ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.10.2013

ԱՐՏԱՇԵՍ ԵՎ ՍԱԹԵՆԻԿ


Այս նույն ժամանակներում ալանները1 կովկասյան բոլոր լեռնականների հետ միաբանվելով և Վրաց աշխարհի կեսը գրավելով, մեծ բազմությամբ գալիս տարածվում են Հայոց աշխարհով մեկ։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանաբաժանը։ 
Հայոց և ալանների զորքերի ընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում։ Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա, միաժամանակ առաջարկում երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանների կտրիճները այլևս չեն ասպատակի Հայոց աշխարհը։ Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին. 
Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես, 
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց, 
Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝ 
Տուր պատանուն, 
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները 
Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից 
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն, 
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն2
Արտաշեսը լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ կույսին, սրտանց ցանկանում է նրան կին առնել։ Իսկույն կանչում է իր դայակ Սմբատին, նրան հայտնում իր սրտի փափագը։ Միաժամանակ նա Սմբատին հայտնում է, որ կին առնելով ալաննեըի արքայադստերը, ինքը դաշինք և ուխտ կկնքի երկու քաջ ազգերի միջև և պատանուն խաղաղությամբ կվերադարձնի։ 
Սմբատը հավանություն է տալիս Արտաշեսի առաջարկին, անմիջապես մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, առաջարկում ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ Արտաշեսին։ 
Ալանների թագավորն ասում է. 
Եվ որտեղի՞ց պիտի տա քաջ Արտաշեսը 
Հազար հազարներ ու բյուր3 բյուրեր 
Ալանների քաջազգի կույս օրիորդի փոխարեն4։ 
Երբ Արտաշեսին հայտնում են Սաթենիկին կնության առնելու այս թանկ պայմանները, այնժամ Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկը (ձին), 
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը, 
Եվ որպես սրաթև, արծիվ անցկացավ գետը, 
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը, 
Գցեց մեջքը ալանաց օրիորդի, 
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի, 
Արագ հասցնելով բանակը իր5։ 
Արտաշեսը բռնությամբ առևանգելով գեղեցիկ Սաթենիկին, բերում է Արտաշատ, մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում, հետը ամուսնանում։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում ամուսնական առագաստը՝ մարգարիտներ են գլխին թափում։ Եվ այնքան վսեմ ու շքեղ էր այս տեսարանը, որ գուսանները երգել են այն հետևյալ ձևով. 
Ոսկի անձրև էր տեղում 
Արտաշեսի փեսայության պահին,
Մարգարիտ էր տեղում 
Սաթենիկի հարսնության պահին6։ 
Արտաշեսը Սաթենիկին դարձնում է իր կանանց մեջ առաջինը։ Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ շատ զավակներ։
---------------------------
1 Կովկասյան լեռներում բնակվող իրանական ռազմատենչ ցեղեր, այժմյան օսերի նախնիները։
Ստորև դրվում է այս վիպական հատվածի հին հայերեն բնագիրը.
Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս, 
Որ յաղթեցիր քաջ ազգին Ալանաց՝ 
Տալ զպատանիդ. 
Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝ 
Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն, 
Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել, 
Եւ թշնամութիւն յաւիտենական 
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։
3 Բյուրը պարսկերեն բառ է, հայերենում փոխառված, և նշանակում է տասը հազար։
4 Խոսքն այստեղ վարձանքով կամ գլխագնով կին առնելու հին սովորությանն է վերաբերում, երբ հարսնացուի համար փեսացուն պարտավոր էր վճարել մեծ գումար, ունեցվածք կամ անասուններ, որ կոչվում էր «վարձանք» կամ «գլխագին»։ Այղ սովորույթը այժմ էլ հարատևում է որոշ հետամնաց ժողովուրդների կենցաղում։
5 Ստորև դրվում է հիշյալ հատվածի բնագիրը.
Եւ ուստի տացէ քաջն Արտաշէս 
Հազարս ի հազարաց և բիւրս ի բիւրուց 
Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս Ալանաց։
Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Ստորև դրվում է հին հայերեն բնագիրը. 
Տեղ ոսկի տեղայր 
Ի փեսայութեանն Արտաշիսի, 
Տեղայր մարգարիտ 
Ի հարսնութեան Սաթինկանն։



Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets