ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.10.2013

ՍՄԲԱՏ, ԱՐՏԱՇԵՍ ԵՎ ԱՐՏԱՎԱԶԴ

Սմբատի արշավանքները Կովկաս և Կասբից աշխարհ 

Սմբատը գեղեցիկ տղամարդ էր՝ քաջ և վայելչակազմ, թեպետ փոքր-ինչ ծերացած, ալևոր մազերով, բայց աշխույժ էր, եռանդուն, արագաշարժ։ Զույգ աչքերի մեջ արյան փոքրիկ նշաններ կային, որոնք շողում էին ոսկու և մարգարտի մեջ ագուցված կարմիր թանկարժեք քարի նման1։ 
Սմբատը միաժամանակ ամեն բանում զգուշավոր էր, հավասարակշռված, պատերազմներում, իր խելքի ու շրջահայեցության շնորհիվ, միշտ հաղթող էր դուրս գալիս։ 
Արտաշեսին լուր է հասնում, որ ալանների թագավորի՝ Սաթենիկի հոր մահից հետո, մի բռնակալ մարդ խլել է իշխանությունը, բռնությամբ թագավորում է Ալանաց աշխարհի վրա և հալածում է Սաթենիկի եղբորը։ Արտաշեսն իսկույն կարգադրում է Սմբատին մեծ զորքով գնալ Ալանաց աշխարհ՝ Սաթենիկի եղբորն օգնելու։ 
Սմբատը զորքով գնում է Ալանաց աշխարհ, հաղթում և երկրի սահմաններից դուրս քշում ինքնակոչ բռնակալին, Սաթենիկի եղբորը կարգում իր ազգի վրա թագավոր։ Այնուհետև Սմբատը արշավում է ալանների թշնամիների երկիրը, ավերում, բնակիչներին բոլորին գերի վերցնում և մեծ բազմությամբ բերում Արտաշատ։ Արտաշեսը հրամայում է Սմբատի բերած գերիներին բնակեցնել Մասիսի հարավ-արևելյան կողմը՝ Շավարշական գավառում2, միաժամանակ այդ գավառի վրա թողնելով վերաբնակեցված գերիների բնիկ հայրենիքի անունը՝ Արտազ։ 
Պարսից Արշակ վերջին թագավորի մահից հետո Արտաշեսը Պարսից աշխարհի վրա թագավորեցնում է նրա որդուն՝ պարսիկ Արտաշեսին։ Բայց նրան չեն կամենում հնազանդվել Պատիժահար կոչված գավառի, ինչպես նաև Կասպից ծովի եզերքի բնակիչները։ Այս առթիվ հայոց Արտաշես թագավորի դեմ է ապստամբում նաև Կասբից երկիրը։ Արտաշեսը ապստամբների դեմ է ուղարկում Սմբատին՝ հայոց բոլոր զորքերով, ինքն էլ յոթ օր հետը գնում է՝ նրանց ուղեկցելու։ 
Սմբատը բոլոր ապստամբներին հնազանդեցնում է, ավերում Կասբից երկիրը, բնակիչների մեծ մասին՝ նրանց թագավոր Զարդամանոսի հետ, գերեվարում, բերում Հայաստան։ 
Արտաշեսը ըստ արժանվույն գնահատելով Սմբատի ծառայությունները, նրան է պարգևում Գողթն գավառի շեներում եղած արքունի հողերը, Ուղտի ակունքները և, դրանցից բացի, նրան է թողնում նաև պատերազմից ձեռք բերած ամբողջ ավարը։ Այս առթիվ Արտավազդը սաստիկ նախանձում է Սմբատին, անգամ կամենում է նրան սպանել, բայց նրա դիտավորությունը բացահայտվում է և մեծ ցավ պատճառում Արտաշեսին։ 
Այս դեպքից հետո Սմբատը խոհեմաբար հրաժարվում է հայոց զորքի հրամանատարությունից, որի վրա աչք ուներ Արտավազդը, թողնում գնում է Ասորեստանի կողմերը։ Սմբատը իր ծեր տարիքում կին էր առել մի ասորեստանցու, որին շատ էր սիրում, ուստի գերադասում է գնալ, կնոջ հայրենիքի կողմերը բնակվել։ Արտաշեսի հրամանով նա բնակություն է հաստատում Տմորիքում3, իսկ իր բերած գերիներին բնակեցնում Ալկիում4։ 
--------------------------- 
1 Խորենացու բնագրում այդ քարը կոչվում է դրակոնտիկոն, որ հունարեն բառացի նշանակում է փոքրիկ վիշապ։ Դրակոնտիկոնը սարդոնիկսն է՝ եղնգնաքարը, կարմիր թանկարժեք քար, որի հունարեն անունը, բացառված չէ, որ ծագած լինի օձերի թագավորի՝ Շահմարի գլխին պատկերացվող անգին քարի առասպելական հավատալիքից։ 
2 Համապատասխանում է այժմյան Մակուի շրջանին, որ հնում կոչվել է նաև Շավարշան կամ Արտազ։ 
3 Հետագայում կոչվել է Կորդրիք, գտնվում է Վանա լճից հարավ՝ հյուսիս-արևելյան Միջագետքի մերձակայքում, Կորճեք աշխարհում։ 
4 Բերդաքաղաք Կորդրիք գավառում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets