ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.10.2013

ԱՐՏԱՇԵՍԻ ԵՎ ԱՐՏԱՎԱԶԴԻ ԿՌԻՎԸ ՄԱՐԱՑԻ ԱՐԳԱՎԱՆԻ ԴԵՄ

Արտավազղը երբ մեծանում է, դառնում է քաջ, ինքնահավան և հպարտ արքայազն։ Մայրը՝ Սաթենիկը, գաղտնի սիրային կապեր է ուզում հաստատել վիշապազուն Արգավանի1 (Մուրացյան Արգամի) հետ, սաստիկ տենչալով նրա սերը, և, հավանաբար, զանազան հմայական միջոցներով կամենում է նրա սիրտը գրավել։ Արտավազդն, ըստ երևույթին կռահելով այդ, հորը՝ Արտաշեսին, գրգռում է Արգավանի դեմ, որ իբր թե նա ուզում է խլել նրա թագավորությունը և բոլորի վրա իշխել։ Արտաշեսը հավատում է որդուն և արքայական երկրորդության գահը վերցնում է Արգավանից և հանձնում Արտավազդին։ 
Մի անգամ Արգավանը Արտաշեսի պատվին խնջույք է կազմակերպում իր պալատում և Արտաշեսին իր զավակների հետ ճաշի հրավիրում։ Ճաշի ժամանակ պարզվում է, որ Արգավանը դավ է նյութել Արտաշեսի դեմ2։ Արտաշեսի զավակները մեծ իրարանցում են բարձրացնում, քաշում Արգավանի ալևոր մազերը։ Արտաշեսը խիստ հուզված ու ալեկոծված վերադառնում է Արտաշատ և իսկույն իր որդի Մաժանին մեծ զորագնդով ուղարկում է Արգավանի վրա, հրամայում Մուրացյան տոհմի անդամներից (վիշապազուններից) շատերին սպանել, Արգավանի ապարանքը (վիշապների տաճարը) այրել, և նրա չքնաղագեղ և սիգաճեմ հարճին3 Մանդուին, բերել իրեն հարճության։
Մաժանը կատարում է հոր կամքը։ Սակայն երկու տարի անց Արգավանը դարձյալ հնազանդվում է Արտաշեսին։ Վերջինս ամեն ինչ վերադարձնում է Արգավանին, բացի հարճից։ 
Իսկ Արտաշեսի քաջ որդի Արտավազդը, որ Արգավանից վերցրել էր արքայական երկրորդության պատիվը, Արտաշատում իր ապարանքը կառուցելու համար տեղ չգտնելով, անցնում է մարաց մեջ և Շարուրի դաշտ4 կոչված տեղում կառուցում է Մարակերտը5։ Նա Արգավանից խլում է նաև Նախճավանը և Երասխից հյուսիս գտնվող բոլոր գյուղերը, նրանց մեջ գտնվող բերդերն ու ապարանքները դարձնում սեփական ժառանգություն։ 
Արգավանի զավակները չհանդուրժելով Արտավազդի արարքները, դիմադրում են, բայց Արտավազդը հաղթում է, կոտորում է Արգավանին իր բոլոր զավակներով, կոտորում է նաև Մուրացյան տոհմի բոլոր երևելի մարդկանց, գրավում նրանց շեներն ու ամբողջ իշխանությունը։ Արտավազդի սրից գրեթե ոչ ոք չի փրկվում, բացառությամբ մի քանի աննշան մարդկանց, որոնք փախչում են Արտաշեսի մոտ և ապաստան գտնում արքունիքում։
--------------------------- 
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթև ընդ գետն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն՝ 
Ընկէց ի մէջք օրիորդին Ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր։ 

1. Արգավանը մարաց Աժդահակ թագավորի սերնդից էր, որին Տիգրանը Անույշի հետ միասին բերում վերաբնակեցնում է Մասիսի փեշերին։ Հին վիպական երգերում, որոնք կոչվում էին նաև թվելյաց երգեր, Աժդահակը ըմբռնվում էր իբրև վիշապ, նրա կին Անույշը՝ վիշապների մայր, իսկ նրանց սերունդը՝ վիշապազուններ, այսինքն՝ վիշապի զավակներ։ Մար անունը, որ հին մեդացիների ազգի անունն էր (այդտեդից էլ նրանց երկրի անվանումր՝ Մարաստան) պարսկերեն նշանակում է օձ։ Եվ քանի որ մարերի թագավոր Աժդահակի անունը վիշապ էր նշանակում, ուստի ժողովրդի գիտակցության մեջ «մար» ցեղանունը ըմբռնվել է իբրև, օձ կամ օձեր, որոնց թագավորը վիշապն է (Աժդահակ)։ Մանավանդ որ հայկական հին ու նոր հավատալիքներով Մասիս լեռան վրա վիշապ օձեր են բնակվում, իսկ Աժդահակի սերունդ մարերը վերաբնակվել էին Մասիսի փեշերին, ուստի և մարերն ու Մասիսի օձերը ժոդովրդի մտածողության մեջ խառնվել են միմյանց և նույնացել։ Այդ հին վիպական երգերում Արգավանին և նրա զավակներին, նույն այդ մտածողությամբ, կոչում էին վիշապազուններ։ Խորենացին հավատ չընծայելով առասպելներին, երգերում հիշատակված Արգավան անունը, հավանաբար պատմական աղբյուրների հիման վրա, դարձնում է Մուրացյան տոհմի նահապետ Արգամ։ Այնպես որ Արգավան և Արգամ անունները նույն անձի տարբեր անվանումներն են։ Մենք գերադասեցինք այս հատվածում Արգամի փոխարեն գործածել նրա ժողովրդական ձևը՝ Արգավան։ 

2 Ահա ինչպես է ներկայացվում այդ դիպվածը հին վիպերգում. 
Ճաշ ասեն գործեալ Արգաւանայ 
Ի պատիւ Արտաշիսի,
Եւ խարդաւանակ լեալ նմին 
Ի տաճարին վիշապաց։ 
(«Ասում են՝ ճաշ կազմակերպեց Արգավանը ի պատիվ Արտաշեսի,
Եվ խարդավանք նյութեց նրա դեմ վիշապների պալատում»)։ 

3. Հարճ — օրինական կնոջ հետ պահվող սիրուհի։ 

4. Ընկած է Արաքս գետի արևելյան ափի երկայնքով, Մասիսի ստորոտից մինչև Նախիջևանի դաշտը։ 

5. Գտնվում է Վասպուրական աշխարհում, Նախիջևանից հարավ-արևմուտք։ 
Մարակերտի կառուցման մասին հատվածը հին վեպում նկարագրվում է հետևյալ ձևով. 
Արտաւազդայ ոչ գտեալ, ասեն, 
Քաջի որդւոյն Արտաշիսի, 
Տեղեկիկ ապարանից 
Ի հիմնեալն Արտաշատու՝ 
Նա անց, ասէ, գնաց և շինեաց 
Ի մեջ Մարաց զՄարակերտ. 
Որ է ի դաշտին՝ որ անուանեալ կոչի Շարուրայ։ 
(«Արտավազդը՝ քաջ որդին Արտաշեսի, չգտավ, ասում են, 
Մի փոքրիկ տեղ ապարանքի 
Արտաշատի հիմնադրման ժամանակ. 
Նա անցավ, ասում է, գնաց և շինեց 
Մարերի մեջ Մարակերտը՝ 
Այն դաշտի մեջ, որ կոչվում է Շարուրա»)։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets