ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.10.2013

Մեր այբուբենը նախաստեղծ է` սա հերթական սնապարծություն չէ, այլ մաթեմատիկորեն ապացուցված փաստ


Գեոֆիզիկ Արծվի Ալեքսանյանի հետաքրքրությունները միայն իր 
մասնագիտականով չեն սահմանափակվել: Նա անընդհատ մտածել է, թե ի՞նչ է բանականությունը, որտեղից է այն ծնվել: «Ցանկացած երեխայի, որ հարցնենք` ինչո՞վ է տարբերվում մարդը կենդանուց, կասի` բանականությամբ, բայց թե ի՞նչ բան է այդ բանականությունը` այնքան էլ պարզ չի: Բանականությունն առանց լեզվի, ահնար է պատկերացնել: Լեզուները, խոսքը բանականության ամենաբնորոշ գիծն են: Ուրեմն, պետք էր ուսումնասիրել լեզուների պատմությունը»,-ասում է Արծվի Ալեքսանյանը: Ուսումնասիրությունները նրան տարել են դեպի հայոց այբուբեն: Երկար տարիների աշխատանքի հարցում, Արծվի Ալեքսանյանը հանգել է այն եզրակացության, որ մեր այբուբենը նախաստեղծ է, այն համամարդկային է: Մնացածները սերում են հենց նրանից: Սա հերթական սնապարծության փորձ չէ, ոչ էլ մեզ ուրիշներից վեր դասելու պարզունակ քայլ: Այս ամենը տարիներով այբուբենն ուսումնասիրած մարդը ապացուցում է ճշգրիտ գիտության` մաթեմատիկայի միջոցով:

-Պարոն Ալեքսանյան, լինելով գեոֆիզիկ, ինչպե՞ս սկսեցիք զբաղվել այբուբենի ուսումնասիրությամբ:

-Ուսումնասիրությունս այբուբենից չի սկսվել: Ամենասկզբում ինձ հետաքրքրել է մարդկային բանականության ֆենոմենը: Ամեն ինչ նախ տարավ դեպի սանսկրիտ, բայց հետագայում պարզվեց, որ սանսկրիտը ոչ թե սկիզբն է եղել, այլ վերածնունդը: Այսինքն` լեզուն, գիրն ու բանականությունը շատ ավելի վաղուց են եղել: Ինչքան էլ գեղեցիկ դետալներ իրար միացնես, եթե այն ամբողջական համակարգ չէ, ուրեմն չի աշխատի: Սանսկրիտում տառերը հետաքրքիր միացված են իրար, բայց չեն խոսում, ասելիք չկա: Միայն հայերեն այբուբենն է, որ ոչ միայն խոսում է, այլև ինֆորմացիա է տալիս բոլոր բնագավառների մասին:

-Փորձեք մեզ էլ փոխանցել այդ ինֆորմացիան և համոզել:

-Նայեք` շատերն են փնտրում, ար-ի, արիացի-ի սկիզբը: Բոլորն ուզում են արիացի լինել, առանց իմանալու` ի՞նչ է արիացին: Երբ փորձեցի գտնել արիացիների արմատները, պատմական որևէ փաստ չգտա: Հետո հիշեցի Ր-ն, տարօրինակ տառ է, ր-ով մենք բառեր չենք սկսում: Սա, ըստ մաթեմատիկական տրամաբանության, հակատրամաբանական է: Ինչու՞ պիտի մի ամբողջ բառապաշար մեր այբուբենից հանվեր: Ու նաև, մաթեմատիկական մտածողությամբ, եթե ունենք Ար, արիացի, պիտի ունենանք բոլոր ձայնավորները և հետո Ր-ն` որպես բառեր և հակառակը: Ր-ն թողնենք, որպես հետաքրքիր, տարօրինակ տառ և դիմացից դնենք բոլոր ձայնավորները: Հետաքրքիր է` սա եղավ այն սկզբնաղբյուրը, որ ինձ մտածելու տեղիք տվեց ու համոզեց, որ լեզուն հենց այնպես չի ստեղծվել, ինչպես որ ներկայացնում են: Դրանք բոլորը պատասխանում են ինչ-որ հարցի: Նայեք`

Իր- պատասխանում է ինչ հարցին

Ուր- պատասխանում է որտեղ հարցին

Օր-ժամանակ, պատասխանում է երբ հարցին: Ի դեպ, մեզ համար օրը 24 ժամն է, Իտալիայում օրը 1 ժամն է:

Էր- ինչ էր:

Այսինքն` մենք ոչ միայն հարցնում ենք` սա ինչ է, այլ խորանում ենք նրա սկզբնաղբյուրի մեջ: Փորձում ենք հասկանալ առարկան ժամանակի մեջ: Այս 3-4-ը իմ ասած կուռ համակարգի մասերն են, այսինքն` իմացական մտածողությամբ ստեղծված: Նայեք` զուտ տրամաբանությամբ` եթե հարցնում ենք սա ի՞նչ է, որտե՞ղ է, ե՞րբ է, պարզ է, որ պիտի հարցնենք` ի՞նչ է անում: : Ըր-ը բավականին ժամանակ չէի կարողանում հասկանալ: Տրամաբանությունը հուշեց հասկանալու: Եթե ըր-ից առաջ դնում ենք բաղաձայնները` գրել, հրել, սրել, ջրել, ցույց է տալիս բոլոր գործողությունները, որ անում է առարկան: Իսկ ար-ը կապվում է գերագույն աստծո հետ, այստեղից էլ արարել բառը, այստեղից էլ արիացին, անգամ Արմեն և ար-ով սկսվող անձնանունները: Թվում է, թե այս ամենը հեքիաթ է, բայց հեքիաթ կարելի էր համարել, եթե այս ամեն ինչը մաթեմատիկորեն չբացատրվեր:

-Մաթեմատիկորե՞ն, փորձեք մի քանի նախադասությամբ մեր ընթերցողի համար էլ մաթեմատիկորեն բացատրել դա:

-Թվում է` այբուբենը պիտի անմիջական կապ ունենար լեզվի հետ, բայց քանի որ լեզուն ճշգրիտ գիտությունների թվին չի պատկանում, ինչքան էլ աշախարհի լեզվաբանները չարչարվում են, չեն կարողանում գտնել այն նախալեզուն, որը եղել է: Ապացուցել լեզվաբանորեն, որ այսինչ լեզուն հին լեզու է կամ նախամայրն է հնարավոր կամ ճիշտ չի լինի: Բայց շատ հեշտությամբ կարող եմ ցույց տալ, որ մեր այբուբենը երկրաչափության և եռանկյունաչափության դասագիրք է: Մեր այբուբենը մի համակարգ է` թեկուզ իր հնչյունների քանակով: 36 թիվը պատահական չէ, այդ թվով ստացվում է մի մատրիցա ոչ միայն լեզվի, այլ հաղորդակցության բոլոր տեսակների համար: Մաթեմատիկական մատրիցան 4-ը 9-ի վրա է, ոչ 4-ն է պատահական թիվ, ոչ է 9-ը, դրանք կապված են և՛ երկնային մարմինների և՛ նյութի վիճակների հետ` տիեզերկան 4 համագործակցությունը, ԴՆԹ-ի 4 բաղադրիչները և այլն: Մենք ունենք եռաձայն, որը շատ լեզուներում չկա: Հիմա շատ կարևոր է շեշտել, թե ո՞րն է ճիշտ, շա՞տը, թե՞ քիչը: Կամ, այբուբեն կա, որ 12 հնչույն ունի, կա այբուբեն, որն ունի 60 տառ: Այստեղ է, որ պետք է հասկանալ, որ ցանկացած սիստեմայում ոչ ավելին է ճիշտ, ոչ` պակասը: Ինչպես ցանկացած կառույց, այբուբենն էլ պիտի ունենա իր բաղադրիչների կոնկրետ ու որոշակի քանակը: Մենք ունենք 5 եռաձայն` բպփ, գկք, դտք, ջճչ, ձծց, 5 երկձայն, 5 միաձայն, սա արդեն կուռ համակարգ է: Հավանականության տեսության բանաձևերով ես միշտ հաշվարկում եմ, թե սա որքանով է ոչ պատահական, ասենք` էլեմենտար այս քանակը, որքանով է հնարավոր, որ ճիշտը լիներ: Այբուբենը հավաքել է Մաշտոցը, բայց նա օդից չի վերցրել դրանք: Մեր այբուբենն ու լեզուն ամենակատարյալն են իրար համընկնում, այսինքն` մենք չունենք հնչյուն, որ չունենա տառ և չունենք տառ, որ չունենա իր հնչյունը: Շատ լեզուներում մի տառը կարդացվում կամ հնչում է մի այլ ձև և այլն: Լեզվի ու այբուբենի այս կուռ կապն արդեն որոշակի բանի մասին է խոսում: Օրինակ` երբ շարում ենք եռաձայնները, տեսնում ենք, որ դրանք դառնում են երկրաչափության կարևորագույն եռանկյունիները: Եթե վերցնում ենք ասենք` բ, պ, փ-ն հավանական է ստանայինք պատահական եռանկյունի, բայց ոչ եռանկյունաչափության մեջ եղած կարևորագույն եռանկյունի: Երկար ժամեր է պետք, որպեսզի ես դետալ առ դետալ բացատրեմ, թե ինչպես է այբուբենը դառնում երկրաչափության դասագիրք:

-Իսկ մեր այբուբենի նախաստեղծ լինելը որտե՞ղ է թաքնված:

-Մենք` մարդիկս, երկրագնդի վրա կիսամարդկային, կիսաաստվածային խառնուրդ ենք, իսկ մեր այբուբենը վերևից է բերված: Մի կողմից անհավանական է թվում, մյուս կողմից վստահ եմ, որ աստվածները մարդայնանալով, երկրագնդի վրա իջնելով, իմանալով, որ պիտի կորցնեն իրենց ավելի կատարյալ հաղորդակցության մեթոդը, օրինակ, ասենք` տելեպատիան, հնարում են լեզուն և գիրը: Հայերեն այբուբենն ու լեզուն են ապացուցում, որ այն հնարված է ոչ մարդկանց կողմից, իսկ մնացած լեզուները դրանցից են անջատված և մարդկային ծնունդ են: Ես ոչ թե որպես հայ աստվածացնում եմ մեր լեզուն, այլ ուսումնասիրություններն են դրան բերել:Ես ինքս վախենում եմ, որ մակերեսորեն նայելով, շատերը սա հերթական հայկական գլուխգովանք կհամարեն: Միայն այբուբենը իր կառուցվածքով, իր կուռ համակարգով և իր ասելիքով ապացույցն է նրա, որ մեր հայկական լոպազությունն էլ հիմքեր ունի:

-Այբուբենի ստեղծումը կապելով 405 թվականի հետ, արդյոք չե՞ն փորձել պատմությունից ջնջել նրա նախաստեղծ լինելը:

-Մեր այբուբենը շատ-շատ հին արմատներ ունի: Այն ոչ թե Քրիստոնեություն ընդունելուց առաջ, այլ անգամ մեր թվարկությունից էլ առաջ էլ որպես այսպիսին, մոռացված է եղել: Քրիստոնեության մուտքով` ինֆորմացիայի կապը կտրվեց: Այբուբենը, որպես սրբություն, ըստ երևույթին, պահպանել են քրմերը: Բայց եթե ասվեր, որ սա հին հեթանոսական արմատներ ունի, քրմերի մոտ է, պարզ է` չէր ընդունվի: Մաշտոցը շատ ավելի իմաստուն գտնվեց: Այբուբեն հնարելու համար պետք չէր աշխարհից աշխարհ ընկնել, պետք էր հնչյունները տարանջատել և ստանալ այն: Ըստ երևույթին, պահպանված հեթանոսական կտորը ամբողջական չէր: Նա ընկավ աշխարհից աշխարհ, գրադարաններ, որպեսզի ամբողջը վերականգնի: Ինչքան էլ սրբացնում ենք Մաշտոցին քիչ է, որովհետև բավարար չափով չենք պատկերացնում նրա արածը: Նա վերականգնել է ոչ միայն հայկական, այլ համամարդկային այբուբենը, նախալեզվի այբուբենը:
-Ո՞ր այբուբեններն են մերին նմամ, և որո՞նք են մերից սերվել:

Ձևով մեր այբուբենին նման է եթովպիականը, թեկուզ և նրանց այբուբենը տառագիր չէ, վանկագիր է: Լատինական, հունական, հրեական այբուբեններն էլ ունեն նմանություն: Հրեական այբուբենը, օրինակ, որ հայելապատիկ անդրադարձնում ենք, տեսնում ենք, որ շատ տառեր նման են մեր տառերին: Սա չի նշանակում, որ այդ այբուբենները գողացված կամ վերցված են, այլ ուղղակի հին, սկզբնական համամարդկային արմատից ճյուղեր են տվել: Եվ քանի որ մարդկային բանականության արգասիք են, ամեն մեկը մի ճանապարհով է գնացել, իսկ կատարյալ աստվածայինը պահպանել է միայն մեր այբուբենը: Մեր այբուբենը դեռ երկար ուսումնասիրության կարիք ունի: Ես այդ գործի մի փոքր մասն եմ միայն կարողացել իրականացնել այս տարիների ընթացքում:

Հեղինակ` Սառա Գալստյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets