ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.10.2013

ԽՈՍՐՈՎ ՄԵԾ*


Պարսկաստանում Սասանի որդի Արտաշիրը դավադրությամբ սպանում է պարթևների թագավոր Արտավանին և վերջ դնում պարթև Արշակունիների թագավորությանը։ Հայոց Արշակունի թագավորները, որոնք պարթև Արշակունիների տոհմակիցներն ու ազգականներն էին, չէին կարող անտարբերությամբ նայել կատարվող իրադարձություններին։ 
Երբ Արտավանի սպանության գույժը հասնում է Հայաստան, հայոց Արշակունի Խոսրով թագավորին, վերջինս մեծ ցավով է ընդունում այդ լուրը և նախապատրաստվում պատերազմի։ Խոսրովը նախ օգնություն է խնդրում Հռոմի Փիլիպոս կայսրից, ապա հավաքում աղվանից ու վրաց զորքերը, բացում Ալանաց1 ու Ճորա պահակի դռները հոների առաջ, հնարավորություն տալով այդ ռազմի ցեղերին՝ ասպատակելու և սփռվելու Պարսից աշխարհով մեկ։ Իսկ ինքը՝ Խոսրովը, հսկա զորքով արշավում է Ասորեստանի կողմերը, հասնում մինչև Տիզբոն, ավարում Պարսից աշխարհը, ավերում շեն քաղաքներն ու բարեկարգ ավանները, ջնջում, քանդում, հիմնահատակ անում ու վերացնում պարսից տերությունն ու կարգերը։ 
Խոսրովը ամեն կերպ ուզում էր վրեժ լուծել Արտաշիրից իր տոհմակից Արշակունիների իշխանությունը խլելու և Արտավանի արյան համար։ Խոսրովը պատգամավորներ է ուղարկում պարթևական տոհմերին ու նախարարներին՝ ի մի հավաքվելու, իրեն զորավիգ կանգնելու և Արտաշիրի դեմ կռվելու համար։ Սակայն պարթև ազնվականների մեծ մասը հնազանդվել էր Արտաշիրին և չէր ուզում Խոսրովի հետ միաբանվել։ 
Այն ժամանակ Խոսրովը հայոց զորքերով և իրեն օգնության եկած կովկասյան ցեղերի զորքի հսկա բազմությամբ ճակատամարտի է ելնում պարսից զորքի դեմ։ Արտաշիրը չի դիմանում Խոսրովի զորքերի ճնշմանը և փախուստի է դիմում։ Խոսրովը հետապնդելով պարսիկներին՝ դաժանաբար կոտորում է նրանց ամբողջ զորքը, դաշտերն ու ճանապարհներն ամբողջապես ծածկում դիակներով։ 
Խոսրովը կատարյալ հաղթանակ է տանում, բազում ավարով և մեծ ցնծությամբ վերադառնում է Հայոց աշխարհ՝ Վաղարշապատ քաղաքը։ 
Ի պատիվ իր տարած մեծ հաղթանակի, Խոսրովը հրամայում է բոլոր կողմերի հայությանը՝ ուխտի գնալ յոթ մեհյանների բագիններին, Արշակունի տոհմի հայրենական պաշտամունքի վայրերը մեծարել մեծ նվիրատվություններով։ Բոլոր բագիններին նվիրաբերում են բազմաթիվ սպիտակ ցուլեր ու նոխազներ, սպիտակ ձիեր ու ջորիներ, ոսկյա և արծաթյա զարդեր, փողփողուն ծոպերով մետաքսե շքեղ զգեստներ, ոսկյա պսակներ ու արծաթյա գոհարաններ, թանկարժեք քարերով լեցուն գեղեցիկ ամաններ, ոսկի ու արծաթ, ընտիր զարդեր ու հանդերձանք։ 
Բերած ավարի մեկ հինգերորդը Խոսրովը բաժին է հանում քրմերին, նրանց տալով նաև մեծ պարգևներ, իսկ իր հետ եղած զորքին բազում ընծաներ է տալիս և արձակում։ 
Խոսրովը հաջորդ տարին ավելի մեծ զորք է հավաքում, նրան օգնության է գալիս նաև արաբական զորքը, արշավում և ասպատակում է Ասորեստանի կողմերը և մեծ ավարով ու հաղթությամբ վերադառնում։ 
Այդպես, տասնմեկ տարի շարունակ Խոսրովը արշավում, ավարի է ենթարկում ու ավերում բոլոր այն երկրները, որոնք գտնվում էին պարսից թագավորի իշխանության տակ։
-----------------------------
* Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի է Մ. Խորենացու «Հայոց պատմություն» գրքերի։
1 Ալանաց դռները Դարիալի կիրճն է Կովկասյան լեռներում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets