ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.10.2013

ՍՄԲԱՏԻ ԵՎ ԱՐՏԱՇԵՍԻ ԿՌԻՎԸ ԵՐՎԱՆԴԻ ԴԵՄ

Այդ ժամանակ մանուկ Արտաշեսը Պարսկաստանում արդեն հասուն տղամարդ էր դարձել։ Նրա դայակ Սմբատը իր ռազմական հմտությամբ շատ քաջագործություններ է կատարում հօգուտ Պարսկաստանի և արժանանում արյաց նախարարների ջերմ համակրանքին։ Նախարարները բարեխոսում են իրենց թագավորին՝ Սմբատին արժանացնել պարգևների ըստ նրա ցանկության։ Թագավորը սիրով համաձայնում է և հանձնարարում նախարարներին. 
— Իմացեք, ի՞նչ է ցանկանում այդ քաջ տղամարդը։ 
— Ձերդ անմահ բարերարություն, — ասում են նախարարները, — Սմբատն այլ բան չի կամենում, քան քո արյունակից Արտաշեսին՝ Սանատրուկի որդուն, որ զրկված է իր թագավորությունից, դարձյալ իր թագավորության մեջ հաստատես։ 
Արքայից արքան հոժարում է, Սմբատին է հանձնում Ատրպատականի զորքերը և Ասորեստանի զորքերի մի մասը, հանձնարարում, որ Արտաշեսին տանեն և իր հայրենական գահին հաստատեն։ 
Երվանդը գտնվում էր Ուտիք գավառում, երբ նրան լուր է հասնում, թե Սմբատը պարսից թագավորի մեծ զորքով գալիս է քո վրա` թագավորությունը մանուկ Արտաշեսին հանձնելու։ 
Լուրն առնելով՝ Երվանդը Ուտիքում իր նախարարներից շատերին կողմնապահներ է նշանակում և ինքը շտապ վերադառնում իր քաղաքը, Հայոց, Վրաց, Կեսարիայի և Միջագետքի կողմերից մեծ զորք հավաքում։ 
Գարնանային օրեր էին, ուստի և բոլոր զորքերը շուտով հավաքվում են Երվանդաշատ։ Իր հետևակ զորքի բազմությամբ գալիս է նաև Աժդահակից սերված Մուրացյան ցեղի տանուտեր Արգամը, որին Երվանդը վերադարձրել էր իր թագավորության երկրորդության գահը։ Երվանդը Արգամին և բոլոր նախարարներին արժանացնում է մեծ պատիվների ու պարգևների, իսկ ժամանած զորքերի բոլոր զինվորներին՝ առատորեն վարձատրում։ 
Այդ ժամանակ Սմբատը մանուկ Արտաշեսի հետ իր զորքով շտապ մոտենում է Ուտիքի սահմաններին։ Այստեղ Երվանդի թողած կողմնապահ նախարարներն իրենց զորքով ընդառաջ են գալիս Սմբատին և միանում նրան։ Երբ այդ լուրը հասնում է հայոց մյուս նախարարներին, նրանց մեջ խլրտում է ընկնում, բարոյալքվում են և մտածում անջատվել Երվանդից, մանավանդ, որ Հռոմից ուշանում էր սպասվող զինվորական օգնությունը։ Որքան նախարարները բարոյալքվում էին, այնքան Երվանդը առատացնում էր պարգևները, յուրաքանչյուրին մեկառմեկ բաշխում իր գանձերը։ Եվ որքան շատ էր բաշխում, այնքան ավելի ատելի էր դառնում, քանզի բոլորն էլ լավ գիտեին, որ դա ոչ թե առատաձեռնությունից է բխում, այլ երկյուղից։ Նրանց, ում շատ էր բաշխում, չէին համակրում իրեն, իսկ ում քիչ էր բաշխում՝ դառնում էին իրեն թշնամի։ 
Սմբատը մանուկ Արտաշեսի հետ գալիս հասնում է Գեղամա ծովի ափերը և շտապում օր առաջ հասնել Երվանդի զորքերի բանակատեղին։ Երվանդի զորքերի բազմությանը արժեք չտալով, Սմբատը փոքր-ինչ երկյուղում էր Մուրացյան Արգամից, քանի որ նա քաջ մարդ էր և իր ձեռքի տակ ուներ բազմաթիվ տեգավորներ։ 
Երվանդն իր զորքով ճամբար էր դրել Երվանդաշատից ավելի քան երեք հարյուր ասպարեզ դեպի հյուսիս՝ Ախուրյան գետի վրա։ Իմանալով Սմբատի զորքերի մոտենալը, Երվանդը նրանց դեմ է հանում իր զորքերի բազմությունը և ճակատ կազմում իր ճամբարից ոչ հեռու։ Արտաշեսը պատգամավորներ է ուղարկում Մուրացյան նահապետի մոտ, բազում երդումներ տալիս, որ ինքը Երվանդից ստացած նրա բոլոր արտոնություններն ու ունեցվածքը նրան կթողնի, դեռ կրկնակին էլ կավելացնի, միայն թե նա լքի Երվանդին և հեռանա։ 
Երբ Երվանդի զորքերի ճակատի դիմաց երևում են Արտաշեսի առաջապահ ջոկատների զինանշանները, Արգամը իր հետևակների բազմությունն առնում և մի կողմ է քաշվում։ Այդ ժամանակ Սմբատը հրամայում է պղնձե փողեր հնչեցնել ի նշան պատերազմի և իր զորքի ճակատն առաջ տանելով՝ խոյանում է Երվանդի զորքերի վրա, ինչպես արծիվը՝ կաքավների երամի։ Հայոց նախարարները, որոնք իրենց զորագնդերով Երվանդի բանակի աջ ու ձախ թևերն էին կազմում, միանում են Սմբատի զորքին։ 
Ճակատամարտում սոսկալի կոտորած են կրում Երվանդի գունդը և Միջագետքի զորքերը։ Իսկ տավրոսցի քաջերը, որոնք Երվանդին խոստացել էին, թե կսպանեն Արտաշեսին, մահը աչքերն առած մաքառում են Արտաշեսի դեմ։ Տավրոսցիների դեմ հետիոտն դուրս է գալիս Արտաշեսի ստնտուի որդի Գիսակը, կռվի մեջ մտնելով՝ կոտորում նրանց, բայց ինքն էլ սրի հատու հարվածից կորցնում է դեմքի կեսը և մահանում։ 
Երվանդի մնացած զորքերը պարտվելով՝ փախուստի են դիմում։ 
Պատերազմի դաշտից փախչում է նաև Երվանդը։ Նա ձիով բազմաթիվ ասպարեզներ է կտրում անցնում, ճամբարից մինչև իր քաղաքը հաստատած իջևաններում նորանոր ձիեր է փոխում, հեծնում, շարունակում փախուստը։ Երվանդին կրնկակոխ հետապնդում է Սմբատը, հալածում գիշերով մինչև քաղաքի դուռը։ 
Իսկ մարաց զորքերը, որ Երվանդի գնդի բանակատեղն էին անցել, մթության մեջ իջևանում են դիակների վրա։ Արտաշեսն էլ գալով հասնում է կաշվից և կտավից պատրաստված Երվանդի կլոր վրանին, իջնում, գիշերում է այդտեղ։ Առավոտյան նա տիրաբար կարգադրում է զորքին՝ սպանվածներին թաղել, իսկ այն հովիտը, ուր դիակների վրա բանակել էր մարաց զորքը, կոչեց Մարաց մարգ, ճակատամարտի տեղն էլ՝ Երվանդավան, այսինքն՝ Երվանդին վանելու տեղը։ 
Արտաշեսը զորքով շարժվում է դեպի Երվանդաշատ։ Կեսօրից առաջ հասնում է Երվանդի դաստակերտը և զորքին հրամայում միաձայն աղաղակել «Մար ամատ», որ հայերեն նշանակում է՝ «Մարը եկավ»։ Դրանով Արտաշեսը հիշեցնում էր այն վիրավորանքն ու թշնամանքը, որ Երվանդը տածելով իր նկատմամբ, իրեն մար էր համարում և նույնն ուզում էր հավատացնել պարսից թագավորին ու Սմբատին։ Զինվորների այս միաձայն բացականչության հետևանքով էլ Երվանդի դաստակերտը այնուհետև կոչվում է Մարմետ, հավանորեն, Արտաշեսի կամքով, որպեսզի Երվանդի անունը այդ դաստակերտի վրայից ընդմիշտ վերացվի։ 
Սմբատը գիշերով հետապնդելով Երվանդին, իր փոքրաթիվ վաշտով հասնում է Երվանդաշատի դարպասների մոտ, քաղաքի դուռը պահում, սպասելով Արտաշեսի գալուն։ Երբ Արտաշեսը ամբողջ զորքով հասնում է քաղաքին, սկսվում է հարձակումը քաղաքի վրա։ Դիմադրությունը երկար չի տևում` չդիմանալով Արտաշեսի քաջերի ճնշմանը, ամրոցի մարդիկ անձնատուր են լինում և բացում քաղաքի դուռը։ Զինվորներից մեկը ներս մտնելով ամրոց, վաղրով1 հարվածում է Երվանդի գլխին, ջախջախում գլուխը, ուղեղը ցրում հատակին։ Բայց Արտաշեսը հիշելով, որ Երվանդի մեջ Արշակունյաց տոհմի արյան խառնուրդ կա, հրամայում է թաղել նրան և վրան մահարձան կանգնեցնել։
--------------------------------------
1 Վաղր — սակր, տապար։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets