ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.10.2013

ԱՐԱՄ*

Արամը Գեղամի թոռն էր, Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։ 
Արամը նեղվելով շրջակա ազգերի ու ցեդերի ասպատակություններից, իր ընտանի քաջ և աղեղնավոր մարդկանցից հավաքում է շուրջ 50 հազար հոգի, որոնք բոլորն էլ վարժ նիզակավորներ էին, հմուտ նետաձիգներ, ուժեղ և անվեհեր երիտասարդ մարտիկներ։ Հայաստանի սահմանների մերձակայքում Արամը հանդիպում է մեդացի (մարացի)1 երիտասարդ զինվորների մի զորախմբի, որի առաջնորդն ու հրամանատարն էր ոմն Նյուքար Մադես, մի հպարտ ու ռազմասեր մարդ։ Նյուքար Մադեսն արդեն մի քանի անգամ արշավել ու ասպատակել էր Հայոց աշխարհը և իր ձիերի սմբակներով ոտնակոխ արել երկրի բոլոր սահմանները և երկու տարի Հայաստանը ենթարկել իրեն։ 
Արամը հանկարծակիի է բերում թշնամուն։ Արևածագից առաջ Արամն իր զորքով անսպասելի հարձակում է գործում մեդական զորքի վրա, գլխովին ջախջախում, իսկ նրա առաջնորդին՝ Նյուքար Մադեսին, գերում և ձերբակալելով բերում Արմավիր։ Այստեղ Արամի հրամանով Նյուքար Մադեսին հանում են քաղաքի աշտարակի ծայրը, երկաթե ցից մեխելով ճակատի մեջ, գամում են պատին՝ ի ցույց բոլոր անցորդներին ու քաղաք եկողներին։ Արամը Նյուքար Մադեսի աշխարհը՝ Մարաստանը, մինչև Զարասպ լեռը իրեն է ենթարկում, դարձնում հարկատու։ 
Հարևան Ասորեստանում գահ է բարձրանում Նինոսը, որին երկար տարիներ հանգիստ չէր տալիս իր նախնի Բելի սպանության հիշատակը։ Նա վրեժխնդրության դավեր էր որոճում՝ քաջ Հայկի սերունդներին արմատից ոչնչացնելու և սպասում էր հարմար ժամանակի։ 
Նինոսը տեսնելով Արամի քաջություններն ու հադթանակները, առերևույթ բարեկամ է ձևանում, հրամայում է նրան աներկյուղ վարել իր իշխանությունը, անգամ նրան մարգարտե վարսակալ կրելու իրավունք է տալիս և իր երկրորդը համարվելու պատվավոր կոչում։ 
Արամը արևելքում իր երկրի սահմանները ապահովելուց ու ամրացնելուց հետո նույն զորքով իջնում է հարավ՝ Ասորեստանի կողմերը։ Այստեղ Բարշամ2 անունով մեկը՝ ծագումով հսկաների ցեղից, իր քառասուն հազար հետևակներով և հինգ հազար հեծյալներով պարբերական ասպատակություններով և ծանր հարկերով ամայացրել էր շրջակա երկրները։ 
Արամը ընդհարվելով Բարշամի զորքին, հալածում է նրան Կորդուքի միջով մինչև Ասորեստանի դաշտը, շատերին կոտորում է, այդ թվում նաև Բարշամին։ Ասորեստանի դաշտերի բնակչության մեծ մասին Արամը երկար ժամանակ իրեն դարձնում է հարկատու։ Իսկ Բարշամին, իր քաջարի արարքների համար ասորիները աստվածացնում են և պաշտում երկար ժամանակ։ 
Արամը Հայաստանի հարավային՝ Ասորեստանի կողմի սահմանների տնօրինությունը հանձնում է Կադմոսի տան հաջորդներին, իսկ արևելյան սահմաններինը՝ Սիսակյաններին, իսկ ինքը իր զորքի վրա ավելացնելով ևս քառասուն հազար հետևակ և երկու հազար հեծյալ, շարժվում է դեպի արևմուտք՝ Կապադովկիական Կեսարիա։ Այստեղ նրա դեմ կռվով դուրս է գալիս Պայապիս Քաղյա Տիտանյանը3, որը բռնությամբ գրավել էր Պոնտոսի (Սև ծով) և Օվկիանոսի (Միջերկրական ծով) միջև ընկած տարածությունը։ Արամը ընդհարվելով նրա հետ, հալածում, փախցնում է Միջերկրական ծովի կղզիներից մեկը։ 
Արամը Կապադովկիական Կեսարիան պահպանելու համար այնտեղ տիրակալ է կարգում իր ցեղակիցներից մեկին՝ Մշակին, նրան թողնում 10 հազար զինվոր, ինքը վերադառնում է Հայաստան։ Մինչև այդ Արամը հրաման է տալիս Կեսարիայի բնակիչներին՝ սովորել և խոսել հայերեն։ Այդ պատճառով էլ հույներն այդ երկրամասը անվանում են Պռոտին Արմենիան, այսինքն՝ Առաջին Հայք։ Իսկ այն դաստակերտը, որ իր անունով շինում է Արամի կարգած կողմնապետ Մշակը, տեղացիները աղավաղված ձևով կոչում են Մաժաք. այն հետագայում նոր շինություններով ընդարձակվելով այլոց կողմից՝ կոչվում է Կեսարիա։ 
Արամն իր կատարած աշխարհաշեն գործերով դառնում է այնքան անվանի, որ նրա անունով են մինչև այժմ մեր երկիրն ու ազգը կոչում շրջակա ժողովուրդները, հույները՝ Արմեն, պարսիկներն ու ասորիները՝ Արմենիկ։ Արամը երկար տարիներ ապրելուց հետո ժառանգ է թողնում իր գեղեցիկ որդուն՝ Արային։

--------------------------
* Շարադրված է ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»։
1 Մեդիա, Միդիա կամ Մարաստան — Հին Արևելքի հզոր պետություններից մեկը, գտնվում էր Վանա ծովից հարավ-արևելք, Զագրոշի լեոների և Կասպից ծովի հարավ-արևմտյան ափերին, գոյատևել է մ. թ. ա. 7—5-րդ դարերում։
2 Բարշամ, բուն անվանաձևը՝ Բաալշամեմ-արևմտյան սեմական ժողովուրդների երկնքի և արևի աստվածությունը, որի պաշտամունքը տարածված է եղել Ասորիքում անգամ մինչև մ. թ. 5-րդ դարը։ Բարշամը (նաև Բարշամին, Բարշիմնիա) պաշտվել է նաև հայերի մեջ։ Տիգրան 2-րդը նրա փղոսկրյա արձանը Միջագետքից բերել և տեղադրել է Երզնկայի մոտ գտնվող Թորդան ավանի տաճարում։ 
3 Պայապիս Քաղյա (հունարեն՝ Պապայոս Խիմայրագենես– Պապայոս այծածին, քաղ հին հայերենում նշանակում է այծ) հունական առասպելաբանության մեջ Զևսի դեմ կռվող գիգանտների գլխավոր Տիփոնի (հրաբխային լեռների և կործանող փոթորիկների խորհրդանիշը)՝ որդի Քիմայրան է, այծակերպ մի հրեշ, որի երախից կրակ է դուրս ժայթքում։ Հետևաբար՝ Արամի կռիվը Պայապիս Քաղյայի դեմ նման է Զևսի կռվին Տիփոնի դեմ, որին Զևսը դնում է Միջերկրական ծովի Ինարիմ (Էնարիա) հրաբխային կղզու տակ։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets