ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.10.2013

ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ


ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ (1961 – 1990)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ

Գորգիսյանների տոհմական բնօրրանը եղել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Սղերդ քաղաքը, որտեղ ծնվել է Մովսեսի պապը` Սամի Չաուշը: 1915թ. Մեծ եղեռնի օրերին նա դարձավ պայքարի մարտիկ. հայրենի բնակավայրի ինքնապաշտպանության կազմակերպիչներից էր, բազում վճռորոշ մարտերի, հետագայում` Սարդարապատի ճակատամարտի մասնակից: Պատմում են, որ թուրք եղեռնագործների ձեռքից մոտ հարյուր աղջիկ է ազատել, որոնցից վերջինին` Վերոնիկային, վիճակված էր դառնալ նրա կինը` Մովսեսի տատը:


Գաղթի ճանապարհները Մովսեսի նախնիներին տարել են Եգիպտոս: Կահիրեում մի սրճարան կար` «Ընկեր Սամուելի սրճարանը», որը դարձել էր հավաքատեղի, ուր ամեն երեկո 
աշխատանքից հետո հավաքվում էին հայերը: Փոքր տարիքից Սամվելը ՀՅԴ շարքերում էր և ուխտել էր ծառայել հայությանն ու Հայաստանի ազատագրման արդար դատին:
Եղեռնի տարիներին պատմական Կիլիկիայից Մերձավոր Արևելք է տարագրվում նաև Մովսեսի մոր` Աթթարյանների տոհմը: Երկրորդ աշխարհամարտից հետո` 1947թ.-ին հարյուր հազարավոր հայրենակարոտ հայերի հետ Մովսեսի ծնողները` Գևորգը` Կահիրեից և Ալիսը`Հալեպից, առաջին իսկ քարավանով հայրենադարձվեցին: Սակայն խորհրդային իշխանությունների որոշումով նրանք դասվեցին հասարակության համար անցանկալի տարրերի շարքում և բռնագաղթվեցին Ալթայի երկրամաս: Այնտեղ էլ հանդիպեցին Մովսեսի ծնողները, ամուսնացան, ունեցան զավակներ` Սամվելին և Արաքսին: Ստալինի մահից հետո
Գորգիսյանների ընտանիքին թույլատրվեց վերադառնալ հայրենիք, հաստատվել Երևանում, որտեղ էլ 1961թ. դեկտեմբերի 3-ին ծնվեց ընտանիքի կրտսերը` Մովսեսը: 
Մովսեսը երեք տարեկան էր, երբ աքսորավայրում ձեռք բերած բազմաթիվ հիվանդություններից մահացավ հայրը: Երեք փոքր երեխաների հոգսերով ծանրաբեռնված մայրը` Ալիսը, ստիպված էր զօրուգիշեր աշխատել: Մնալով անհայր և կյանքի դառնությունները ցմրուր ճաշակելով` Մովսեսը վաղ հասունացավ. նա իր բացառիկ ունակություններով առանձնանում էր հասակակիցներից: Նա դաստիարակվել է մի ընտանիքում, ուր պաշտամունք էին ազգային-ազատագրական շարժման նվիրյալները, և Սամի Չաուշը վերածնվեց թոռան մեջ ազգային հողի վրա անզիջող-հանդունգն բնավորությամբ:
Դեռ փոքր հասակից գերզգայուն էր, ընկալունակ, անչափ հետաքրքրասեր խառնվածքով, ամեն բան ձգտում էր ըմբռնել, իմաստավորել մինչև վերջին մանրուքը: Աչքի էր ընկնում սկզբունքայնությամբ. մինչև վերջ պնդում էր իր տեսակետը և ապացուցում իրավացիությունը: Ոչ ոքի չէր վիրավորում, բայց գիտեր ընդդիմախոսել, հատկապես ազգային հարցերի շուրջ:
Հարևան Նաջարյանների տանը հաճախ էին հավաքվում Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ-ի) անդամները: Մովսեսը դպրոցական երեխա էր և հաճախ ներկա էր լինում այդ հավաքներին, ակնապիշ լսում զրույցները: Այստեղ նա ծանոթացավ դարասկզբի ազգային- ազատագրական պայքարի պատմությանը, ֆիդայինների սխրագործություններին: Հետո ծանոթացավ Աշոտ Նավասարդյանի հետ, ով Մովսեսի նվիրվածությունը ստուգելու համար մի քանի հանձնարարություն էր տվել ու ապշել նրա հավատարմությունից:
Մովսեսը նպատակասլացություն, վճռականություն սովորեց Հայոց ազգային-ազատագրական պայքարի մեծերից, ավագ սերնդի զինակից ընկերներից ու սերնդակիցներից, ձեռք բերեց հաղթանակ կռելու հաստատակամություն:
* * *
Գորգիսյանի դերասանական տաղանդն ի հայտ եկավ մանկուց և կանխորոշեց նրա ստեղծագործական կյանքի հետագա ընթացքը: Պատանեկության տարիներին Մովսեսը շրջանային մշակույթի տանը գործող ասմունքի և թատերական խմբակների աչքի ընկնող անդամներից էր, խաղում էր բեմադրություններում ու ասմունքում էր:
1980թ-ին ընդունվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը: Նրան խոստումնալից ապագա էր սպասվում:
Ուսանողական տարիների նրա փայլուն նկարագիրը փաստում էր, որ մուտք է գործում արվեստի բնագավառ որպես հասուն երիտասարդ: Պատահական չէր, որ անվանի ռեժիսոր Արման Մանարյանն ու Հենրիկ Մարգարյանը «Ոսկի և հող» գեղարվեստական ֆիլմը  սցենարի հեղինակ`Շահեն Թաթիկյան) նկարահանելիս գլխավոր դերը վստահեցին Մովսեսին, որը նա կատարեց փայլուն` իրեն հատուկ ընդգծվածությամբ և, ավաղ, սեփական ճակատագրի բնութագրումով. Սանթուրը ռազմաճակատ մեկնեց հայրենիքը պաշտպանելու և չվերադարձավ:
Այդպես էլ ինքը` Մովսես Գորգիսյանը:
Ամուսնացավ իր համակուրսեցու` Ռուզանի հետ, ով դարձավ Մովսեսի ամենահավատարիմ ընկերն ու գաղափարակիցը: 1982թ-ին ծնվեց նրանց դուստրը` Գոհարը:
Նրանք այն հազվադեպ երիտասարդներից էին, որ թողած մայրաքաղաքի աշխատանքը և ստեղծագործական նշանակալի հնարավորությունները, վճռեցին գնալ Հայաստանի հեռավոր շրջան` Գորիս: Տեղի դրամատիկական թատրոնում Մովսեսը խաղաց Շեքսպիրի «Սխալների կոմեդիա», Լև Կորսունսկու «Ինքնակոչը», Արամ-Աշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» ներկայացումներում: Մովսեսն օժտված էր բարդ, հակասական ներաշխարհով, մի կողմից` արվեստագետի զգացմունքային հոգին, մյուս կողմից կորովի, անկոտրում կամք, վճռականություն, սառը, բյուրեղյա դատողություն:
* * *
1966 թվականին միակուսակցական խորհրդային կայսրության սահմաններում, Ազգային միացյալ կուսակցության հիմնաքարն էին դնում այն երիտասարդները, ովքեր փորձում էին գերակա դարձնել Հայրենիքի անկախության գաղափարը: 
1979թ. փետրվարի 18-ին Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ նա որդեգրվեց Հայաստանի պետականության վերականգնման, Հայ դատի արդարացի լուծման պայքարին ու դարձավ ԱՄԿ երդվյալ անդամ...
Խորհրդային պետությունում ազատության ցանկացած դրսևորում հետապնդվում էր և Հայաստանի անկախության ու Հայկական հարցի արդարացի լուծման ջանքերն արժանանում էին հալածանքների. ԱՄԿ-ի գաղափարակից ավագ ընկերները ձերբակալված էին և իրենց պատիժն էին կրում խորհրդային ճամբարներում:
1987թ., երբ դեռ պարզ չէր, թե գորբաչովյան քաղաքականությունը դեպի ուր կտանի, ԱՄԿ-ի հենքի վրա, ստեղծվեց Ազգային Ինքնորոշում Միավորումը, որի հիմնադիրներն էին Պարույր Հայրիկյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Մովսես Գորգիսյանը,Մեխակ Գաբրիելյանը և Սուսաննա Ավագյանը: Նրանք ընդհատակյա պայքարը տեղափոխեցին ժողովրդավարության դաշտ` ազգային գործունեություն ծավալելու:
Սկսվում է Գորգիսյանի գործունեության նոր փուլ: Որպես առաջին քայլ, ստեղծվեց քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե: Մովսեսը պայքարում էր քաղբանտարկյալների ազատության, մարդու և ազգերի իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության սկզբունքների հաստատման համար:
Անկախության գաղափարը տարածելու և ժողովրդի սեփականությունը դարձնելու նպատակով ստեղծվեց «Անկախություն» շաբաթաթերթը, որը դարձավ հայ ազատ մամուլի առաջնեկը:
Որոշ ժամանակ անց Մովսեսը սկսեց ռուսերենից թարգմանաբար հրատարակել «Գլաստնոստ» («Հրապարակայնություն») պարբերականը: Այն ժամանակի համար անաչառ տեղեկություններ տվող մամուլ էր, որի սպառումը օրըստօրե մեծանում էր: 
Երբ 1988-ին սկսվեց ազգային ազատագրական պայքարի նոր փուլը` Ղարաբաղյան շարժումը, շատերն անգամ չէին մտածում անկախ պետականության վերականգնման մասին:
Մովսեսն իր ներքին ուժով, խոսքի վարպետությամբ, բացատրելու, համոզելու ունակությամբ, զորեղ տրամաբանությամբ ու խորաթափանցությամբ կարողացավ բոլշևիզմի սերմանած վախն ու բարդույթը արմատախիլ անել ժողովրդի միջից: Իր համարձակությունն ու գաղափարի նվիրումը խթանում էր ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը:
«Մենք պայքարում ենք ինքնորոշման ճանապարհով վերականգնելու մեր ազգի կորուստներից ամենասրբագույնը` ազատությունը»: Այդպես էր ասում և ապրում Մովսեսը: Թեև երեք տարվա ընթացքում վեց անգամ ձերբակալվեց, այնուհանդերձ մնաց անընկճելի:
1988թ-ի մայիսի 28-ին, Խորհրդային Հայաստանում, առաջին անգամ ծածանվեց մեր անկախության խորհրդանիշ Եռագույնը: Մովսեսը սկսեց հրատարակել հայ ազատամարտին նվիրված գրքույկներ, իսկ երբ ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, ի պաշտպանություն նրանց, տպագրեց երկլեզու «Մեղադրվում են» ժողովածուն: Նա այցելում էր ձերբակալվածների ընտանիքներին, սատարում նրանց: Կազմակերպում և մասնակցում էր արտոնված և չարտոնված հանրահավաքներին, ցույցերին, հռետորական ձիրքի լավագույն դրսևորումները նրա ելույթներն էին: Հանդիպումներ էր ունենում Հանրապետության, Միության և միջազգային տարբեր կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների, թղթակիցների, մտավորականների ու քաղաքական գործիչների հետ: Քաղաքական վայրիվերումների մեջ տարուբերվող խմբավորումներն ու հոսանքները համախմբող, շաղկապող օղակ էր և զորավիգ էր լինում այլ հասարակական կազմակերպություններին:
Իր գործունեության առաջին իսկ օրվանից Մովսես Գորգիսյանը որդեգրել էր մի սկզբունք. թույլ չտալ, որ Հայաստանի անկախության ճանապարհին ազատագրական պայքարը շեղվի ու վերածվի որևէ կուսակցության ու գաղափարի հակադրության, այլ մնա ի շահ հայ ժողովրդի նվիրական երազանքի ու արդար պահանջատիրության, ի շահ մարդասիրության ու պայքարի: 
Մովսեսն ապահովում էր հայաստանյան տեղեկատվությունը արտասահմանում, տալիս համարձակ հարցազրույցներ: 
Երկրաշարժի առաջին իսկ օրը իր բողոք-հացադուլով մեկուսարանում պահանջեց անհապաղ իրեն ազատ արձակել և հնարավորություն ընձեռել ազգի համար ողբերգական այդ պահին իր ժողովրդի կողքին լինելու, նրա ցավը կիսելու և օգնելու տուժածներին:
Նրա միտքը տեսնում էր, որ ազգընտիր խորհրդարանը կարող է լուրջ քաղաքական ուժ հանդիսանալ հայ ժողովրդի համար: Սակայն, ցավոք, դրա գաղափարախոսը չտեսավ այն:
«Ղարաբաղ» պահանջող ժողովրդին բացատրում էր, որ միայն անկախ, ազատ և հզոր Հայաստանը կարող է օգնել Արցախին:
* * *
1988-ի փետրվարին Ադրբեջանում սումգայիթյան ոճրագործությունը ապացուցեց, որ անհրաժեշտ է ոչ թե հույսը դնել խորհրդային բանակի վրա, այլ ունենալ սեփական զինվորական կազմավորումներ: Պետք էր զինվել և պատրաստ լինել հարևան պետությունների ոտնձգություններից պաշտպանվելու:
«Ինքնապաշտպանությունը ազգի սրբազան իրավունքն է»,- ասում էր Մովսեսը: Նա գտնում էր, որ նախ և առաջ անհրաժեշտ է հայ տղամարդկանց հավաքագրել, վարժեցնել զենքին, զորավարժություններ կազմակերպել, այդուհետ ամրագրել Հայոց Ազգային բանակի սկզբնավորումը: Բայց դեպքերն այնպես արագ ընթացան, որ բանակումի ժամանակ չկար, սահմաններում կրակոցներ սկսվեցին ու անհրաժեշտություն եղավ ստեղծել կամավորական ջոկատներ:
Մովսեսը դարձավ «Հայոց ազգային բանակ» և «Անկախության բանակ» ջոկատների հիմնադիրը: Հուշեց գաղափարն ու օգնեց գաղափարական ու կազմակերպչական, ինչպես նաև սպառազինության և հանդերձանք հայթայթելու հարցերում:
Անզեն հայությանը նախ զինեցին ոգով և հետո նաև զենքով: 1990թ. հունվարի 18-ին լուր ստացվեց, որ իրավիճակը կտրուկ սրվել է Արարատի շրջանի Նախիջևանի սահմանամերձ գոտում: Ադրբեջանական զինյալները շրջակա բարձունքից անընդմեջ գնդակոծում էին հայկական բնակավայրերը: Խաղաղ բնակչության մեջ կային զոհեր ու վիրավորներ: Օրըստօրե ահագնացող սպառնալիքը չեզոքացնելու համար ինքնապաշտպանական ջոկատները աճապարում էին դեպի Երասխավան:
Մովսեսն այդ օրը հիվանդ էր` ջերմություն ուներ: Գործերը շատ էին, սակայն ոչ կազդուրվելու, ոչ սնվելու, ոչ էլ քնելու ժամանակ չկար. Երասխավանի կռիվը «Անկախության բանակի» առաջին մարտն էր, այն էլ` խորհրդային բանակի դեմ:
Պարտքը կանչեց, և Մովսեսը, որ հազար ասելիք ու անելիք ուներ իր ժողովրդին, հավերժ 28- ամյա գաղափարական մարտիկը, զենք վերցրեց, որ սերունդներին սրբագործված հանձներ իր
պատգամը: Մեկնեց ի մարտ, ի հաղթություն... 
Գիտակցելով, թե հայ-ադրբեջական սադրանքների թիկունքում ովքեր են կանգնած և ինչ նպատակ են հետապնդում, 1990թ.-ի հունվարի 19-ին Երասխավանի բլրի վրա լսվեց Մովսեսի վերջին խոսքը. «Չե՞ք տեսնում, սա խաղ է` թատրոն»: Դեմքով դեպի բարձր սարը, ուր տեղակայված էր թշնամին, որին աջակցում էին խորհրդային ստորաբաժանումները, նա քայլում էր զայրացած ու ձեռքերով ինչ-որ բաներ ասում: Ավարտվել էր սադրանքը և ետ վերադառնալ էր պետք: Վերադարձի ճանապարհին դավադիր գնդակը գտավ նրան:
Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսը հուղարկավորվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի անմար կրակի հարևանությամբ: Մովսես Գորգիսյանը հայ ժողովրդին առաջնորդեց դեպի ազատ, անկախ Հայաստան` միացյալ Հայաստանի երազանքը ժառանգելով եկող սերունդներին:
1996թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` ՀՀ պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար «Անկախության բանակ» ջոկատի հրամանատար, ազգային գործիչ
Մովսես Գորգիսյանին հետմահու շնորհվեց Հայաստանի Հանրապետության «Ազգային Հերոս» բարձրագույն կոչումը:
Աննկուն կամքի ու բարոյական սկզբունքների շնորհիվ Գորգիսյանը դարձավ առաջնորդ:
Աստված, Ազգ, Հայրենիք` ահա Մովսեսի հավատամքը: Մարդ, ով իր ապրած կարճ կյանքով կրթեց հազարավոր մարդկանց և հայեցի ապրելու ու գործելու ուղենիշ դարձավ սերունդների համար:
Մովսես Գորգիսյանը հայ ժողովրդի ազատատենչ ոգու խտացված և հավաքական մարմնացումն է ու հայոց նորագույն պատմությունը կերտողներից:

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets