձեռից և փախչում։ Զայրացած Շամիրամը հետապնդում է նրան, բայց տեսնելով, որ չի կարողանում հասնել, ցասումից կատաղած իր թավ ու երկար ծամերը պարսատիկ է դարձնում, վերցնում է մի վիթխարի ապառաժ, դնում ծամերի վրա, պտտում և նետում ծերունու հետևից։ Ահռելի ծանրությունից մազերը գլխից պոկվում են, իսկ հսկա ապառաժը գլորվելով ընկնում է Արտամետի մոտ գտնվող մի փոսի մեջ, ուր ընկած է մինչև այժմ։ 
Իսկ ծերունին ուլունքները ձեռին՝ փախչում հասնում է Դատվանի3 ծովեզերքը և այնտեղ ուլունքները նետում ծովը, աշխարհն ազատում Շամիրամի հմայական չարագործությունից։ Այդ դեպքից էլ մնացել է «Ուլունք Շամիրամայ ի ծով» ասացվածքը։ 
Շամիրամը իր բոլոր գանձերն ու պաշտոնները նվիրում է իր հոմանիներին և բնավ չէր հոգում իր զավակների մասին։ Երբ զավակները չափահաս են դառնում, սկսում են հանդիմանել իրենց մորը նրա անառակ վարքի, գանձերն ու պաշտոնները ուրիշներին շռայլորեն նվիրելու համար: Շամիրամը սաստիկ զայրանում է զավակների վրա, բոլորին կոտորել է տալիս, բացի կրտսեր որդուց՝ Նինվասից։ 
Պատահում է այնպես, որ Ասորեստանում Շամիրամի տեղապահ Զրադաշտ մոգը սխալմունք է գործում թագուհու հանդեպ, և նրանց միջև հակասություն է ծագում։ Այդ հակամարտությունն ավելի է խորանում, երբ մարացի Զրադաշտը մտադրվում է ամբողջ իշխանությունն իր ձեռքն առնել և իր բռնապետությունը տարածել բոլորի վրա։ Շամիրամն այդ իմանալով, պատերազմ է սկսում Զրադաշտի դեմ։ Երբ պատերազմը սաստկանում է, Շամիրամը զգում է իր մոտալուտ պարտությունը և Զրադաշտի ձեռից հետիոտն փախչում է Հայաստան։ Թշնամիներից հետապնդվելով, Շամիրամը ճանապարհին վազքից ու հոգնածությունից սաստիկ ծարավում է, հասնում է Վանա ծովին, ջուր խմում, հագեցնում ծարավը։ Բայց տեսնելով, որ իրեն հետապնդող սուսերավորները մոտենում են, իր կախարդական հուռութները ծովն է նետում և ինքն էլ տեղնուտեղը քարանում։ 
Իսկ մեկ այլ զրույցի համաձայն, երբ Շամիրամը պարտվելով ու հետապնդվելով Զրադաշտից, փախչում է Հայաստան, որդին՝ Նինվասը, վրա է հասնում, վրեժխնդրությամբ սպանում հեշտասեր մորը և Ասորեստանում ինքը թագավորում։
------------------------
* Շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմություն» և Ներսես Սարգիսյանի «Տեղագրութինք ի Փոքր և ի Մեծ Հայս» գրքերի։
1 Զրադաշտ մոգը պարսկական հին կրոնի՝ զրադաշտության հիմնադիրն է, ապրել և գործել է մոտավորապես մ. թ. ա. 7-րդ դարում։ Հայկական հին զրույցներում նա հանդես է գալիս իբրև մեդացիների կամ մարերի նախնի։
2 Արտամետը գյուղ է Վանի մերձակայքում։ Արտամետցիների և առհասարակ վանեցիների մեջ մինչև վերջերս տարածված էր հետևյալ ասացվածքը, երբ որևէ աղջիկ սիրահետել է տարբեր տղաների, ասել են. «Ա՛յ շան ախճիգ, Արտամետու ախճիգն ա, ամեն տղի ծոց կարմիր խնձոր կը դնա»։ «Արտամետու ախճիգ» ասելով, ըստ բանասացների, նկատի են ունեցել Շամիրամին, տղամարդկանց հետամտելու նրա հեշտասեր բնավորությունը։
3 Դատվանը գյուղ է և նավահանգիստ Վանա լճի արևմտյան ափին։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets