ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.10.2013

ՌԱՖԱՅԵԼ ՍԵՐԵՆՑ «ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՀԻՄԱ ԻՄ ՄԵՆՈՒԹՅՈՒՆԸ»

Ես տխուր չեմ, ինչո՞ւ ես կարծում, որ ես տխուր եմ, դու մոռացե՞լ ես, որ աշուն է, և ինքնամփոփման կարիք ունենք բոլորս: Դու սիրում ես ամռան տապն ու ծովի ալիքների տարածվող հեռուն: Ես սիրում եմ հիմա իմ մենությունը: Ես սիրում եմ նրա բարբառը, որ անձուկ թափառել է սիրում: Աշնան մեջ կա ոսկե երևակայություն, որի մեջ ամփոփվում են անցած տարիների լույսն ու տխրությունը: Հաճախ եմ քայլում անտառի այն կածանով, ուր մի ժամանակ մեր նստարանն ունեինք... Իսկ դու ինձ ասում ես, որ ես տխուր եմ: Ես ունեմ հիշողություն և ապրում եմ ի՛նձ նման. հեքիաթն ասում են ավարտվում է այն պահին, երբ իրականությունը ճշմարտության մեջ գտնում է ի՛ր բառը... Որքա՜ն տխուր են աչքերդ, գուցե քո տխրությունը փորձում ես իմ ներսո՞ւմ փնտրել: Գուցե աշնան ամեն մի շշուկ քեզ բաժանո՞ւմ է ամռան ոսկեգանգուր երազից: Իմ մենությունը նման է քո ծովի ալիքների կապույտ հեռուներին: Այնտեղ ջրահարս չկա... այնտեղ աշնան ոսկին է երազում: Տագնապներ կան, որոնց համար կարելի է մի պահ մոռանալ գալիքի գրեթե ամեն մի սպասում: Աշունն էլ ունի ի՛ր տագնապը, և այնտեղ եմ ես... Սիրո համար չկա՛ ժամ ու ժամանակ և ոչ էլ` տարածություն: Մենք նման ենք այն կավե սափորներին, որոնց մեջ աղբյուրի սառը ջուրը կարծես փրփրում է իր պարզությունից, իսկ դու տխրո՜ւմ ես... Կան ակնթարթներ, երբ եսը ընտելանում է իրականության հետ, բայց աշնան շշուկն ընտելացնո՜ւմ է... Բայց չի՛ պարտադրում: Այդպես էլ սե՜րն է... Այդպես էլ սիրո հուշե՜րն են... Եվ այդպիսին է իմ մենությո՜ւնը... Եռաթև մի պատարագ կա իմ ներսում, ուր աղոթքը, անանձնական սերը և երևակայությունը մի ընդհանուր ներդաշնակության մեջ են և այնտեղ լսելի է անգամ աշնան բարբառը... Հոգին չի ճանաչում երևակայությունն այնքան ժամանակ, որքան ժամանակ տրված է մարդուն մտածե՜լ... Իմ մենությունը երևակայության արդյունք է, և բնավ մի սպասիր նրանից խոսք, նայիր, ուղղակի նայիր աչքերիս, նա այնտե՜ղ է... Ես տխուր չեմ, պարզապես մենության մարմին եմ հագել ու փնտրում եմ մանուկ օրերիս աշնանը, փնտրում եմ ինձ, փնտրում եմ անվերնագի՜րը...
© բանաստեղծ  Ռաֆայել  Սերենց
09.10.2013 թ.
գիշեր

4 комментария:

  1. Շատ սիրուն էր: Շնորհակալություն և բանաստեղծին և Արա Նախշքարյանին: Այս կայքից իսկապես շատ բացառիկ բաներ ենք սովորում:
    ԿԱՐԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

    ОтветитьУдалить
  2. Շնորհակալություն. Շատ գեղեցիկ մտքերի բացահայտություններ.

    ОтветитьУдалить
  3. Սիրել եմ հաճախ առանձնանալ ու երազել, ու մտածել..Նայել եմ հեռուները, նայել եմ աստղերին. Հիմա էլ, կարծես ոչինչ չի փոխվել.. Ուղղակի ժամանակն է անցել...տարիքս է մեծացել.. սակայն մնացել եմ նույն խենթը երազող: Ինչ տվեցին տարիները, արդարացա՞ն ցանկություններս , երազանքներս կատարվեցին... Չգիտեմ, դեռ ունեմ մեծ սպասում և հավատում եմ, որկիրականանա: Ես էլ իմ սիրելի բանաստեղծ, ես էլ եմ սիրում իմ մենությունը:Այնքա՜ն խոսուն է այդ ինքնամփոփման ժամանակահատվածը...Շատերի կողքին, շատերի հետ շփվես ու լինես քո խոհերիդ հետ առանձնացած... Այսպիսին եմ ես...« Ես սիրում եմ իմ մենությունը»: Ես էլ...

    ОтветитьУдалить
  4. Հաճախ բառերը անզոր են ասելու այն ամենը,ինչ կա հոգուդ մեջ:Հաճախ հեռանում եմ, տրվում մտքերին,ինքս էլ չեմ հասկանում ինչո՞ւ. աշխարհն է նեղ, թե մտքերս Են թափառական... որոնում են փնտրում հրաշքը անիրական,որտեղ խաղաղ է ամեն ինչ,բարիություն է տարածված,սեր ու հավատ,չկա ճղճիմ, դատարկ իրականությունը,չկա սուտ,չկա հեգնանք ու քննադատություն ճիշտ ապրելու:Ապրելու ճիշտ բանաձև մի՞թե կա...Ես սիրում եմ իմ առանձնությունը, սիրում եմ իմ մութ ու լույս աշխարհը:Այնտեղ ես եմ...ու դու կաս...կա հույս ապրելու և այն չի մարելու:Մտքերս անդարձ հեռուներից բերում եմ ներկա ու տանում ապագա.լույսի ապագա:Ես մենանում եմ հաճախ, բայց մենակ չեմ:Հիմա իմ սիրելի պոետ, ես էլ եմ Ձեր նման մտածում.«Ես սիրում եմ հիմա իմ մենությունը»:

    ОтветитьУдалить

Blogger Widgets