ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.10.2013

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ*

Տիգրանը հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմը և ամենաքաջը։ Նա պարսից Կյուրոս Մեծ թագավորի աջակիցն էր մարաց իշխանությունը տապալելիս։ Նա հնազանդեցնում ու նվաճում է հույներին, ընդարձակում Հայոց աշխարհի սահմանները։ 
Իր բացառիկ արիությամբ ու քաջությամբ նա բարձրացնում է հայոց ազգի հարգն ու պատիվը, և հայոց ազգը, որ մինչև այդ օտարների լծի տակ էր հեծում, դարձնում է օտարների վրա գերիշխող ու հարկապահանջ։ Նա լիացնում է Հայոց աշխարհը ոսկով ու արծաթով, թանկարժեք քարերով, շքեղ ու գունագեղ զգեստներով։ Նրա օրոք հայոց հետևակ մարտիկները դառնում են ձիավորներ, պարսավորները՝ դիպուկ աղեղնավորներ, մահակավորները զինավառվում են սուսերներով ու տեգավոր նիզակներով, անզրահ մարտիկները վահանավորվում են ու զրահավորվում։ Եվ երբ բոլոր այդ զորատեսակները ի մի էին հավաքվում, ապա նրանց շքեղ զինավառության, շողշողուն զենք ու զրահի գեթ փայլը բավական էր թշնամուն ընդմիշտ վանելու և հալածելու համար։ 
Նա խաղաղություն, շենություն, լիություն բերեց Հայոց աշխարհին։ 
Տիգրանը խարտյաշ, գանգրահեր տղամարդ էր՝ գունեղ երեսով, մեղմահայաց, թիկնեղ ու վայելչակազմ, ուտել-խմելու մեջ պարկեշտ էր ու չափավոր, խրախճանքների մեջ՝ օրինավոր, վարքուբարքով՝ ժուժկալ։ 
Իբրև թագավոր՝ արդարամիտ էր, արդարադատ, հավասարակշռված, ոչ լավագույններին էր նախանձում, ոչ էլ նվաստներին արհամարհում, միշտ ձգտում էր բոլորի վրա տարածել իր խնամքն ու հովանավորությունը։ 
-------------------------- 
* Այս շարքն ամբողջապես շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։ «Վիպասանքը» կամ «Երգք վիպասանացը» հայ հնագույն և առաջին առասպելաբանական վեպն է, հյուսված հայոց Տիգրան, Երվանդ, Արտաշես, Արտավազդ, Տրդատ անուններով տարբեր թագավորների արարքների շուրջը՝ առասպելաբանական մոտիվներով հարակցված կամ գունավորված։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets